![](https://armlur.am/wp-content/uploads/2016/04/C21287BD-0CEB-4547-99F3-4A862A263B3E_cx0_cy15_cw0_mw1024_s_n_r11.jpg)
Գերմանիան մեծապես կարևորում է Մինսկի խմբի դերակատարությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»ը, այս մասին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից հետո լրագրողների ներկայությամբ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը:
«Այսօր մենք քննարկել ենք իրադրությունը Լեռնային Ղարաբաղում: Նախագահ Սերժ Սարգսյանն արտահայտել է իր դիրքորոշումն այս հարցում: Պետք է նշեմ, որ Մինսկի խումբը կարևոր դեր ունի հակամարտության կարգավորման գործում: Մենք փորձում ենք ինչպես Մինսկի խմբի, այնպես էլ ԵԱՀԿի հետ աշխատել իրադրության կայունացման և հրադադարի պահպանման հարցով: Կցանկանայինք, որ երկու կողմերն էլ շարունակեն բանակցել խնդրի կարգավորման նպատակով: Մինչ
օրս փոքր առաջընթաց է գրանցվել: Իհարկե, հակամարտությունների կարգավորումը բխում է բոլորի շահերից: Հատկապես այնպիսի երկրի համար, ինչպիսին է Հայաստանը` հաշվի առնելով նրա աշխարհագրական դիրքը: Եթե իրադրությունը հանդարտվի, ամեն բան կարող է բարելավվել Հայաստանի համար»,-նշել է կանցլերը:
Գերմանիայի ղեկավարը հայտնել է, որ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ նա ՀՀ Նախագահին ասել է, որ ՀայաստանԵՄ հարաբերությունները պետք է բարելավվեն: «Կողմերի միջև ամուր հարաբերություններ ունենալը լավ գաղափար է: Իհարկե, մենք շատ հետաքրքրված ենք Հայաստանում ընթացող քաղաքական բարեփոխումների հարցով: Դա շատ կարևոր է քաղաքականության թափանցիկության հարցում, դա քայլ է ճիշտ ուղղությամբ»,ասել է Մերկելը:
Կանցլերը տեղեկացրել է նաև, որ հանդիպմանը քննարկվել է հայթուրքական հարաբերությունների հարցը և մասնավորապես երկու երկրների միջև շփումներն ակտիվացնելու հնարավորությունը: «Մենք ցանկանում ենք Հայաստանի համար ուժեղ գործընկեր լինել` հնարավորինս աջակցելով նրան»,եզրափակել է Գերմանիայի առաջնորդը: