Ադրբեջանի գլխավոր ընդդիմադիր Ժողովրդական ճակատ կուսակցության առաջնորդ Ալի Քերիմլին հանդես է եկել ղարաբաղյան ճակատում վերջին օրերին ադրբեջանական բանակի ձախողված ռազմական գործողությունների հետ կապված երկրի քաղաքական և ռազմական ղեկավարությանն ուղղված քննադատական հայտարարությամբ:
Ինչպես հաղորդում է Artsakhpress-ը՝ հզում կատարելով azadliq.info լրատվական կայքին, Քերիմլին Facebook-ի իր էջում հիշեցրել է Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության կողմից Արցախը «վերագրավելու» մասին ամեն օր հորջորջվող «Պետք լինի, Ղարաբաղը կվերցնենք» արտահայտությունը, և հարց տվել նրանց. «Բա ինչու՞ չկարողացաք վերցնել»:
«Եթե խոսում եք բանակի բարձր պատրաստվածության, անկախ կրոնական, էթնիկ տարբերություններից հասարակության միասնականության, աշխարհի, հարևանների, հատկապես` Թուրքիայի բարձր մակարդակի աջակցության, հակառակորդի դժվար վիճակում և խուճապի մեջ լինելու մասին, ապա ինչու՞ չկարողացաք կատարել ձեր «պետք լինին»: Խնդրում եմ, այլևս «Պետք լինի…» տեսակի արտահայտություններ մի արեք, դա լուրջ չի ընդունվելու», – Ադրբեջանի քաղաքական և ռազմական ղեկավարությանն ուղղված ուղերձում նշել է Ալի Քերիմլին:
Ապրիլի 1-5-ին ԼՂՀ դեմ ռազմական սադրանքին հայկական կողմի ջախջախիչ հակահարվածի արդյունքում Ադրբեջանը կորցրել է 2 ուղղաթիռ, 24 տանկ, 3 հետևակի մարտական մեքենա, 1 ինժեներական տեխնիկա, 7 անօդաչու սարք, 1ՄՄ 21 ռեակտիվ հրետանու մարտական մեքենա: Մարտական գործողութունների ընթացքում ադրբեջանական զինուժը տվել է ավելի քան 300 կորուստ, մոտ 2000 վիրավոր: