Ադրբեջանական կողմը ապրիլի 6-ին շարունակել է հրաձգային զենքից կրակել Լեռնային Ղարաբաղի սահմանի ողջ երկայնքով: Այս մասին այսօր Ստեփանակերտում հայտարարեց ՊԲ օպերատիվ բաժնի պետ, գնդապետ Վիկտոր Առուստամյանը:
«Հյուսիսային կողմում տանկից ոչնչացվել է սանիտարական մեքենան, որը շարժվում էր՝ սպանվածներին դուրս բերելու համար: Ապրիլի 6-ի առավոտյան հյուսիսային կողմում առանձին խմբեր, շուրջ 15 հոգանոց, մի քանի անգամ փորձ են արել հատել սահմանը և գրավել դիրքը: Հակառակորդի փորձերը անհաջողության են մատնվել»,-մանրամասնեց նա:
Նա նշեց, որ սպրիլի 1-ից 6-ն ընկած ժամանակահատվածում հայկական կողմն ունեցել է հետևյալ կորուստները. «Մահացել են 32 հոգի, որոնցից 8-ը սպաներ, 24՝ շարքային, ժամկետային զինծառայողներ։ Վիրավորվել է 121 հոգի, որոնցից 24-ը սպաներ, 97-ը՝ շարքային, ժամկետային զինծառայողներ, անհետ կորել է 25 հոգի»: