Ժամանակը եկել է, որպեսզի միջազգային հանրությունը ճանաչի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը, իսկ բանակցություները պետք է ընթանան տարածքների և փախստականների վերաբերյալ, այլ ոչ թե անկախության: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»ը, նման կարծիք Ստեփանակերտում կայացած ասուլիսի ընթացքում հայտնել է Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը: «Միջազգային կազմակերպությունները միշտ հավասարություն են անցկացնում:
Արևմտյան պետությունները շատ լավ գիտեն, թե ով է խախտում հրադադարը»,-շեշտեց Մանուկյանը: Նրա գնահատմամբ՝ տարածաշրջան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցի ընթացքում պետք է քննարկվի մի քանի հարց: «Հարց մեկ՝ բոլորը պետք է վերադառնան իրենց դիրքերին: Արբանյակից շատ հստակ երևում են զորքերի կուտակումները, ես չեմ հասկանում ԱՄՆ-ի և Ռուսաստանի քաղաքականությունը, որոնք ունեն համապատասխան արբանյակային հետախուզական տվյալներ, սակայն չեն անում համապատասխան հայտարարություններ», ընդգծեց Վազգեն Մանուկյանը: Մանուկյանի կարծիքով՝ ամենայն հավանականությամբ նավթի գների անկումը և Ալիևի օֆշորային սկանդալները ևս պատճառ հանդիսացան, որ Ադրբեջանը վերսկսի ռազմական գործողությունները՝ իր ժողովրդին ներքին խնդիրներից շեղելու համար:
«Մինսկի խումբը միշտ պետք է արբանյակային հետախուզությունով մոնիթորինգ անցկացնի, որ դրանից հետո չասի, թե չի հասկանում՝ ինչ է տեղի ունենում», շեշտեց Վազգեն Մանուկյանը: