Ազգային ժողովի պատգամավոր Թևան Պողոսյանը ընտանիքի հետ միասին Արցախում է: ArmLur.am-ի հետ զրույցում նա նշեց, որ այժմ Մարտունիում է գտնվում:
«Քաղաքն իր աշխատանքով է զբաղված: Բոլորը դուխով են: Շատ միջազգային լրագրողներ մոտենում են, հարցնում են: Կա նաև սպասումների ինչ-որ վիճակ, որովհետև այսօր համանախագահներն են գալու: Շատերի սպասումներն այն իմաստով են, որ հանդիպեն, ասեն ուր էիք», – նշեց նա:
Անդրադառնալով կրակի դադարեցման մասին պայմանավորվածության պարագայում հրադադարի խախտումներին, Պողոսյանը ընդգծեց, որ Ադրբեջանի արարքներից չպետք է զարմանալ:
«Դա Ադրբեջանն է: Առնվազն 94 թվականին ես հիշում եմ, որ եթե ոչ ամիսը մեկ, ապա երկու ամիսը մեկ մենք ունեցել ենք տարբեր հրադադարների պայմանավորվածություններ, սակայն խախտվել են: Ադրբեջանի կողմից խախտումներն այստեղ որևէ մեկին չի զարմացնում: Եվ որևէ մեկը հույս ու պատրանք էլ չունի, որ Ադրբեջանը հարգելու է դա», – հավելեց նա:
Պողոսյանի խոսքով. մեր համապատասխան օղակները պետք է այդ խախտումները գրանցեն և հետագայում ներկայացնեն միջազգային հանրությանը: