ԻՆՉՈ՞Ւ ԵՆ ԳԱՂՏՆԻ ՊԱՀՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի ներկայիս քաղաքական օրակարգի ամենակարեւոր եւ վճռորոշ հարցը, անշուշտ, Եվրոպա, թե Ռուսաստան երկընտրանքն է: Առավելագույնը երեք ամսից Հայաստանը կայացնելու է իր անկախության քսանամյա պատմության մեջ թերեւս ամենակարեւոր որոշումը, որը կանխորոշելու է մեր երկրի ու նրա քաղաքացիների ապագան: Սակայն արդյոք այսօր ՀՀ շարքային քաղաքացիները մասնակից են այդ որոշման կայացմանը, արդյոք նրանք բավարար չափով տեղեկացված են, թե դեպի ուր եւ ինչպիսի մարտահրավերների է նրանց տանում հայրենի իշխանությունը: Ցավոք` ոչ: Այսօր անգամ ամենատեղեկացված, ամենանեղ մասնագիտացված փորձագիտական խմբերին էլ անհայտ է, թե կոնկրետ ինչպիսի բովանդակություն ունի Հայաստան-ԵՄ ասոցացման համաձայնագիրը: Չնայած որոշ քաղաքական գործիչների կողմից այդ փաստաթուղթը հրապարակելու պահանջներին՝ ՀՀ իշխանությունները համառորեն շարունակում են գաղտնի պահել համաձայնագրի բովանդակությունը: Եվ դա, մեղմ ասած` մտահոգիչ է: Իշխանական քարոզչամեքենան փորձում է բացառապես վարդագույնով ներկայացնել մեր եվրաինտեգրված ապագան, սակայն եթե ամեն ինչ իրականում այդքան հրաշալի է, ապա ինչո՞ւ իշխանությունները չեն շտապում հրապարակել այդ փաստաթուղթը եւ Հայաստանի` դեպի ԵՄ քայլերի հեռանկարայնության մեջ կասկածողներին ու թերահավատներին ապացուցել, որ նրանք սխալվում են: Նորմալ տրամաբանությունը հուշում է, որ այդ գաղտնապահության տակ թաքնված են  մեզ համար անցանկալի զարգացումների լուրջ ռիսկեր: Եվ հնարավորինս հետաձգելով փաստաթղթի հրապարակումը` իշխանությունները ցանկանում են նվազագույնի հասցնել հնարավոր հակազդեցությունները երկրի ներսում եւ առավել եւս` երկրից դուրս: Պակաս մտահոգիչ չէ նաեւ ՀՀ ոչ իշխանական ուժերի պահվածքը: Հայաստանում այսօր այնպիսի իրավիճակ է ստեղծվել, երբ կարծես թե բոլոր քաղաքական ուժերը խորը քուն են մտել կամ էլ գնացել են արձակուրդ որեւէ անմարդաբնակ կղզի: Ընդդիմադիր որեւէ ուժի կողմից այսօր չեն հնչում հստակ հարցադրումներ այն մասին, թե Հայաստանը դեպի Եվրոպա տանելով` արդյոք Սերժ Սարգսյանը հաշվարկել եւ ստացել է մեր երկրի անվտանգության ապահովման հստակ երաշխիքներ: Չէ՞ որ ակնհայտ է, որ ժամանակի ընթացքում ՀՀ անվտանգության ներկայիս հիմնական երաշխավոր Ռուսաստանը փոխելու է իր վերաբերմունքը Եվրոպայի հետ սիրախաղ սկսած Հայաստանի հանդեպ: Ոչ պակաս կարեւոր է նաեւ տնտեսական անվտանգության երաշխիքների հարցը: Ի վերջո, եթե Ռուսաստանը սկսի ամբողջ ուժով բանեցնել տնտեսական ճնշումների ողջ զինանոցը` սկսած էներգակիրներից, ռուսական կապիտալը երկրից հանելուց, Հայաստանում ռուսական ձեռնարկությունների աշխատանքը կասեցնելուց, ավարտած ՌԴ-ից եկող տրանսֆերտների արգելափակմամբ եւ հայ միգրանտների արտաքսմամբ, արդյոք մեր երկիրը չի հայտնվի տնտեսական կոլապսի մեջ, եւ արդյոք Եվրամիությունը միջոցներ կգործադրի Հայաստանը այդ կոլապսից հանելու համար: Սրանք լրջագույն հարցադրումներ են, որոնք այդպես էլ չեն հնչում մեր քաղաքական օրակարգում:




Լրահոս