Հայաստանի Հանրապետությունը հստակ շեշտադրելու է հարցադրումը, որ Արցախյան հիմնահարցի բանակցային գործընթացում առանց Լեռնային Ղարաբաղի լիարժեք ներգրավման, ապագայում այդ գործընթացը չի լինի արդյունավետ: «Արմենպրես»ի փոխանցմամբ` այս մասին ապրիլի 7-ին Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը: Նա նշեց, որ, խոսելով բանակցային գործընթացի մասին, պետք է հստակեցնել կրակի դադարեցման ռեժիմը: «Նախորդ փորձը ցույց է տվել, որ այն միջոցները, որոնք կիրառվում են, բավարար չեն:
Ուրեմն այդ ուղղությամբ պետք է աշխատենք»,ասաց նա: ԱԳ փոխնախարարը հիշեցրեց, որ դեռևս 2011-ին համանախագահող երկրների` Ռուսաստանի, ԱՄՆի, Ֆրանսիայի նախագահները, արել էին հայտարարություն, որտեղ բառացի ասված էր, որ ժամանակին ուժի կիրառումն է բերել ներկա իրավիճակի, հետևաբար նոր ուժի կիրառումը կբերի նոր տառապանքների, ավերածությունների, որոնք կդատապարտվեն միջազգային հանրության կողմից: «Այն, ինչ հիմա տեղի ունեցավ, նոր ուժի կիրառում է: Այնպես որ հիմա մենք` հայկական կողմերը, պետք է աշխատենք ու հասնենք նրան, որ լինի համապատասախան արձագանք»,-ընդգծեց Շավարշ Քոչարյանը:
Փոխնախարարը` «Բաքվում տարբեր հանդիպումներ են տեղի ունենում, օրինակ, Լավրովի հետ, ինչ է անում Հայաստանը» հարցին, պատասխանեց. «Հանդիպումները ոչ միայն Բաքվում են ընթանում, այլև նախատեսվում են Երևանում, համանախագահները լինելու են Ստեփանակերտում ու բոլոր հանդիպումների արդյունքների մասին կիմանաք»: Ինչ վերաբերում է միջազգային հանրության արձագանքին, ապա Շավարշ Քոչարյանի խոսքով` ցանկալի կլիներ, որ ավելի հասցեագրված ու հստակ լինեին այդ արձագանքները: «Իհարկե, կան մամուլի հրապարկումներ, որտեղ հստակ երևում է, որ Ադրբեջանը դատապարտվում է, բայց պաշտոնյաների կողմից, ցավոք սրտի, այդ հստակությունը չկա: Դա մտահոգիչ է, այդ ուղղությամբ էլ պետք է աշխատենք, քանի որ առայսօր չի եղել հասցեագրված արձագանք դրա համար էլ դա Ադրբեջանն ընկալել է «քարտ բլանշ» վերջին իրադարձություններն իրականացնելիս»,-եզրափակեց ԱԳ փոխնախարարը: