ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին մինչ օրս չի շնորհվել Արցախի ազգային հերոսի կոչում: Եվ սա այն դեպքում, երբ արցախյան ազատամարտում ներդրում ունեցած ՀՀ նախկին ու ներկա մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաների` Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին, Վազգեն Սարգսյանին, Արկադի Տեր-Թադեւոսյանին, այդ կոչումը տվել են: Արդյունքում ստացվում է, որ ՀՀ առաջին նախագահը, ում իշխանության օրոք ազատագրվեց Արցախը, եւ հաղթանակ գրանցվեց պատերազմում, ըստ էության, մնում է չգնահատված:
ԼՂՀ ազգային հերոսների լուսանկարները փակցված էին ԼՂՀ պաշտպանության նախարարությունում: Եվ «Ժողովուրդ»-ի թղթակիցը հայաստանյան լրագրողների համար Արցախ կազմակերպված այցի ժամանակ ԼՂՀ պաշտպանական բանակի հրամանատար Մովսես Հակոբյանին հարցրեց, թե ինչու Լեւոն Տեր-Պետրոսյանն առ այսօր չկա Արցախի հերոսների շարքում: «Ինքն առաջինն ա եղել, որ կարար ստանար: Այսինքն` իրա ժամանակ արդեն Արցախի հերոսի կոչում տալիս էին, եւ ինքը կարար ստանար: Թե ինչու չի ստացել, ես չգիտեմ, ես չեմ այդ կոչում շնորհողը: Կա պետական պարգեւներ շնորհող հանձնաժողով, ու եթե հարմար գտնեն, կշնորհեն,-ասաց Հակոբյանը` հավելելով,-Լեւոն Տեր-Պետրոսյանն առաջին անգամ Արցախ է եկել 1996թ., որպեսզի իմանաս: Ցավոք»: Իսկ ԼՂՀ ՊՆ մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանն ուղղում մտցրեց` ասելով, որ Տեր-Պետրոսյանն առաջին անգամ Արցախ է ժամանել 1993-ին. «Եկել էր Քելբաջարը հանձնելու»:
Այն, որ ԼՂՀ ՊԲ հրամանատարի ու նրա մամուլի խոսնակի հայտարարությունները պարզապես սուտ են եւ որեւէ առնչություն չունեն իրականության հետ, հայտնի է շատերին: Ավելին, այդ մասին են խոսում նաեւ համապատասխան փաստաթղթերն ու լուսանկարները: Բայց դա չի խանգարել, որպեսզի Արցախի ժողովրդի մեջ մոտ 15 տարի շարունակ ներարկվի միտքը, թե իբր Տեր-Պետրոսյանը որեւէ առնչություն չի ունեցել պատերազմին ու հաղթանակին, ավելին, թե իբր նա ցանկացել է հանձնել Արցախը: Պատահական չէ, որ Ստեփանակերտի փողոցներում «Ժողովուրդ»-ի անցկացրած հարցման ժամանակ քաղաքացիները բացասական կարծիքներ են հայտնել ՀՀ առաջին նախագահի հասցեին:
Մինչդեռ հարկ է նկատել երկու կարեւոր փաստ. Արցախի ազգային հերոսներից Ռոբերտ Քոչարյանը 1999թ. Ստամբուլում ստորագրել է ՄԱԿ-ի հանրահայտ խարտիան, որտեղ ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը` ազատագրված 7 շրջաններով միասին, իսկ Արցախի մեկ այլ հերոս` Սերժ Սարգսյանն էլ ժամանակին հայտարարում էր, թե «Աղդամը մեր հայրենիքը չէ»:
Ինչ վերաբերում է Լ. Տեր-Պետրոսյանին, ապա նա 2011թ. շուրջօրյա հանրահավաքների ժամանակ կազմակերպված բացօթյա ասուլիսում հայտարարել էր. «Եթե Ձեզ թվում է, որ ինձնից պետական գաղտնիք կկորզեք, բացառված է: Ես Ղարաբաղի մասին ոչ մի պետական գաղտնիք չեմ հայտնի, մինչեւ այդ հարցը վերջնականապես չլուծվի: Ես գիշեր-ցերեկ դրանց նման կուրծք ծեծողը չեմ, որ Ղարաբաղն եմ ազատագրել: Թող ասեն, թե ես տեղյակ չեմ եղել Շուշիի գրավումից, Քելբաջարի, Լաչինի ազատագրումից, թող ասեն: Դա չէ կարեւորը: Ինձ համար կարեւորն այն է, որ Շուշին ազատագրված է: Հաղթանակը հազար հայր ունի, իսկ պարտությունը որբ է: Ով ուզում է՝ այդ հաղթանակին թող տեր կանգնի»:
ՀԱՂԹԱՆԱԿԸ ՀԱԶԱՐ ՀԱՅՐ ՈՒՆԻ, ԻՍԿ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ՈՐԲ Է
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ