Արմավիրի եւ Կոտայքի մարզերում հերթական աղմկահարույց դեպքերն են տեղի ունեցել: Մի դեպքում ամուսինը ննջասենյակում խոհանոցային դանակով կտրել է կնոջ նախաբազկի զարկերակը, իսկ մյուս դեպքում որդին, դաժանորեն ծեծի ենթարկելով, սպանել է հարազատ մորը:
Կոտայքի մարզի Քաղս գյուղում 81-ամյա Սոս Գրիգորյանը կտրել էր իր կնոջ` 79-ամյա Տորիկ Գրիգորյանի նախաբազկի զարկերակը: Արդյունքում՝ Տորիկին անմիջապես տեղափոխել էին հիվանդանոց: Թե ինչն էր ստիպել երկու որդիների հորը գնալ այդ քայլին, «Ժողովուրդ»-ը փորձեց պարզել նրա հարսից` Հռիփսիմեից:
Մեր զրուցակցի խոսքով՝ այդ քայլին գնալուց առաջ իր սկեսրայրը` Սոսը, շատ լուրջ սթրեսային վիճակում է եղել. «Սկեսուրս եւ սկեսրայրս իրենց երեխաներից առանձին են ապրում: Ես նրանց մեծ որդու` Սամվելի կինն եմ, իսկ նրանց մյուս որդին հանրապետությունում չէ: Տորիկն ու Սոսը շատ հաշտ ու համերաշխ ապրող ամուսիններ են եղել, ու մեր գյուղացիները շատ լավ գիտեն, որ սկեսրայրիս ոտքն արդեն մի 4 տարի է՝ կտրված է, եւ նա այդ պատճառով շատ դեղեր է օգտագործում ու շատ նյարդային է դարձել»:
Պարզվում է՝ Սոս Գրիգորյանի հիվանդության պատճառը եղել է հարազատ դստեր մահը: «52 տարեկանում մի հրաշք աղջիկ կորցրեց ու շատ մեծ սթրես տարավ, ոտքը խցանվեց, եւ դրա պատճառով կտրեցին ոտքը: Սկեսուրս էլ լսողության հետ կապված լուրջ խնդիր ունի, շատ դժվարությամբ է լսում»,-պատմեց հարսը` հավաստիացնելով, որ իրենք երբեք աչքաթող չեն արել իր սկեսրոջն ու սկեսրայրին, պարզապես հանգամանքներն այնպես են դասավորվել, որ նրանք առանձին են ապրել:
Հռիփսիմեի ներկայացմամբ` վաղ առավոտյան իր սկեսրայրը գնացել է կնոջ ննջասենյակ մի խնդրանքով. «Դեղերը խմելու ժամն է եղել, ինչքան ձայն է տվել կնոջը, որ դեղերը տա, Տորիկը չի պատասխանել, քանի որ շատ վատ է լսում, ու երեւի պահի ազդեցության տակ սկեսրայրս գնացել է այդ քայլին»:
Կտրելով կնոջ զարկերակը` Սոսն անմիջապես զանգահարել է իր հարազատներին եւ ասել, թե Տորիկն իրեն լավ չի զգում. «Մենք շուտ հասանք տուն, ու չեք պատկերացնի, թե ինչ վիճակում էր իմ սկեսրայրը, շատ վախեցած էր ու անընդհատ ասում էր, թե «բան չեմ զգացել ու չեմ հասկացել, թե ինչպես դա ստացվեց»:
Եթե Կոտայքի մարզում տեղի ունեցած միջադեպը, ինչպես հարազատներն են ներկայացնում, սթրեսային վիճակի հետեւանք է, ապա Արմավիրի մարզի Հացիկ գյուղում տեղի ունեցած դաժան սպանության հեղինակին հարազատները, իրենց խոսքով, չեն ուզում ճանաչել:
Դեպքի վերաբերյալ ոստիկանության տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ նշված է, թե երեկ Հացիկ գյուղում կենցաղային հարցերի շուրջ տեղի ունեցած վիճաբանության արդյունքում Վարդան Ստեփանյանը ծեծի է ենթարկել մորը, որը ծանր փակ գանգուղեղային վնասվածքով, գլխուղեղի սալջարդ, ներգանգային հեմատոմա, կոմատոզ վիճակ ախտորոշմամբ տեղափոխվել էր հիվանդանոց, իսկ ավելի ուշ վերակենդանացման բաժանմունքում մահացել:
Հացիկի ղեկավար Արթուր Եղիազարյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում պատմեց, որ այդ ընտանիքը նորմալ պայմաններում է ապրում. «Վարդանը գյուղում խոտ է կրում ու քչից-շատից լավ փող է աշխատում, բայց ալկոհոլ էլ էր շատ օգտագործում: Մշտապես տան անդամների հետ կռիվների մեջ էր: Եղել են դեպքեր, որ մորը ծեծել է, բայց մայրը խաբել է ու հարեւաններին, հարազատներին ասել, թե իր թոռնիկն է խփել: Դեպքի օրն էլի հարբած է եղել»: Ըստ Ա. Եղիազարյանի՝ մորը դաժանորեն սպանած Վարդանն ունի երկու քույր, որոնք ամուսնացած են եւ հայրական գյուղում չեն ապրում. «Վարդանի կինն օրեր առաջ ամուսնու հետ կռվել է եւ վերցրել իր երեխաներին ու գնացել հոր տուն: Մի խոսքով, շատ վատ բան եղավ»:
Երբ փորձեցինք զրուցել Վարդանի հարազատների հետ, վերջիններս հրաժարվեցին՝ պատճառաբանելով. «Իբր շատ ենք ուզում դրան հարազատ մարդ ընդունել, մի հատ էլ արածի համար խոսենք»:
Երեկ Վարդանի հարազատները, Հացիկի գյուղապետը եւ իրավապահները գյուղի դաշտերում փնտրում էին Վարդանին, որը մորը ծեծելով սպանելուց հետո փախուստի էր դիմել:
«Ժողովուրդ»-ը ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից տեղեկացավ, որ փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետի հատկանիշներով (անզգուշությամբ առաջացնելով տուժողի մահ` պատժվում է ազատազրկմամբ` հինգից տասը տարի ժամկետով):
Ձեռնարկվում են միջոցառումներ Վարդան Ստեփանյանին հայտնաբերելու ուղղությամբ:
ՐԱՖՖՈՒ ՍԱՄՎԵԼԻ ՀԵՏՔԵՐՈՎ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ