Չնայած ձեռք բերված հրադադարի համաձայնությանը` շփման գծում ադրբեջանական կողմը պարբերաբար լարվածություն է առաջացնում: Հրադադարն, ընդհանուր առմամբ, պահպանվում է, նախորդ 5 օրերի ինտենսիվությամբ կրակոցներ չեն հնչում, սակայն գիշերվա ընթացքում հակառակորդը բազմիցս խախտել է նախօրեին ձեռք բերված պայմանավորվածությունը. ականանետի կրակից զոհվել է Պաշտպանության բանակի 42-ամյա պայմանագրային զինծառայող:
ՊԲ-ն պարբերաբար հայտնում է զոհվածների տվյալները, իսկ անհետ կորածների մասին դեռևս տեղեկություններ չկան: Ինչպես հայտնի է, հայկական կողմն ունի երկու տասնյակից ավել անհայտ կորած: Իսկ գերիների մասին տվյալներ չեն հաղորդվել:
ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ գերիներ կան թե հայկական, թե ադրբեջանական կողմից: «Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպության տնօրեն Լարիսա Ալավերդյանից ArmLur.am-ը փորձեց պարզել` իրենք սկսե՞լ են արդյոք զբաղվել գերիների հարցով:
Մեր հարցին ի պատասխան` Լարիսա Ալավերդյանը հայտնեց, որ հայտնի է այս պահի դրությամբ գերիների թիվը, սակայն իրենք չունեն համապատասխան գործընթացը սկսելու պայմանները:
Բանն այն է, որ պատկան մարմինները պետք է ՀԿ-ին տրամադրեն անհրաժեշտ տվյալները, որից հետո միայն գործին ընթացք կտրվի. «Ես դիմել եմ Արցախի նախագահի խոսնակին, Արտաքին գործերի նախարարին, որպեսզի այդ հարցով մեզ օժանդակեն: Երբ մենք ունենանք նվազագույն չափով տեղեկությոնները, կանցնեք գործի. այդ տվյալները պետք է պետությունը տա: Մենք չենք կարող սեփական նախաձեռնությամբ սկսել»:
Լարիսա Ալավերդյանի փոխանցմամբ` իրենց կազմակերպությանն է դիմել մի ծնող և հայտնել զինծառայող որդու անհետացման մասին: Այս խնդրին ընթացք տալու համար ևս անհրաժեշտ է առնվազն երկու բան. «Նախ`Ադրբեջանը պետք է հայտնի, որ իրենց տարածքում են գտնվում այսինչ մարդիկ, կամ ծնողները պետք է դիմեն Կարմիր խաչի միջազգային կազմակերպությանը, որից հետո միայն մենք կարող ենք միջամտել»,- ներկայացրեց Լ. Ալավերդյանը:
Վերջինս տեղեկացրեց նաև, որ գերատեսչության կողմից իրենց տվյալներ չտրամադրելու պատճառը ստեղծված իրավիճակն է. «Նրանք չեն ուզում հուսահատ վիճակի մեջ գցել ծնողներին: Անհետ կորածների մասին տեղեկությունը կարող է թերություններ ունենալ, հնարավոր է նա մահացած է, հնարավոր է` ոչ»:
Լարիսա Ալավերդյանը հայտնեց, որ, ամենայն հավանականությամբ, երկուշաբթի օրն արդեն որոշ տվյալներ հայտնի կլինեն:
Տաթև Հարությունյան