ԿՐԱԿԸ ՀԱՏԵԼ Է ՍԱՀՄԱ՞ՆԸ, ԹԵ՞…

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տավուշի մարզի Կողբ գյուղի մի խումբ բնակիչների տեղեկացմամբ՝ կրկին միջադեպ է գրանցվել Նոյեմբերյանի զորամասում: Նրանց վկայությամբ՝ սահմանային հենակետի զինվորները հրդեհել են Կողբի Ղիասի քար կոչվող հանդամասը, որի պատճառով այրվել են գյուղացիների ցորենի դաշտերը, խոտի դեզերը եւ դեռեւս չհնձած խոտհարքները: Վնասի չափերը ճշտվում են: Զորամասի հրամանատարությունը հրաժարվում է ստանձնել միջադեպի պատասխանատվությունը՝ պատճառաբանելով, թե կրակն անցել է ադրբեջանական սահմանից: Սակայն ականատեսները հակառակն են պնդում:
Վերջերս Նոյեմբերյանի զորամասը «հայտնի դարձավ» ժամկետային զինծառայող Լյուքս Ստեփանյանի սպանությամբ: Սակայն, ինչպես նկատում են գյուղացիները, զորամասում «չեպեները» շարունակվում են: «Ժողովուրդ»-ի աղբյուրների փոխանցմամբ՝ օրեր առաջ այս զորամասի սահմանապահ զինվորներն այրել են Կողբի համայնքապատկան հսկայական տարածքներ, ինչի հետեւանքով այրվել են գյուղացիների սեփական ցորենի եւ խոտի դաշտերը: «Մի երկու շաբաթ կա, Ղիասի քարըմը խոտ էի հնձըմ, մին էլ էն տեհա մեր պոստերի կշտին պաժար սկսվեց: Մտիկ տամ տենում մեր սալդաթնին կրակ են արել: Հետիս տրակտորիստին ասի՝ ա՛յ տղա Արտակ, էս ա էս շան տղի կրակը մեզ տի հասնուլ, ասավ՝ վախիս ոչ, քամին դեսը չտի բերել: Արխեյնացանք ու մեր գորձը շարունակեցինք: Վա՛յ դրա բալեն մեռնի իրա պաժար ըլելովը, քամին մին դենը տարավ, մի դեսը բերուց, մին էլ էն տեհանք կրակը վլվլալեն դբա մեզ ա գալիս: Մի կերպ հնձիչն ու «Վիլիս»-ը կրակի ռխից հեռացրինք ու եդ էկանք պաժարը հանգցնելու,-«Ժողովուրդ»-ին պատմեց դեպքի ականատեսներից մեկը՝ հավելելով,-երբ եդ եկանք տեհանք ժղովուրդը՝ խոտ հնձողնին, զորամասի կամանդիրը, սալդաթնին, ուզում են կրակը հանգցնեն: Մի քիչ եդը գեղապետն էլ եկավ, ու մի կերպ կրակը հանգցրին»:
Կողբի համայնքապետ Արամայիս Աբովյանի վկայությամբ՝ կրակը մարվել է հրդեհը բռնկվելուց ժամեր անց, այրվել է մոտ տասը հեկտար տարածք: «Էդքան մեծ վնաս չի եղել, այրվել են հիմնականում չալերը: Գյուղացիքին, ովքեր տուժել են հրդեհից, գյուղապետարանը խոստացել է փոխհատուցում տրամադրել, մասնավորապես համայնքի պահուստային հողերից կտրամադրվեն նոր խոտհարքներ եւ տրանսպորտային միջոցներ՝ սարից խոտը տեղափոխելու համար»-մեզ հետ զրույզում խոստացավ Կողբի գյուղապետը: «Դա լենե խոստում է, իրանք տան թե չտան, ես էլի մարդ տիմ գդնելու, թե սարերում ով իրա խոտհարքը չի հնձում, փողով կամ փոխառությամբ վիր տիմ ունիլ հնձել, իսկ խոստացած ավտոն էլ կտան, թե չէ՝ Աստված գիտի: Էն ա կարկուտը ծեծած տեղն ա ծեծում, ես եմ իմ չար բախտը, նորից խարջ ու պարտք տիմ անել, անասունի հմար խոտ անել, խու թողո՞ւլ չտիմ, որ ապրանքը գոմումը ձմեռը սատկի»,-հուսահատ շարունակում է հրդեհից տուժած մեկ այլ գյուղացի՝ պնդելով, որ իրականում հրդեհը մեծ վնաս է հասցրել: «Ոչ թե մենակ չալեր են վառվել, այլ հսկայական խոտհարքներ, հնձած խոտ, ցանած ցորենի դաշտ, ինչքան կարեցան փրկեցին, բայց որ մենձ վնաս հասցրին սալդաթնին, էդ փաստ ա: Բայց դե ո՞վ տի գեղացու մատիցը փուշ հանիլ, ոչ մեկը»,-աշխարհից եւ իշխանավորներից դժգոհ՝ տրտնջում են տուժողները:
Նոյեմբերյանի զորամասի հրամանատարությունը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում չբացառեց Ղիասի քարի սահմանային դիրքերի հարակից տարածքների հրդեհման փաստը: Սակայն հերքեց գյուղացիների այն պնդումը, թե հրդեհը բռնկվել է սահմանապահ զինվորների անզգուշության պատճառով: Այստեղ վստահեցրին, թե կրակն անցել է ադրբեջանական սահմանից: «Չի կարելի ստույգ ասել, թե հրդեհն իմ զինվորի մեղքով է եղել: Ամեն տարի ադրբեջանցիներն իրենց խոտհարքներն ավելի վաղ են հնձում, հետո այրում են դաշտերը սանիտարական նպատակներով: Գրեթե ամեն տարի կրակը սահմանից անցնում է մեր տարածքները, եւ գրանցվում են հրդեհի դեպքեր: Պարզապես այս տարի կրակն ընդգրկեց ավելի մեծ տարածքներ: Զորամասի հրամկազմի, զինվորների, գյուղացիների համառ ջանքերով հրդեհը մարվեց»,-ասաց Նոյեմբերյանի զորամասի հրամանատար, գնդապետ Վահագն Ասատրյանը:
«Իրանց ի՞նչ կա, ոնց կուզեն՝ էնպես էլ կասեն, ես իմ սեփական աչքերով եմ տեսել՝ որդեն է սկսվել պաժարը: Իրանց ի՞նչ, ես էդ դաշտում 4 հեկտար խոտհարք էի առել, հեկտարը 10 հազ. դրամով, 2 կանեստր սալերկա էի նիսյա առել, տրակտորիստին պիտի տամ 18 հազ. դրամ, լա հաշվեր թե էդ զորամասը ինձ ինչքան վնաս ա տվել: Էս ի՞նչ կյանք ա, ա՛յ մարդ, պատերազմի տարիներին, որ մոսինն առած՝ էդ նույն դիրքերն էի պաշտպանում, ուրիշ Հայաստան ունենալու հույս ունեի: Հիմա երանի եմ տալիս, որ էն ժամանակ թուրքի գյուլեն գար ինձ դիպչեր, մեռնեի պրծնեի, էս անօրինությունները չտենայի»,-գյուղապետի սենյակում լացակումած բողոքեց գյուղացիներից մեկը:
Պաշտոնապես չստանձնելով հրդեհի պատասխանատվությունը՝ Նոյեմբերյանի զորամասի հրամանատարությունը եւ Կողբի գյուղապետը խոստանում են, «զուտ մարդկային սկզբունքներից ելնելով», աջակցություն ցուցաբերել տուժածներին` դիզվառելիքի եւ տրանսպորտային միջոցների տրամադրման տեսքով: «Ժողովուրդ»-ը կհետեւի իրադարձությունների ընթացքին եւ հետագայում կանդրադառնա այս թեմային` ավելի ընդգրկուն մանրամասներով:

ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ




Լրահոս