ՄԱՐԶԱԿԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՈԲԵԼՅԱՆ
Երեկ սպորտային մարմնամարզության ԽՍՀՄ յոթակի չեմպիոն, ԽՍՀՄ բացարձակ չեմպիոն, Բուդապեշտում անցկացված ուսանողության եւ երիտասարդության համաշխարհային փառատոնի բացարձակ չեմպիոն, աշխարհի կրկնակի չեմպիոն, օլիմպիական խաղերի (1952թ.) կրկնակի չեմպիոն եւ բացարձակ առաջնության փոխչեմպիոն Հրանտ Շահինյանի ծննդյան օրն էր: Նա կդառնար 90 տարեկան:
Մարմնամարզության համաշխարհային ֆեդերացիայի որոշմամբ Շահինյանի ստեղծած վարժություններից մեկը կրում է «Շահինյանի պտուտան» անվանումը: Նա ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ է, ՀՀ վաստակավոր մարզիչ եւ ֆիզիկական կուլտուրայի ու սպորտի վաստակավոր գործիչ: Նրա նախաձեռնությամբ ԽՍՀՄ-ում առաջինը հիմնադրվեց օլիմպիական հերթափոխի մարմնամարզության մասնագիտացված մարզադպրոց: Եղել է Հայսպորտպետկոմի նախագահ եւ փոխնախագահ: Նրա անունով է կոչվում իր հիմնադրած մարզադպրոցը, դրան հարակից փողոցներից մեկը, Շիրակի մարզի Մարալիկ քաղաքի կենտրոնական փողոցը, Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի մարմնամարզության ամբիոնը… ՀԱՕԿ-ի բարձրագույն պարգեւներից մեկը կրում է Հրանտ Շահինյանի անունը:

ԿԱՐԵՎՈՐԸ ՉԽԵՂԴՎԵԼՆ Է
Բարսելոնում այս օրերին ընթանում է ջրային մարզաձեւերի աշխարհի առաջնությունը։ Հայաստանը համաշխարհային ստուգատեսում ներկայացնում են չորս մարզիկներ։ Լողորդ Խաչիկ Փլավչյանը նախնական լողահերթում` 100 մ թիկնալողում, ցույց է տվել 59,79 արդյունք եւ գրավել 42-րդ տեղը։ Խաչիկը շարունակելու է ելույթները եւ օգոստոսի 3-ին մասնակցելու է 50 մ թիկնալողի մրցությանը։ Իսկ ահա օգոստոսի 1-3-ը 50 եւ 100 մ ազատ ոճում պայքարը կսկսեն Վահան Մխիթարյանն ու Մոնիկա Վասիլյանը։ Վահանն աշխարհի առաջնությունում ելույթները կսկսի այսօր՝ հուլիսի 31-ին, իսկ Մոնիկան հանդես կգա օգոստոսի 1-ին եւ 3-ին։ 50 մ լողատարածությունում Վահանն իր ուժերը կփորձի օգոստոսի 2-ին։ Իսկ արդեն ավարտված դայվինգի (սուզալող) մրցումներում Լեւ Սարգսյանը գրավել է 24-րդ տեղը։
Եթե կարելի է այսպես ասել, անծով ու անջրավազան Հայաստանում ջրային մարզաձեւերի աշխարհի առաջնությունում կամ այլ ստուգատեսում չխեղդվելը ու, առավել եւս, վերջնագծին հասնելն արդեն իսկ հերոսություն է:

Ռ. ԹԱԹՈՅԱՆ




Լրահոս