ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՓԼՈՒԶՈՒՄԻՑ 2,5 ՏԱՐԻ ԱՆՑ
2011թ. ապրիլին միջպետական ճանապարհից Իջեւանի Ներքին Ծաղկավան գյուղ տանող միակ ասֆալտապատ ճանապարհին տեղի ունեցավ մեծ փլուզում: Այդ ճանապարհի առաջին կիլոմետրում սողանքից փլվել էր 30 մ երկարությամբ, 15 մ լայնությամբ եւ 20 մ խորությամբ հատված, հողը թափվել էր գյուղը սնուցող, 130 մմ տրամագծով խմելու ջրագծի վրա` շարքից հանելով դրա 30-մետրանոց հատվածը: Պատահարից հետո ջրագծի վնասված հատվածն արագ վերականգնվել է: Գյուղ մտնող ճանապարհը թեեւ նեղացել, սակայն երթեւեկելի է: Ի՞նչ է փոխվել անցած երկու տարվա եւ 4 ամսվա ընթացքում: Ճանապարհի երթեւեկելի մասում՝ ասֆալտին, 2 սմ լայնությամբ եւ 2 մ երկարությամբ ճեղք է գոյացել, որը գնալով աճում է: Ճեղքի լայնանալով՝ ճանապարհն ամբողջությամբ կարող է փլվել:
Ներքին Ծաղկավանի գյուղապետ Նաիրի Աթաբեկյանը «Ժողովուրդ»-ին հայտնեց, որ այս տարի պետական բյուջեի միջոցներով գյուղն աշխարհին կապող ճանապարհը վերականգնվելու է, եւ փլվածքի գոտին շրջանցող նոր ճանապարհ է կառուցվելու: «Մեկ ամիս առաջ Իջեւանի ճանապարհաշինական ձեռնարկությունից եկել էին, չափումներ արել: Այս տարի ճանապարհը վերականգնելու են: Գյուղի 4 բնակիչներին հողի համար, մեկ բնակչի էլ տան համար այդ ծրագրով փոխհատուցում է տրվելու»,-տեղեկացրեց Ներքին Ծաղկավանի գյուղապետը:
«Իջեւանի ՃՇՇ» ՓԲԸ տնօրեն Արծրունի Ղալումյանն էլ ասաց, որ ճանապարհի կառուցման մրցույթ է կայացել, եւ իրենց ձեռնարկությունը 27 միլիոն դրամ առաջարկով մրցույթում շահել է: Ղալումյանը հայտնեց, որ ճանապարհը կկառուցվի այս տարի, սակայն շինարարության ստույգ ժամկետը չկարողացավ նշել՝ ասելով, որ դրա համար կառավարության որոշում պետք է լինի:

ՏՆՏԵՍԱՊԵՍ ՁԵՌՆՏՈՒ ՉԷ
Դիլիջանի ներքաղաքային երթուղին սպասարկող «Էմին Մարգարյան» ՍՊԸ-ն քաղաքում հայտարարություններ էր փակցրել, որ օգոստոսի 1-ից ուղեվարձը 70-ի փոխարեն դառնալու է 100, իսկ երեխաների համար 30-ի փոխարեն՝ 50 դրամ: Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյանը հայտնեց, որ անհատ ձեռներեցը ներքաղաքային երթուղու ուղեվարձը թանկացնելու առաջարկով դիմել է իրենց, սակայն քաղաքապետարանը մերժել է առաջարկը: Դիլիջանի քաղաքապետը հաստատեց, որ այդ երթուղին սպասարկող «ՊԱԶ» մակնիշի 5-6 ավտոբուսները բարոյապես եւ ֆիզիկապես մաշված են: Պարոն Սանթրոսյանի խոսքով՝ 70 դրամով ուղեւորափոխադրումներ կատարելը շահավետ չէ: Դիլիջանի քաղաքապետարանը ներքաղաքային մի քանի երթուղիների համար մրցույթներ է հայտարարել, սակայն դրանց մասնակցողներ չեն եղել: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարում էր Դիլիջանը տարածաշրջանային ֆինանսական կենտրոն դարձնելու մասին: Առողջարանային այս քաղաքում կառուցվեցին ՀՀ կենտրոնական բանկի ուսումնական մասնաշենք, «Թումո» կենտրոն, տարբեր հյուրանոցներ, իսկ միջազգային դպրոցի շինարարությունն ընթացքի մեջ է: Սակայն պարզվում է, որ այդ բոլոր ծրագրերը դիլիջանցիների վճարունակության վրա չեն ազդել, եւ Դիլիջանում ներքաղաքային երթուղիներն աշխատեցնելը տնտեսապես ձեռնտու չէ:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս