Ներկայացնում ենք թերթի խմբագրականը մասնակի կրճատմամբ.
“Հայաստանում ոչ մի աղանդավոր չի ընդունում, որ ինքը աղանդավոր է՝ պնդում է, որ միայն ինքն ու իր խումբն են գտել դեպի Աստված միակ ճիշտ ճանապարհը։ Ոչ մի կոռումպացված պաշտոնյա կամ պատգամավոր չի ասում, որ ինքը գողանում է՝ լավագույն դեպքում կընդունի, որ իր զոքանչի հորեղբոր որդին “բիզնեսներ ունի”։ Մեկն էլ առավել օրիգինալ է գտնվել՝ ասելով, որ իր հարստությունը կուտակել է այն ժամանսսկ, երբ պրոֆեսիոնալ մարզիկ էր. երևի Մայք Թայսոնն է եղել կամ Մարիա Շարապովան՝ մենք էլ չենք նկատել։ Ոչ մի կուսակցական քարոզիչ չի խոստովանի, որ զբաղված է քարոզչությամբ՝ նա իրեն, բնականաբար, արդարության մարտիկ է համարում։
Ճիշտ նույն ձևով ոչ միայն Հայաստանում, այլև որևէ այլ երկրում ոչ մի իշխանություն չի ընդունում, որ իր երկրում քաղբանտարկյալ կա։ Ավելին ասեք՝ այսօր կոմունիստ վետերաններ կան, որոնք վստահ են, որ Ստալինի ժամանակ միլիոնավոր մարդիկ գնդակահարվել և տարվել են “Գուլագ” այն պատճառով, որ զբաղված էին հակապետական գործունեությամբ և լրտեսությամբ։ Բոլոր երկրների իշխանություններն այս պարագայում ունեն ստանդարտ ձևակերպում՝ սա զուտ իրավական խնդիր է, քրեական գործ է հարուցված, դատարանը մեզ մոտ անկախ է (այդպես են սովորաբար կատակում իշխանությունները), պետք է հարգել դրա որոշումը…”:
Խմբագրականն ամբողջությամբ՝ կարդացեք “Առավոտ”-ի այսօրվա համարում: