Սա պարզապես ագրեսիա էր ևս մեկ անգամ իր անկախությունը օրինական ֆիքսած ԼՂՀ նկատմամբ. Դավիթ Լոքյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերվանից սկսած ղարաբաղա-ադրբեջանական սահմանում մարտական գործողությունները թեեւ նույն ինտենսիվությամբ չեն շարունակվում, բայց եւ այնպես չեն էլ դադարում: Թե ինչով է պայմանավորված Ադրբեջանի կողմից շարունակվող այս ագրեսիան, մանավանդ այն դեպքում, երբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի կողմից զինադադարի ռեժիմին անցնելու հայտարարություններ եղան, փորձեցինք պարզել ՀՀ տարածքային կառավարման նախարար Դավիթ Լոքյանից:

-Պարո՛ն Լոքյան, ըստ Ձեզ՝ վերջին օրերին ղարաբաղա-ադրբեջանական սահմանագծում ռազմական գործողություններ ինչո՞ւ սկսվեցին եւ ինչո՞վ կավարտվեն:

-Սա պարզապես ագրեսիա էր ևս մեկ անգամ իր անկախությունը օրինական ֆիքսած Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նկատմամբ: Սա պրոցես էր, երբ միլիտարիզացված Ադրբեջանը օգտագործեց իր ռազմական հնարավորությունները եւ փորձեց դրանցով ճնշում գործադրել հայ ժողովրդի վրա, բայց դա չհաջողվեց եւ արժանի հատուցում ստացավ: Կարծում եմ, որ սա վերջնական դասերից մեկն է բոլորիս համար, որ մենք պետք է ճանաչենք մեր հարեւանին եւ ուժեղանանք, չզիջենք ոչինչ: Ընդհանուր առմամբ, Ղարաբաղում շատ բարձր կամային տրամադրություն կա, Հայաստանում՝ նույնպես: Կարծում եմ, որ մենք կկարողանանք հաղթահարել նաեւ այս փուլը:

-Արդյո՞ք, ի վերջո, այս ամենը չի վերաճի լայնամասշտաբ ռազմական գործողությունների:

-Չեմ կարծում, որ շարունակությունում կունենանք լայնամասշտաբ գործողությունների փուլ, քանի որ աշխարհի խոշորագույն երկրներն այս պրոցեսին արդեն մասնակցել են: Շատերի համար հստակորեն արդեն պարզ է, որ ագրեսիան սկսված է Ադրբեջանի կողմից: Կիրառված են զենքի բոլոր տարատեսակները եւ միջազգային հանրությունը, երկրները այդ խնդիրը չեն թույլատրի:

-Այս շրջանում Դուք հանդիպումներ ունեցե՞լ եք Հայաստանի տարբեր բնակավայրերի բնակիչների հետ: Ինչպիսի՞ն է նրանց տրամադրվածությունը:

-Ես մի քանի օր է՝ մարզերում եմ, մասնակցել եմ հուղարկավորությունների, մեր հերոսների թաղմանը` երեկ Սիսիանում, նախորդ օրը՝ Լոռիում: Իրավմամբ, մարդկանց մեջ չկա հուսահատություն, վախ: Բարձր, կամային, հայրենասիրական զգացմունքներ են իշխում:

զրուցեց Արփինե Թովմասյանը




Լրահոս