Հուլիսի 30-ին Լեռնային Ղարաբաղի զորամասերից մեկում ըստ նախնական վարկածի ինքնասպան եղած Արագածոտնի մարզի Ցամքասար զյուղի բնակիչ Արման Մուրադյանի հայրը՝ Հովսեփ Մուրադյանը, երեկ՝ “Ժողովուրդ”-ի հետ զրույցում, կարծիք է հայտնել, որ իր որդին ունակ չէր ինքնասպան լինելու։ Ըստ նրա՝ իր տղայից վրեժ են լուծել՝ նրան սպանելով, և ինքը տեղեկություններ ունի, թե ով կարող է դա արած լինել։
“Իմ տղան ինձ ասել է, որ զորամասում կոնֆլիկտներ շատ են եղել, ու ասել է, թե՝ պապ, ամեն ինչ լավ կլինի, ու խնդիրները կհարթվեն, կգնան։ Այս վերջին անգամ, որ տղայիս հետ խոսեցի, խորը հոգոց հանեց։ Ասացի՝ Արման ջան, ի՞նչ է եղել, ասաց, թե՝ պապ, մի հոգի կա՝ ղարաբաղցի է, հետը կոնֆլիկտ ունեմ։ Ասացի՝ տղա ջան, ի՞նչ է եղել, հո լո՞ւրջ չէ։ Արմանն ինձ ասաց, թե հանգիստ եղիր, ես անձամբ կլուծեմ այդ հարցը”,-հուզված պատմեց զինվորի հայրը՝ նշելով որ որդին անուններ չի տվել։ Իսկ ինքն էլ որդուն խորհուրդ է տվել, թե 4 ամիս է մնացել, ծառայությունը խելոք անցկացնի։
Մահացած զինվորի հոր հավաստի տեղեկություններով՝ իր որդին խնդիր է ունեցել ԼՂՀ N զորամասի գնդի հրամանատար Էմիլ Ավետիսյանի զինծառայող հարազատներից մեկի հետ.”Ինձ համար տարօրինակն այն է, որ այդ էմիլ Ավետիսյանն այդ դիրքերում, որտեղ իմ տղան է եղել, երբեք հերթապահ չի եղել, ու ես չեմ բացառում, որ նա այդ դիրքեր գնացել է վրեժ լուծելու համար։ Ո՞նց կարող էր 20 ամիս ծառայած զինվորը գնալ ինքնասպանության, դա բացառված է։ Գիտե՞ք, թե այդ էմիլ Ավետիսյանն էրեխեքին ինչքան է խոշտանգել, վազեցնել է տվել ու լիքը շատ այլ բաներ։ Ինչ ցուցմունք էլ տան նրա զորամասի ընկերները, ես չեմ հավատա, քանի որ այդ տղաներին այնքան ահ կտան՝ ասելով՝ եթե այն, ինչ ասենք, չգրեք, մենք ձեզ հետ հաշվեհարդար կտեսնենք, ու կարող է պատահել՝ Արմանի օրն ընկնեք։ Ոչ թե իմ տղան է իր զենքով կրակել իրեն, այլ Ավետիսյանն է կրակել, և ես արդարություն եմ պահանջելու ու պայքարելու եմ արդարության համար”,- զինվորի հոր խոսքերն է փոխանցում թերթը։
Հոդվածն ամբողջությամբ՝ “Ժողովուրդ”-ի այսօրվա համարում