Հայկական բանակի սպառազինության մեջ նոր սարքեր են հարկավոր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ղարաբաղա-ադրբեջանական պատերազմի՝ հատկապես անցած հինգ օրերը դեռ երկար կվերլուծվեն, սակայն արդեն իսկ կարող ենք արձանագրել մի քանի խնդիրներ, որոնք ի հայտ եկան այս օրերին եւ արդեն իսկ քննարկվում են հանրության շրջանում եւ կոնկրետ լուծումներ են պահանջում:

Այսպես՝ թիվ մեկ խնդիրը, որն ի հայտ եկավ, եւ որի լուծումը պետական անվտանգության խնդիր է, անօդաչու թռչող սարքերը վնասազերծող գերժամանակակից սարքավորումներ ստեղծելու եւ դրանցով մեր բանակը զինելու հրամայականն է: Անօդաչու թռչող սարքերը, ինչպես ցանկացած էլեկտրոնիկա, ունի իր «հակասարքը»: Յուրաքանչյուր ոք կարող է համացանցում գտնել անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարի մասին տվյալներ: Համընդհանուր մոտեցումն այն է, որ այդ սարքերի վրա հակաօդային ուժերի ռեսուրսները, այն է՝ հրթիռներ ծախսելը, ճիշտ չէ, քանի որ նպատակը չի արդարացնում ծախսը: Առավել արդյունավետ է համարվում հատուկ սարքերի միջոցով ԱԹՍ-ը ռադիոէլեկտրոնային կապից, հետեւաբար նաեւ կառավարումից զրկելու տարբերակը: Այլ կերպ ասած՝ անհրաժեշտ է, որ հայկական բանակի սպառազինության մեջ լինեն այնպիսի սարքեր, որոնց միջոցով հնարավոր կլինի օդային տարածքի որոշակի հատվածում ամբողջությամբ խափանել ռադիոկապը:

Կասկած չկա, որ եթե մեր ֆիզիկների, հատկապես երիտասարդների համար աշխատանքային անհրաժեշտ պայմաններ ստեղծվեն, եւ նրանց առջեւ նման խնդիր դրվի, ապա շատ արագ լուծումը կգտնեն: Ավելին՝ ՀՀ կառավարությունը կարող է խոշոր դրամական (մի քանի տասնյակ միլիոն դրամի չափով) պարգեւ խոստանալ նման սարքի արդյունավետ լուծման առաջարկի համար: Հայաստանի գիտնականների ուժերով նման սարք ունենալու խնդրի լուծումը օրվա հրամայական է, եւ այն պետք է ժամ առաջ լուծվի:

Հաջորդ խնդիրը, որն անհրաժեշտ է լուծել, զոհված եւ հաշմանդամ դարձած զինծառայողների ընտանիքների սոցիալական ապահովվածության հարցը մեկընդմիշտ լուծելն է: Այսինքն՝ զոհված զինծառայողի ընտանիքը պետք է այնքան թոշակ ստանա, որ բավարարի ընտանիքի բարօրությունը ապահովելու համար: ՀՀ «Պետական կենսաթոշակների» մասին օրենքով զինվորական կենսաթոշակներ են սահմանված, ինչպես հաշմանդամության, այնպես էլ մահացածի խնամքին եղած ընտանիքի համար: Զոհված սպաների անչափահաս կամ ստացիոնար ուսուցման մեջ գտնվող երեխաները զոհված զինծառայողի աշխատավարձի 60 տոկոսի չափով կենսաթոշակ են ստանում: Զոհված սպայի ընտանիքի մնացած անդամների դեպքում, որոնց ցանկը եւս վերը նշված օրենքը սահմանում է, մահացած զինծառայողի աշխատավարձի 40 տոկոսի չափով նպաստ են ստանում: Իսկ ինչ վերաբերում է շարքային զինծառայողների ընտանիքներին վճարվող նպաստների չափին, ապա այն սահմանում է ՀՀ կառավարությունը: Ի դեպ, այդ գումարի չափը պարզելու մեր բոլոր փորձերն անցան ապարդյուն:

Հարկ է նշել, որ կենսաթոշակը վճարվում է միայն զինվորականի խնամքին եղած ընտանիքի անդամներին: Պարտադիր ժամկետային զինծառայողների դեպքում օրենքի այս դրույթը չի կիրառվում, քանի որ 18-20 տարեկան երիտասարդների մեծամասնությունն իր խնամքին ընտանիքի անդամ չի ունենում: Սակայն ղարաբաղա-ադրբեջանական պատերազմի վերսկսվելուց, կամավորականների ռազմաճակատ մեկնելուց հետո մեր իրողությունը կտրուկ փոխվել է:

Այսինքն՝ անհրաժեշտ է, որ ՀՀ կառավարությունը քննարկի նաեւ երիտասարդ` իրենց խնամքին կին եւ երեխա չունեցող զոհված զինվորների ընտանիքներին` ծնողներին, կամ եթե վերջիններս կենդանի չեն, ու նրանց տատն ու պապն են մեծացրել, ապա վերջիններիս կենսաթոշակ վճարելու համակարգի ներդրման հարցը:

Երեկ այս մասին ԱԺ-ում խոսելով՝ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն ասաց. «Պետք է օգնենք, դա փաստ է: Օգնել ենք, օգնում ենք եւ շարունակելու ենք օգնել»:

Մյուս կողմից կամավորականների ռազմաճակատ մեկնելու փաստով պայմանավորված անհրաժեշտ է, որ շարքային կազմի դեպքում եւս հստակ սոցիալական երաշխիքներ սահմանեն: Մասնավորապես, զոհվածների այրիների համար սահմանել կենսաթոշակ, որը նվազագույն աշխատավարձի կրկնապատիկից պետք է պակաս չլինի, իսկ յուրաքանչյուր անչափահաս երեխայի համար այրիները պետք է ստանան մեկ շնչին հասնող նվազագույն սպառողական զամբյուղի չափով գումար: Սա նվազագույնն է, որը պետությունը կարող է անել հայրենիքի համար իրենց կյանքը զոհած իր զավակների ընտանիքների համար:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ




Լրահոս