Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ժամանել է Բաքու:
«Ռուսաստանը շարունակում է իր աջակցությունը Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կարգավորման ուղղությամբ: Հուսով եմ, որ ներկա պահին հաստատված խաղաղությունը կլինի երկարատև և կայուն, կողմերը կկարողանան շարունակել կարգավորման հարցերի քննարկումը բանակցային սեղանի շուրջ: Ես ինքս իմ ժամանակին մեծ ջանքեր եմ գործադրել և կցանկանայի, որ այդ ամենն ապարդյուն չլինի: Ամեն դեպքում, կարող եք չկասկածել, որ Ռուսաստանի Դաշնությունը կանի իրենից կախված ամեն բան»,- Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Ակնհայտ է, որ ներկայիս այցն առավելագույնս նպատակահարմար պետք է օգտագործվի: Իհարկե, այժմ բարդ իրավիճակ է, ցավոք, մենք իրավիճակի սրացման ականատես ենք լինում: Չեմ թաքցնի՝ այդ իրավիճակը մեզ անհանգստացնում է: Մեզ համար երկու պետությունների հետ հարաբերությունները բացառապես կարևոր են: Միևնույն ժամանակ մենք՝ որպես Մինսկի խմբի մասնակից և պատասխանատու պետություն, Անվտանգության Խորհրդի մշտական անդամ, հակված ենք այն մոտեցումներին, որոնք ձևավորվել են ՄԱԿ-ի մակարդակով»,-ասել է Մեդվեդևը:
Իր հերթին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտնել է կոնֆլիկտի գոտում լարվածության մասին և նշել, որ «ավելի քան 400 տուն է ավերվել, եղել են զոհեր խաղաղ բնակչության շրջանում»: «Ադրբեջանը պատասխան միջոցներ է կիրառել»,-Haqqin.az-ը մեջբերում է Ալիևի խոսքը:
Հիշեցնենք, որ երեկ ՌԴ վարչապետը Հայաստանում էր, որտեղ նրան ընդունել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: