
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը հայտնում է, որ ծառայության պետի կողմից տրվել է գրավոր հանձնարարական Ծառայության աշխատակազմի սահմանային հսկիչ կետերին, անկախ ներմուծվող սննդամթերքի ռիսկայնությունը որոշող չափանիշների հիման վրա գնահատման արդյունքից և ուղեկցող փաստաթղթերի առկայությունից, արգելել “Ֆոնտեռա” (“Fonterra”) ընկերության կողմից արտադրված կաթնամթերքի տնօրինումը և կատարել նմուշառում՝ լաբորատոր փորձարկումներով տվյալ բեռի անվտանգությունը որոշելու համար:
Ինչպես հայտնի է, ներկրվող բեռն ուղեկցող փաստաթղթերի՝ ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխանության դեպքում սովորաբար բեռը չի ենթարկվում լաբորատոր փորձաքննության` համաձայն ՀՀ օրենսդրության: Սակայն հիմք ընդունելով 2013թ. օգոստոսի 3-ից 5-ը լրատվամիջոցներում առկա հրապարակումներն այն մասին, որ նորզելանդական “Ֆոնտեռա” (“Fonterra”) ընկերության կողմից արտադրված կաթնամթերքում բոտուլիզմ առաջացնող Clostridium botulinum մանրէ կարող է հայտնաբերվել՝ ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի կողմից այսօր տրվել է գրավոր հանձնարարական Ծառայության աշխատակազմի սահմանային հսկիչ կետերին, անկախ ներմուծվող սննդամթերքի ռիսկայնությունը որոշող չափանիշների հիման վրա գնահատման արդյունքից և ուղեկցող փաստաթղթերի առկայությունից, արգելել “Ֆոնտեռա” (“Fonterra”) ընկերության կողմից արտադրված կաթնամթերքի տնօրինումը և կատարել նմուշառում՝ լաբորատոր փորձարկումներով տվյալ բեռի անվտանգությունը որոշելու համար: