Երեկ համացանցում տարածվեց մի ձայնագրություն, որի հեղինակները ներկայանում են իբրեւ «ՀՀ ՊԵԿ մի խումբ աշխատակիցներ»: Անանուն հեղինակը ընթերցում է մի գրություն, որը ներկայացվում է իբրեւ բաց նամակ՝ հասցեագրված Հայաստանի ԶԼՄ-ներին եւ Սերժ Սարգսյանին: Նամակն ամբողջությամբ կոմպրոմատ է ՀՀ ֆինանսների նախարարի եւ նրա մերձավորների վերաբերյալ: ՀՀ ԱԱԾ-ի մաքսանենգության դեմ պայքարի բաժնի ղեկավարությունը, նույնիսկ ՀՀ պետական պահպանության ծառայության պետ Հրաչյա Հարությունյանը, նույն ինքը՝ Կրակեմ Հրաչն էլ մեղադրվում են մաքսային մարմիններում կոռուպցիոն համակարգ ստեղծելու եւ կառավարելու մեջ, որի միջոցով այդ գործընթացում ներգրավված անձինք ամսական ընդհանուր տասնյակ միլիոնավոր դոլարներ են վաստակել: Այն, որ մեր երկրում գործող կոռուպցիոն համակարգի վերաբերյալ ներկայացված տվյալներում եւ անուններում, կարելի է ասել, ոչ մի նորություն չկա, փաստ է: Ինչպես Սերժ Սարգսյանը հայտարարեց՝ վաղուց այդ ամենի մասին օդում կախված լուրեր կան: Բայց գործարարներն այդ մասին խոսել չեն ցանկանում, քանի որ համարում են անիմաստ եւ համոզված են, որ եթե բարձրաձայնեն, իրենք կտուժեն ու կկորցնեն ունեցվածքը, լրագրողները ուղղակի չեն գրում, քանի որ կարող են զրպարտության մեջ մեղադրվել, որովհետեւ լրատվամիջոցը իրավապահ կառույցի հնարավորություններ չունի՝ անհրաժեշտ ապացույցները ձեռք բերելու համար: Մի խոսքով՝ բոլորը գիտեն, բայց ոչինչ չի փոխվում: Իսկ երեկվա «նամակը», հնարավոր է, խոշոր կոմպրոմատային պատերազմի ընդամենը սկիզբն է: Ներիշխանական խմորումների վառ դրսեւորումներն առջեւում են:
ՀՀ ԱԱԾ քննչական վարչության պետի տեղակալ Միքայել Համբարձումյանը, որը անցած տարվա նոյեմբերի 25-ին վնասազերծված «հանցախմբի» գործը քննող քննչական խմբի ղեկավարն է, երեկ հայտարարեց, թե իրենք գործով անցնող բոլոր մարդկանց շրջանակը պարզել են: Ըստ այդմ, մեղադրանք է առաջադրվել 33 անձանց, որոնցից մեկը հենց խմբին ֆինանսավորողն է: Համբարձումյանը, սակայն, չցանկացավ ասել, թե տվյալ անձը ով է: Նշեց միայն, որ խմբին նա տրամադրել է մոտ 65 հազար դոլար գումար եւ որ նա ՀՀ քաղաքացի է, բնակվել եւ գործել է Հայաստանում: Ըստ նրա՝ «հանցախումը» պլանավորել է Հայաստանում զինված հեղաշրջում իրականացնել եւ այդ նպատակով սկսել է պատրաստվել դեռեւս անցած տարվա մայիսից: Վերը նշված գումարը Հայաստանի համար բավականին լուրջ թիվ է, ուստի, ակնհայտ է, որ նման գումարը նույնիսկ միջին մակարդակի գործարարը չէր կարող հատկացնել ինչ-որ «ռոմանտիկների»: Ուստի իրական են դառնում «օդում կախված լուրերն» այն մասին, որ ֆինանսավորողը, այնուամենայնիվ, հենց Սերժ Սարգսյանի հովանավորյալներից է:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Վարդան Օսկանյանը, որը պատրաստվում է սեփական կուսակցությունը հիմնել, հերթական անգամ հանդիպել է Ռոբերտ Քոչարյանի հետ` պարզելու համար, թե հնարավոր է՝ նա եւս միանա իր կուսակցաշինությանը: Ըստ լուրերի՝ Ռոբերտ Քոչարյանն Օսկանյանին ասել է, որ ինքն առայժմ մտադրություն չունի որեւէ կերպ մասնակցել նրա կուսակցաշինությանը: Եթե Օսկանյանը եւ նրա ապագա կուսակիցները նման կարիք կունենան, գուցե խորհուրդներով օգնի: Այլ կերպ ասած՝ Ռոբերտ Քոչարյանը կշարունակի եւս մի քանի ամիս ստվերից հետեւել Հայաստանում ընթացող գործընթացներին՝ հուսալով, որ միգուցե իր հայտնության համար հարմար պահ գտնվի: Սակայն Հայաստանում ընթացող գործընթացները հուշում են, որ Ռոբերտ Քոչարյանի հայտնությունը Հայաստանի քաղաքական կյանքում միայն մեկ տարբերակով է հնարավոր. վաղ թե ուշ նա ստիպված է լինելու ցուցմունք տալ, թե ինչպես եղավ Մարտի 1-ի ջարդը:
Նախորդ տարվա սեպտեմբերի 19-ին՝ առավոտյան 7-ի սահմաններում, Երեւանի Մաշտոցի պողոտայում տեղի ունեցած ծեծկռտուքի ընթացքում դանակահարվել էր ԱԺ պատգամավոր, ՄԱԿ նախագահ Գուրգեն Արսենյանի թիկնապահ Ավետիս Գալստյանը: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ամեն ինչ սկսվել էր փողոցային մի կռվից, որը նկատելով՝ ԱԺ պատգամավորն անտարբեր չի անցել, կանգնեցրել է ավտոմեքենան, փորձել կարգի հրավիրել մի երիտասարդի գետնին տապալած ու դաժան ծեծի ենթարկող քառյակին: Սակայն ագրեսիվ երիտասարդները, թողնելով իրենց «զոհին», անմիջապես թիրախավորել են պատգամավորին, հայհոյել նրան, որից հետո Արսենյանի օգնականը գործի է դրել բռունցքները: Ծեծկռտուքի ընթացքում Անդրանիկ Գաբրիելյանը դանակահարել է Ավետիսին, որից հետո պատգամավորը ստիպված է եղել մեքենայից հանել զենքը: Բարեբախտաբար, բանը կրակոցներին չի հասել, եւ օգնականին շտապ հիվանդանոց հասցրած Գուրգեն Արսենյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հատուկ շնորհակալություն հայտնեց ՀՀ ոստիկանությանը՝ «խուլիգանական դրսեւորումներով աչքի ընկած երիտասարդներին օպերատիվ կերպով վնասազերծելու համար»: Հավելենք, որ մինչ Մաշտոցի պողոտայի ծեծկռտուքը, նույն երիտասարդները Հանրապետության հրապարակի տարածքում մի անցորդի են ծեծի ենթարկել ու կողոպտել:
ՅՈԹԵՐՈՐԴԸ
Երեկ ԱՄՆ Հավայի նահանգի օրենսդիր մարմինը ճանաչել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը: Հավայիի ներկայացուցիչների պալատը ընդունել է բանաձեւ, որում ասված է, որ նահանգը ճանաչում է «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը եւ նրա քաղաքացիներին, ճանաչում է զոհողությունները, վճռականությունը, որոնք ցուցաբերվել են ԼՂՀ ժողովրդի կողմից` ծայրահեղ դժվարությունների պայմաններում»: Բանաձեւում հիշատակված է տարիներ շարունակ Ղարաբաղի ժողովրդի մղած պայքարը, որը «դարձել է Խորհրդային Միության փլուզման կատալիզատորներից մեկը եւ որը հանդիսանում է ինքնորոշման համար պայքարող բազմաթիվ ազգերի ոգեշնչման աղբյուր»: Ուշագրավ է, որ Հավայիի օրենսդիր մարմինը նաեւ արձանագրել է, որ Լեռնային Ղարաբաղը հաստատուն քայլերով առաջ է գնում ժողովրդավարական ուղիով` անցկացնելով ազատ եւ անկախ ընտրություններ:
Այսպիսով` Հավային դարձավ ամերիկյան թվով յոթերորդ նահանգը, որը ճանաչում է Արցախի անկախությունը: Մինչ այդ, հիշեցնենք, ԼՂՀ անկախությունը ճանաչել էին Ռոդ Այլենդը, Մասաչուսեթսը, Լուիզիանան, Մեյնը, Կալիֆորնիան եւ Ջորջիան: Վերջինի դեպքում, ի դեպ, դա տեղի ունեցավ բոլորովին վերջերս` մարտի 4-ին, եւ ստացվում է, որ մեկ ամսվա ընթացքում ԱՄՆ միանգամից երկու նահանգ է ճանաչում Արցախի անկախությունը: Սա, իհարկե, չի կարող պատահական լինել եւ վկայում է հատկապես վերջին շրջանում ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում Միացալ Նահանգների առանձնահատուկ ուշադրության, եւ, ինչու ոչ, նման ճանաչումներով նաեւ որոշակի վերաբերմունքի մասին:
Ընդ որում, հատկանշական է, որ Հավայի օրենսդիր մարմնի կողմից ԼՂՀ անկախության ճանաչումը տեղ ունեցավ հենց այս փուլում, երբ աշխատանքային այցով Միացյալ Նահանգներում է գտնվում Սերժ Սագսյանը, որի այցն, ի դեպ, բավականին տպավորիչ է ընթանում հատկապես ԱՄՆ-ում հայ գիտական ներուժի առկայության ընդգծման եւ դրա ֆոնին Հայաստանի Հանրապետության պոտենցիալի ներկայացման տեսանկյունից:
Բնակչությամբ ոչ այդքան մեծ ԱՄՆ Հավայի նահանգի օրենսդիրների կողմից հենց երեկ ԼՂՀ անկախությունը ճանաչող բանաձեւի ընդունումը միեւնույն ժամանակ շատ խոսուն ապտակ է Ադրբեջանի նախագահին, որը նույն օրը ժամանեց ԱՄՆ՝ մասնակցելու այսօր մեկնարկող միջուկային անվտանգության գագաթնաժողովին:
ԼՂՀ անկախությունը ճանաչող նահանգային այս բանաձեւի նշանակությունը չգերագնահատելով հանդերձ` նկատենք, որ այն խիստ որոշակի մեսիջ է` ուղղված Ալիեւի բռնատիրական ռեժիմին եւ միեւնույն ժամանակ խաղաքարտ է՝ հօգուտ հայկական կողմի` այսօր մեկնարկելիք գագաթնաժողովում հնարավոր շփումներից առաջ: