Հիշատակ և ոգեշնչում. «Զինվորիս հետ»` համերգ-դրամահավաք` հօգուտ Արցախի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը ապրիլի 9-ին՝ երեկոյան 19:00-ին, նախաձեռնում է բացօթյա համերգ եւ դրամահավաք՝ «Զինվորիս հետ» խորագրով: Միջոցառումը տեղի կունենա «Կասկադ» համալիրում: Շուրջ 3 ժամ Ֆիլհարմոնիկի հետ բեմում կլինեն Ազգային ակադեմիական երգչախումբը (գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր` Հովհաննես Չեքիջյան) եւ Արա Գեւորգյանի ժողովրդական գործիքների խմբի երաժիշտները: Բեմահարթակի մոտ տեղադրված կլինեն արկղեր, որոնց մեջ հավաքվելիք գումարը համապատասխան կառույցների վերահսկողությամբ` կտրամադրվի 4-օրյա պատերազմից տուժած ազգաբնակչության, վիրավոր զինվորների եւ ավիրված տարածքների վերականգնման կարիքները հոգալուն:

Համերգային ծրագիրը կներառի գերազանցապես հայ դասական կոմպոզիտորների ստեղծագործություններ, նաեւ` հայրենասիրական երգեր, երաժիշտ, երգահան Արա Գեւորգյանի հայտնի մշակումները:

Ֆիլհարմոնիկ նվագախմբի տնօրեն Ռուզաննա Սիրունյանը ArmLur.am-ին տեղեկացրեց, որ համերգի ընթացքում կհնչի երաժշտություն, որը կնվիրվի զոհված զինծառայողներին եւ որը ոգեշնչող դեր կունենա սահմանին կանգնած մեր զինվորների համար:

Նրա խոսքով` համերգին կհնչեն կոմպոզիտորներ Արամ Խաչատրյանի, Ալեքսանդր Հարությունյանի, Էդվարդ Միրզոյանի, Վահան Արծրունու եւ այլոց գործերը, իսկ իրենց ներկայությամբ միջոցառումը կպատվեն կոմպոզիտորներ Տիգրան Մանսուրյանը, Ռոբերտ Ամիրխանյանը, դիրիժոր Դավիթ Ղազարյանը, ջութակահար Էդուարդ Թադեւոսյանը. «Կարծում եմ` էլի միացողներ կլինեն: Համենայն դեպս, մենք բոլորին համերգի մասին տեղյակ կպահենք, փորձելու ենք այնպես անել, որ մեծ լսարան ունենանք»,- ասաց Ռ. Սիրունյանը:

Ինչ վերաբերում է դրամահավաքին, նվագախմբի տնօրենը նշեց, որ հնարավոր է` արկղը բացվի, եւ արդյունքներն ամփոփվեն հենց ժողովրդի աչքի առաջ. «Նման նպատակ ունենք, դա դեռ կքննարկենք: Պաշտպանության նախարարության հետ կքննարկենք նաեւ գումարը որքան հնարավոր է շուտ տեղ հասցնելու հարցը»:
Նշենք, որ համերգի կայացմանը տեխնիկապես կաջակցեն «Ֆորտե» եւ «Օվացիա» ընկերությունները:

Աննա Բաբաջանյան




Լրահոս