ԼՈՒՐ ԿԱԴՐ
Լուսանկարն արվել է մայրաքաղաքի կենտրոնում
Այս քաղաքային տրանսպորտի կին վարորդն իջել է տրոլեյբուսից եւ փորձում է կարգի բերել այն: Անսարքության պատճառով տրոլեյբուսը հայտնվել է ավտոճանապարհահատվածի հենց կենտրոնում: Վարորդը, ի վերջո, կարողացավ գլուխ հանել, եւ տրոլեյբուսն աշխատեց:
ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք, թե ի՞նչ ժամկետում է տրամադրվում ընտանեկան կարգավիճակի մասին տեղեկանքը:
Նարեկ Իվանյան (27 տարեկան, զինվորական)
ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ ընտանեկան կարգավիճակի մասին տեղեկանքը
– տրվում է համապատասխան փաստաթղթերը արդարադատության նախարարություն ներկայացնելուց հետո 5-օրյա ժամկետում: Նշված ժամկետը կարող է կրճատվել ԱՆ արտաբյուջետային հաշվին կատարվող լրացուցիչ վճարման դիմաց՝ մինչեւ 1 օր:
– Ներկայացված փաստաթղթերում նշված տեղեկությունները ստուգելու անհրաժեշտություն առաջանալու դեպքում ժամկետը կարող է երկարացվել եւս 7 օրով:
– Եթե տեղեկանք ստանալու դիմումը տրվել է այլ պետությունում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություն կամ հյուպատոսական հիմնարկ, ապա դիմում-հայտարարության եւ ներկայացված փաստաթղթերի պատճենները ՀՀ ԱԳՆ-ի միջոցով ուղարկվում են ՀՀ ԱՆ: Փաստաթղթերի ամբողջականությունը ստուգելուց հետո նախարարությունը 5-օրյա ժամկետում ՀՀ ԱԳՆ-ն տրամադրում է ընտանեկան կարգավիճակի մասին տեղեկանք՝ հարցումը նախաձեռնողին փոխանցելու համար:
– Հյուպատոսական հիմնարկը նախարարության կողմից տրված տեղեկանքի հիման վրա դիմողին տրամադրում է ընտանեկան կարգավիճակի մասին տեղեկանք՝ հաստատված հյուպատոսական հիմնարկի ղեկավարի ստորագրությամբ եւ կնիքով:
ՀՀ արդարադատության նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ընտանեկան կարգավիճակի մասին տեղեկանք տրամադրելու համար գանձվում է պետական տուրք՝ 1000 ՀՀ դրամ:
ՀԱՐՑ. Եթե անձը անչափահաս կամ անգործունակ, կամ սահմանափակ գործունակ է, ապա կենսաթոշակ ստանալու համար ի՞նչ պետք է անի նա: Խնդրում եմ ասեք՝ ո՞վ կարող է դիմել կենսաթոշակ նշանակող մարմին՝ նրա կենսաթոշակի ձեւակերպման հարցը կարգավորելու համար:
Իրինա Մանուկյան (35 տարեկան, օպերատոր)
ՊԱՏԱՍԽԱՆ. Ի. Մանուկյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ անգործունակ կամ սահմանափակ գործունակ, կամ մինչեւ 14 տարեկան անչափահաս անձին կենսաթոշակ նշանակելու համար նրա հաշվառման վայրի կենսաթոշակ նշանակող ստորաբաժնում գրավոր դիմում է ներկայացնում ծնողը (որդեգրողը կամ խնամակալը, կամ հոգաբարձուն):
Հայտնում ենք նաեւ, որ եթե անչափահաս կամ անգործունակ, կամ սահմանափակ գործունակ անձի օրինական ներկայացուցիչը համապատասխան կազմակերպությունն է (մանկատունը կամ հոգեբուժարանը), որտեղ գտնվում է անչափահաս կամ անգործունակ, կամ սահմանափակ գործունակ անձը, նրան կենսաթոշակ նշանակելու համար գրավոր դիմումը եւ անհրաժեշտ փաստաթղթերը կազմակերպության գտնվելու վայրի կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում է ներկայացնում այդ կազմակերպության ղեկավարը կամ նրա լիազորած անձը:
14 տարեկան անձն իրավունք ունի կենսաթոշակ նշանակելու համար դիմել անձամբ:
Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ 2015 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կենսաթոշակառուների թվաքանակը կազմել է 464.948 մարդ, որոնցից աշխատանքային կենսաթոշակառուների թվաքանակը կազմել է 462.539, զինծառայության հետ կապված կենսաթոշակառուների թվաքանակը՝ 2.409 մարդ: