Այսօր` ապրիլի 1-ին, ամբողջ աշխարհը նշում է երգիծանքի եւ հումորի, կամ ժողովրդական ընկալմամբ՝ խաբելու օրը, որը Հայաստանում պետականորեն ընդունվեց եւ սկսեց տոնվել 2006 թվականից, ՀՀ կառավարության փետրվարի 16-ի որոշմամբ: Կարելի է նկատել, որ սա նշանակալի իրադարձություն է համարվում այն առումով, որ պետության կողմից կարեւորվեց հումորի նշանակությունը, եւ խաբելու սիրահարներին, ըստ էության, «պաշտոնապես» հնարավորություն ընձեռվեց:
Երեկ «Ժողովուրդ»-ը ապրիլմեկյան տրամադրություններով հարցախույզի դուրս եկավ մի շարք պաշտոնյաների շրջանում` փորձելով պարզել` արդյոք ապրիլի 1-ին «խաբելու» են, թե ոչ: Մեր հարցախույզը ցույց տվեց, որ ՀՀ կառավարությունում բացառապես «հրեշտակներ» են աշխատում:
ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյան
-Պարո՛ն Մուրադյան, ապրիլմեկյան կատակներ անում ե՞ք: Ե՞րբ եք վերջին անգամ ինչ-որ մեկին խաբել:
-Իհարկե, ես էլ հումորի զգացումից զուրկ չեմ, սիրով անում եմ:
-Կհիշեք մեկ դեպք, երբ Ձեզ են խաբել:
-Այս պահին ոչ:
-Իսկ դժվա՞ր չէ նախարարի պաշտոնում աշխատել եւ չխաբել:
-Բժշկի աշխատանքում, առհասարակ, խաբելու հարցում մոտեցումը շատ տարբեր կարող է լինել, երբ հիվանդի հետագա առողջության հետ կապված բժիշկը ոչ ամբողջական եւ ոչ հստակ տերմինաբանությունով կարողանում է իր դիագնոզը ասել: Բայց սա ստել չի կարելի համարել: Կարծում եմ, որ ստելը իրենով մեղք է, եւ ստախոսները պետք է պախարակվեն:
ՀՀ Էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյան
-Պարո՛ն Մինասյան, վերջին անգամ ե՞րբ եք խաբել:
-Չեմ հիշի այդպիսի բան: Բայց ես ապրիլի 1-ը ավելի շատ հումորի օր եմ ընկալում, ոչ թե խաբելու: Հումորը միշտ էլ կա, բայց սուտ՝ չէ:
-Իսկ կհիշեք, թե Ձեզ երբ են ստել:
-Սուտ բառը եթե կանխամտածված ինչ-որ հատուկ բան է, չեմ հիշում, բայց հումոր գրեթե ամեն օր պատահում է, որ անում են:
-Հնարավո՞ր է առանց խաբելու նախարար աշխատել:
-Չեմ կարծում, որ պաշտոնը եւ սուտը ուղիղ կապված են իրար հետ: Կարող ես ապրել առանց ստելու, կեղծելու:
-Հե՞շտ եք հասկանում, երբ Ձեզ ստում են:
-Փորձում եմ:
ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյան
-Պարո՛ն Քոչարյան, ապրիլի 1-ին հաճա՞խ եք ստում:
-Ինձ թվում է՝ չեմ ստում, իսկ կատակը միշտ էլ սիրում եմ, անկախ նրանից՝ ապրելի 1-ն է, 2-ն է… Համենայն դեպս, եթե կատակներ անում եմ, ոչ չար կատակներ եմ անում:
-Իսկ Ձեր հանդեպ չար կատակ եղե՞լ է:
-Չեմ կարող մեջբերել, հիշել:
-Ի՞նչ եք կարծում՝ հե՞շտ է լինել պաշտոնյա եւ չստել:
-Չեմ կարծում, որ դա այդպես է: Նույնն էլ ասում են արտաքին հարաբերությունների մասին… Ես կարծում եմ, որ ամեն ինչի հիմքում բարոյականությունն է: Եթե բարոյական չի, ապա արդյունավետ չի:
ՀՀ Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Լեւոն Յոլյան
-Պարո՛ն Յոլյան, սովորաբար ապրիլի 1-ին կատակ անո՞ւմ եք:
-Այո՛, շատ հաճախ: Ես ընդհանրապես կատակներ սիրում եմ եւ ոչ միայն ապրիլի 1-ին:
-Վերջին անգամ ե՞րբ եք ստել:
-Ընդհանրապես չեմ ստում: Փորձում եմ ամեն դեպքում, եւ ստացվում է:
-Մեկ դեպք կարո՞ղ եք հիշել, երբ Ձեզ հետ են ապրիլմեկյան կատակ արել:
-Այս պահի դրությամբ չեմ կարող հիշել:
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյան
-Պարո՛ն Նազարյան, կարո՞ղ եք մտաբերել, թե երբ եք վերջին անգամ խաբել:
-Չեմ հիշում:
-Իսկ Ձեզ ե՞րբ են խաբել:
-Կարծում եմ՝ ամեն օր:
-Դժվա՞ր չէ պաշտոն ունենալ եւ հեռու լինել ստից:
-Բացարձակ: Ընդհակառակը, սա այն պաշտոնն է, որ ստելը հակացուցված է եւ ընդհանրապես չի կարելի:
ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյան
-Պարո՛ն Մարտիրոսյան, ապրիլի 1-ի հետ կապված կարո՞ղ եք հիշել՝ երբ եք վերջին անգամ ստել:
-Չէ՛: Իմ տարիքը չի ներում, որ ես ստեմ:
-Իսկ երիտասարդ տարիների՞ն:
-Ոչ էլ այդ ժամանակ:
ՄԵՆՔ ԻՍՊԱՌ ՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՆՔ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԵՐԱԿԱՏԱՐՈՒՄԸ
ՀՀ կառավարությունը երեկ հավանություն տվեց Աժ պատգամավոր Էդմոն Մարուքյանի առաջարկած օրենսդրական նախագծին, որի համաձայն՝ ընտրախախտումներ կատարողներն այսուհետ ոչ թե տուգանվելու են, այլ ազատազրկվելու:
ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը, ներկայացնելով ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանի կողմից առաջարկվող «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենսդրական նախագիծը, նշեց, որ դրանում մի շարք իրավական խնդիրներ կան: Նշենք, որ օրենքի նախագծով առաջարկվում է ՀՀ քրեական օրենսգրքի 153-րդ հոդվածի սանկցիայից հանել տուգանքը՝ որպես պատժատեսակ, եւ թողնել միայն ազատազրկման ձեւով պատիժը:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այս հարցը կարեւորելով` նախ ներկայացրեց սեփական դիրքորոշումը, նաեւ ցանկացավ կարծիքներ լսել. «Ես ուսումնասիրել եմ, ինձ մասնագետները զեկուցել են, որ, օրինակ, Գերմանիայում եւ Շվեյցարիայում գործում է ե՛ւ տուգանքը, ե՛ւ ազատազրկումը, բայց քանի որ մենք՝ իշխանություններս, մեր քաղաքական թիմը, խնդիր ենք դրել մեր առջեւ` էապես բարձրացնել հանրային վստահությունը ընտրությունների նկատմամբ, ես կարծում եմ` ճիշտ կլինի՝ մենք տանք համաձայնություն, եւ թող ԱԺ-ն որոշի: Ես գտնում եմ, որ իրավական առումով ճիշտ չէ, բայց քաղաքական առումով ընդունենք, որպեսզի զերծ մնանք ոչ օբյեկտիվ քննադատություններից եւ մեր քաղաքացիներին բացատրենք, որ նման խախտումների չգնան»,- ասաց նա:
Այնուհետեւ իր կարծիքը հայտնեց ՀՀ Էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը. «Կարելի է մեծացնել տուգանքի չափը կամ առնվազն նախատեսել այնպիսի դեպքեր, որոնց բացակայության դեպքում կարելի կլինի տուգանքը կիրառել»,-նշեց նա:
ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանն էլ նկատեց. «Ես կարծում եմ` պետք է վստահել դատարանին` հնարավորություն ընձեռելով անհատականացնել պատիժը: Կան բազմաթիվ դեպքեր, որ շատ ծանր է հանցագործությունը, կամ հակառակը` այդքան ծանր չէ: Պատահական չէ, որ մենք տուգանքը՝ որպես քրեական հանցագործության համար պատժատեսակ, սահմանել ենք: Ինձ թվում է՝ սա շատ արհեստական ու կոշտ է եւ քաղաքական կոնյունկտուրայից ելնելով արված առաջարկություն է: Այս կերպ մենք իսպառ վերացնում ենք դատարանի դերակատարումը: Ինչի չգիտե՞նք, որ գյուղերում լինում են դեպքեր, երբ ամուսինը կնոջ անձնագրով գալիս է քվեարկության, ազատազրկե՞նք: Ինձ թվում է` սա իրավական առումով սխալ է»:
Չնայած նախարարների վերապահումներին` կառվարությունը հավանություն տվեց նախագծին:
Այնուհետեւ «Հող հատկացնելու եւ Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» որոշման նախագծով հանդես եկավ ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը: Առաջարկի հիմնապատճառը ՀՀ Շիրակի մարզի Շաղիկ համայնքն է, որի գյուղատնտեսական նշանակության հողերը ներկայումս չեն բավարարում համայնքի անասնապահական կարիքներին: Խնդրին լուծում տալու համար անհրաժեշտ է համայնքին անմիջականորեն հարող 140 հա տարածքը հատկացնել Շաղիկ համայնքին` որպես խոտհարք օգտագործելու համար:
Այս կապակցությամբ Ա. Գրիգորյանը մեկ օր ժամանակ խնդրեց՝ մշակույթի նախարարության հետ ճշտումներ անելու համար:
Նյութերը՝ ԱՐՓԻՆԵ ԹՈՎՄԱՍՅԱՆԻ
ՔՆՆՉԱԿԱՆԻ ՊԵՏԻ ԱՐԴԱՐԱՑՈՒՄԸ
«Ժողովուրդ»-ը բազմիցս անդրադարձել է այս տարվա մարտի 8-ին Գորիսի ոստիկանապետ Գեւորգ Ազիզյանի կողմից Արթուր Գեւորգյանին ծեծելու պատմությանը: Նշել ենք, որ միջադեպին ներկա են եղել ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզի վարչության պետ Վահրամ Դաղունցը, Սյունիքի մարզի դատախազ Վազգեն Հարությունյանը, նրա տեղակալ Ասպուր Ավետիսյանը: Ավելին՝ հենց վերջիններիս գործուն ջանքերի շնորհիվ է ծեծվածը դարձել ՀՀ քրեական օրենսգրքի 316 հոդվածով մեղադրյալ, այսինքն` իբրեւ թե նա բռնություն է գործադրել իշխանության ներկայացուցչի նկատմամբ:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ օրերս Վահրամ Դաղունցին կանչել են Երեւան՝ ՀՀ քննչական կոմիտե, եւ նրանից հետաքրքրվել, թե ինչ է տեղի ունեցել մարտի 8-ին Գորիսում: Ըստ լուրերի՝ Վահրամ Դաղունցն ասել է, թե Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանն է ընկել իրենց հետեւից: Հիշեցնենք, որ միջադեպի տեսանյութում հստակ երեւում է, թե ինչպես է Գորիսի ոստիկանապետը ծեծում Արթուր Գեւորգյանին: Այս պատմության մյուս տարօրինակությունն այն է, որ միջադեպի քննության ընթացքում Սյունիքի ՔԿ վարչության պետը, դատախազը եւ նրա տեղակալը շարունակում են պաշտոնավարել: Բոլոր հիմքերը կան կարծելու, որ նրանք իրենց պաշտոններով կազդեն նախաքննության ընթացքի վրա: Հիշեցնենք, որ «Ժողովուրդ»-ի կողմից միջադեպի տեսագրությունը հրապարակելուց հետո՝ մարտի 23-ին, Գորիսի ոստիկանապետ Գեւորգ Ազիզյանի լիազորությունները կասեցվեցին մինչեւ միջադեպի քննության ավարտը:
ՔԻՉ ԵՎ ԱՂՔԱՏ
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ այս տարվա առաջին երկու ամիսներին, անցած տարվա համեմատ, Հայաստանում հացի, մսի եւ երշիկեղենի արտադրության ծավալները նվազել են: Տվյալ դեպքում հացի արտադրության 2 տոկոս նվազումը պայմանավորված է սպառողների, այսինքն՝ բնակչության թվի կրճատմամբ: Մսի արտադրության 5,3 տոկոս նվազումը երկու պատճառ ունի՝ սպառողների թվի նվազում եւ առկա սպառողների գնողունակության անկում: Երշիկեղենի արտադրության 1.2 տոկոսով անկումը եւս վերը նշված երկու գործոններով է պայմանավորված:
ՄԵԿ ՏԱՐԻ ԱՆՑ
Ինչպես հայտնի է՝ անցած տարվա հունիսի 23-ի վաղ առավոտյան Բաղրամյան պողոտայում նստացույցը ցրելու ընթացքում ցուցարարների եւ լրագրողների նկատմամբ բռնություն կիրառելու փաստով քրեական գործ էր հարուցվել: ՀՔԾ-ում քրեական գործը հարուցվել էր ՀՀ ՔՕ 309-րդ (պաշտոնեական լիազորությունները անցնելը) եւ 164-րդ (լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելը) եւ 185-րդ (գույքը դիտավորությամբ ոչնչացնելը) հոդվածների հատկանիշներով: Շուտով կլրանա մեկ տարին, մինչ օրս ՀՔԾ-ն ձեւացնում է, թե չի կարողանում մեղավորներին հայտնաբերել, ու շարունակում են լրագրողներին հարցաքննության հրավիրել: Հավանաբար հույս ունեն, որ, ի վերջո, լրագրողները կհրաժարվեն ցուցմունք տալ եւ գործի չբացահայտման մեղքը կգցեն լրագրողների վրա ու կփակեն: