Ապրիլի 7-ի երեկոյան, մոտ կես ժամ, ժամը 22.30-ից մինչեւ 23.00-ն ադրբեջանական զինուժը Ղազախի շրջանի Ղուշչի-Այրում գյուղի հենակետերից կրակ է բացել Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ Բաղանիս գյուղի վրա: Բազմաթիվ անգամ զանգահարեցի Բաղանիս համայնքի ղեկավար Նարեկ Սահակյանի բջջային հեռախոսահարին, սակայն նա անհասանելի էր: Բաղանիսի բնակիչները «Ժողովրդին» հայտնեցին, որ գնդակները դիպել են գյուղի տների պատերին, տանիքներին: Գնդակներն ընկել են նաեւ միջպետական ճանապարհի մաս կազմող Բաղանիսի ճանապարհի վրա:
Վերջին մի քանի օրերին ադրբեջանական զինուժը հրաձգային զենքերից, խոշոր տրամաչափի գնդացիրներից բազմիցս գնդակոծել է Բաղանիսը: Գյուղի դիրքը լավ տեսանելի, խոցելի է ադրբեջանական զինուժի համար: 1990-ական թվականներին ադրբեջանցիները տանկերից եւ հետեւակի մարտական մեքենաներից շատ են ռմբակոծել ճանապարհի երկայնքով ձգվող Բաղանիսը, գյուղում եղել են բազմաթիվ զոհեր: Ակնկալվում է, որ առաջիկայում կհաշվեն ադրբեջանական վերջին գնդակոծություններից Բաղանիսի բնակիչների կրած նյութական վնասները,որպեսզի պետական բյուջեից դրամական փոխհատուցում հատկացվի:
Ոսկան Սարգսյան
Տավուշ