Արտերկրից Հայաստան փոխանցվող գումարները` տրանսֆերտները, այս տարվա ընթացիկ ժամանակահատվածում շարունակում են նվազել: Վերջին տվյալները, որոնք հրապարակվեցին երեկ, վերաբերում են այս տարվա հունվար-փետրվարին եւ փաստում են, որ տրանսֆերտների մակարդակը իջել եւ հավասարվել է 2006 թվականի ցուցանիշին:
Այսպես՝ ՀՀ կենտրոնական բանկի՝ երեկ հրապարակած տվյալների համաձայն՝ այս տարվա փետրվարին ֆիզիկական անձանց անունով ստացված տրանսֆերտների զուտ ներհոսքը, այսինքն՝ Հայաստան փոխանցված եւ մեր հանրապետությունից արտերկիր ուղարկված գումարների դրական տարբերությունը կազմել է 38 մլն 730 հազար դոլար: Սա այն դեպքում, երբ անցած տարվա փետրվարին, երբ տրանսֆերտներն առանց այդ էլ կտրուկ նվազել էին, զուտ ներհոսքը կազմել էր 41 մլն 269 հազար դոլար: Նկատենք, որ այս տարվա երկու` հունվար եւ փետրվար ամիսների արդյունքներով տրանսֆերտների զուտ ներհոսքը կազմել է 68 մլն 126 հազար դոլար:
Տրանսֆերտների զուտ ներհոսքի նվազման դինամիկան առավել հասկանալի դարձնելու համար ներկայացնենք վերջին երեք տարիների տվյալները:
2014թ. 2015թ. 2016թ.
Հունվ. 78,614 մլն$ 38,821 մլն$ 29,396 մլն$
Փետր. 76,457 մլն$ 41,269 մլն$ 38,730 մլն$
Ընդ. 155, 071 մլն$ 78, 090 մլն$ 68,126 մլն$
Այսինքն՝ երկու տարվա կտրվածքով տրանսֆերտները կրճատվել են գրեթե երկուսուկես անգամ: Հաշվի առնելով այն փաստը, որ Հայաստանի տնտեսությունը մեծ հաշվով գոյատեւում է հենց տրանսֆերտների հաշվին, ստեղծված իրավիճակն է նաեւ պատճառը, որ բնակչության գնողունակությունը գնալով նվազում է: Ուստի ամենեւին էլ պատահական չէ, որ չնայած պաշտոնական վիճակագիրները այս տարվա առաջին երկու ամիսներին, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, արդյունաբերական արտադրանքի ծավալների մոտ 10 տոկոս աճ են արձանագրել, սակայն առեւտրի շրջանառությունը Հայաստանում շարունակում է նվազել: Մասնավորապես այս տարվա հունվար-փետրվարին, անցած տարվա նույն ամիսների համեմատ, առեւտրի շրջանառությունը նվազել է մոտ երկու տոկոսով: Գումարային արտահայտությամբ առեւտրի անկումը կազմել է մոտ 5 միլիարդ դրամ: Հատկանշական է նաեւ այն փաստը, որ առեւտրի շրջանառության անկումը հատկապես պայմանավորված է մանրածախ առեւտրի ծավալների անկմամբ, որը տոկոսային արտահայտությամբ կազմել է 5 տոկոս, իսկ գումարայինով` մոտ 8 միլիարդ դրամ: Ստացվում է, որ Հայաստանում բնակչության գնողունակությունն անցած տարվա սկզբի համեմատ նվազել է, կամ մարդիկ 5 տոկոսով ավել են աղքատացել:
Ի դեպ, իրավիճակը ավելի վատ կարող էր լինել, եթե այս տարվա սկզբից դեպի ԱՊՀ երկրներ արտահանման ծավալները չվերականգնվեին: Բանն այն է, որ Հայաստանի տնտեսությունում ստեղծված ճգնաժամը որոշակիորեն մեղմում է այն փաստը, որ այս տարվա սկզբից դեպի ԱՊՀ, իսկ ավելի կոնկրետ՝ դեպի Ռուսաստանի Դաշնություն եւ Ուկրաինա հայկական ապրանքների արտահանումը կրկին վերսկսվել է: Մասնավորապես, այս տարվա երկու ամիսների արդյունքներով ընդհանուր արտահանումը աճել է 23,6 տոկոսով, որը տեղի է ունեցել հենց դեպի ԱՊՀ երկրներ արտահանման ծավալների 73,4 տոկոս աճի շնորհիվ: Օրինակ՝ դեպի Ռուսաստան արտահանումը աճել է երկու անգամ, իսկ Ուկրաինա` երկուսուկես անգամ:
Հարկ է արձանագրել, որ այս տարվա երկու ամիսների արդյունքներով պետական բյուջեի եկամուտներն անցած տարվա համեմատ նվազել են 2,1 տոկոսով: Ի դեպ, պետբյուջեի հարկեր եւ տուրքերից ստացվող եկամուտները նվազել են 2 տոկոսով: Գումարային արտահայտությամբ նշանակում է, որ այս տարվա հունվար-փետրվարին, անցած տարվա նույն ամիսների համեմատ, հարկեր եւ տուրքերը պակաս են հավաքագրվել շուրջ 3 միլիարդ դրամով: Իսկ ինչպես հայտնի է՝ հարկեր եւ տուրքերի նվազումը տնտեսության լավ վիճակից չէ, որ տեղի է ունենում: Սակայն հաշվի առնելով մեր պաշտոնական վիճակագիրների «նկարչական հմտությունները»` կասկածից վեր է, որ նրանք պարտադիր տնտեսական աճ կարձանագրեն:
ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ
«ՏԱՂԱՆԴԱՎՈՐ» ՊԵՏԸ
ՀՀ ոստիկանության առանձին ստորաբաժիններ չեն դադարում իրենց «հնարամտությամբ» մեզ զարմացնել: Նախօրեին «Ժողովուրդ» օրաթերթը ստացել էր ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության Վարդենիսի բաժնի պետ Հ. Լ. Ղամբարյանի ստորագրությամբ մի գրություն, որով օրաթերթի պաշտոնական կայքի` armlur.am-ի լրագրողին հրավիրել է «բացատրություն տալու»:
Ոստիկանության Վարդենիսի պետին տեղեկացնենք, որ «բացատրություն» տերմինով քրեադատավարական գործընթաց գոյություն չունի: Անձը հրավիրվում է ցուցմունք տալու` վկայի, մեղադրյալի կամ կասկածյալի կարգավիճակում: Սա ի գիտություն:
Բայց գրության մեխը միայն դա չէ: Փոխգնդապետն իր գրությունը թվագրել է մարտի 25-ին, որը ստորագրելուց հետո փոստով ուղարկել է մայրաքաղաք Երեւան, որպեսզի մեր լրագրողը մարտի 26-ին` Սուրբ Զատիկի նախօրեին, ժամը 15.00-ին լինի ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության Վարդենիսի բաժնում: Ոստիկանապետը տարրական հաշվարկ չի կարողացել անել, որ գրությունը փոստով ուղարկելուն հաջորդում է միանգամից երեք ոչ աշխատանքային օր, ինչը նշանակում է, որ այն հասցեատիրոջը կհասնի 5 օրից ոչ շուտ:
Ինչեւէ, մարտի 26-ին ներկայանալու գրությունը երեկ` մարտի 31-ին, մենք ստացանք, որից հասկանալի դարձավ, որ դրա առիթը armlur.am-ի մարտի 13-ին հրապարակած «Երեւան-Վարդենիս գծի տերերը ծեծել են ազատամարտիկ Հեբոյի որդուն» հրապարակումն է: Եւ ցանկանում ենք պաշտոնապես տեղեկացնել, որ մենք Վարդենիսի ոստիկանությանը բացատրելու ոչինչ չունենք դեպքի մասին: Այն, ինչ մեզ հայտնի էր, հրապարակել ենք armlur.am-ում եւ «Ժողովուրդ» օրաթերթում:
ՆՊԱՏԱԿԸ ԼԱՎՆ Է
Ինչպես հայտնել էինք՝ «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը հայտարարել էր, որ ընդդիմադիր ուժերի հետ բանակցությունների շարք է սկսում: Ըստ այդմ, «Նոր Հայաստանի» քաղխորհրդի յուրաքանչյուր անդամ պետք է որոշեր, թե ընդդիմադիր ուժերից որ մեկի հետ է ինքը բանակցելու: ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում «Նոր Հայաստանի» նախաձեռնության վերաբերյալ ասաց, որ ողջունում է իշխանափոխության գաղափարը: «Նպատակը շատ լավն է, դա նաեւ մեր ցանկությունն է, սակայն միջոցները եւ գործիքները համոզիչ չեն այս պահին: Պետք է մտածել, քննարկել՝ ինչպես անել դա, միայն ցանկությունը բավարար չէ: 1-2 շաբաթ հետո, երբ ավարտվի նոր ընտրական օրենսգրքի շուրջ բանակցությունների փուլը, մենք նոր դիրքորոշմամբ հանդես կգանք»,- ասաց Մանուկյանը:
ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ ԿԱԴԱՍՏՐՈՒՄ
«Ժողովուրդ»-ը օրեր առաջ նկատել էր, որ ԱԺ պատգամավոր Միքայել Մելքումյանը ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Կոմիտասի մասնաճյուղում, թղթերի խուրցը ձեռքին, անհանգիստ այս ու այն կողմ է գնում-գալիս: Մելքումյանից փորձեցինք պարզել, թե ինչ էր պատահել: Ի պատասխան՝ նա ասաց, որ լուրջ խնդիր չի եղել, ընդամենն անձնական հարցով է այցելել կադաստր:
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ
ՎԵՐՋՆԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը երեկ Վաշինգտոնում միջուկային անվտանգության գագաթնաժողովի մեկնարկից առաջ հանդիպել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի հետ։ Ի թիվս այլ հարցերի՝ կողմերը քննարկել են նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության թեման։ Քերրին ասել է, որ Միացյալ Նահանգները ցանկանում են գտնել Ղարաբաղի խնդրի վերջնական լուծում։ «Մենք ցանկանում ենք վերջնականապես կարգավորված տեսնել Լեռնային Ղարաբաղի սառեցված հակամարտությունը, դա պետք է լինի բանակցված կարգավորում, ինչը պետք է արվի ժամանակի ընթացքում»,- ասել է Ջոն Քերրին։
ՃՆՇԵԼՈՎ
«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, անդրադառնալով նախօրեին մեկնարկած 4+4+4 ձեւաչափով բանակցություններին կուսակցության ներկայացուցչի բացակայությանը, նշել է, որ իշխանությունը պատրաստ չէ ընդունել իրենց հինգ առաջարկները. «Իշխանությունների մոտ, այնուամենայնիվ, այդ պատրաստակամությունը ես չեմ տեսնում, որ իրենք բովանդակային քայլերի գնան առանց կա՛մ շատ հզոր արտաքին ճշնման, կա՛մ շատ հզոր փողոցային ճնշման, կա՛մ երկուսի հավասարազոր ճնշումների»: Այնուամենայնիվ, Մարտիրոսյանը նշել է, որ «Ժառանգությունը» պատրաստ է աջակցել բանակցողներին:
ՄԱՍԱՉՈՒՍԵԹՍՈՒՄ
Սերժ Սարգսյանը մարտի 30-ին ԱՄՆ-ի Մասաչուսեթս նահանգում այցելել է հայկական Սուրբ Հակոբ եկեղեցի, որտեղ ծաղկեպսակ է դրել եկեղեցու բակում գտնվող Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին: Ավելի ուշ կայացել է Սարգսյանի հանդիպումը ԱՄՆ Արեւելյան ափի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, որի ժամանակ Սերժ Սարգսյանը հանդես է եկել ելույթով: Հանդիպման ավարտին նա համայնքային մի շարք գործիչների պարգեւատրել է պետական բարձր պարգեւով, խրախուսել շնորհակալագրերով:
ՆՈՐ ՓՈԽՄԱՐԶՊԵՏՆԵՐ
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ Դավիթ Սամսոնյանն ազատվել է Արմավիրի մարզպետի տեղակալի պաշտոնից, նրա փոխարեն նշանակվել է Գագիկ Գաբրիելյանը: Վարչապետի մեկ այլ որոշմամբ Աշոտ Մուրադյանն ազատվել է Արարատի մարզպետի տեղակալի պաշտոնից, իսկ նրա փոխարեն նշանակվել է Հայրապետ Բաբայանը: Փոխմարզպետի փոփոխություն է եղել նաեւ Գեղարքունիքի մարզում, որտեղ նշանակվել է Արտաշես Նիկոյանը: Իսկ, ահա, Տավուշի մարզպետի նոր տեղակալը Վարդան Ալեքսանյանն է: