ՇԱՆ ԳԼՈՒԽԸ ԹԱՂՎԱԾ Է ԱՅԴ ԿԵՏՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2001 թվականին հիմնադրված ՀԺԱՄ (Հայաստանի ժողովրդավարական ազատական միություն) կուսակցությունն արդեն երկար ժամանակ է՝ քաղաքական դաշտում ակտիվություն չի ցուցաբերում: Հիշեցնենք, որ ՀՀ ՎՊ խորհրդի անդամ Սեյրան Ավագյանի կողմից հիմնադրված այս կուսակցությունը որդեգրել էր «Ձեւավորենք միջին խավ» կարգախոսը` ջանալով պաշտպանել միջին գործարարների շահերը: Թե ինչպես է պաշտպանում կուսակցությունը «միջին խավի» շահերը, այդպես էլ տարիներ շարունակ տեսանելի չէ:

Ավելին՝ 2009-2012թթ. կուսակցության վարչության նախագահ ընտրված Վահրամ Մկրտչյանը, երբ 2014թ. ապրիլի 26-ին ՀՀԿ համամասնական ցուցակով պատգամավոր դարձավ, լքեց իր հարազատ կուսակցությունը` 2012-ից դառնալով իշխող ՀՀԿ անդամ:
Տեղեկացնենք, որ գործարար Բարսեղ Բեգլարյանի` Ֆլեշ Բարսեղի կողմից հովանավորվող այս կուսակցությունը նախորդ տարվա հուլիսի 18-ին է «կենդանության նշաններ» ցույց տվել` տարածելով այսպիսի հայտարարություն. «Համաշխարհային քաղաքագիտական նորմերը փաստում են, որ քաղաքական ուժը պետք է հաստատուն կամք եւ կեցվածք դրսեւորի բոլոր իրավիճակներում, քաղաքական ոլորտ պետք է ներգրավված լինեն քաղաքական հասունության եւ կրթվածության համապատասխան մակարդակ ապահոված անձինք եւ ուժերը, այլապես նրանց պատկերացումներում օտարված կլինեն փոխզիջումներն ու փոխհամաձայնությունները… Վերը նշված մտահոգությունները հաշվի առնելով` ՀԺԱՄ վարչությունն իր վրդովմունքն է արտահայտում քաղաքական ոլորտում առկա պրկված եւ գերլաված իրավիճակի վերաբեյալ»:
Իսկ ինչո՞վ է զբաղված այսօր ՀԺԱՄ-ը, ի վերջո, երբ մեզ կհաջողվի ձեւավորել միջին խավ: «Ժողովուրդ»-ը զրուցեց կուսակցության վարչության նախագահ Արթուր Լեւոնյանի հետ:
-Պարո՛ն Լեւոնյան, երկար ժամանակ է, ինչ քաղաքական դաշտում Ձեր կուսակցության կողմից պասիվություն է նկատվում: Այժմ ՀԺԱՄ կուսակցությունը ինչպիսի՞ գործունեություն է ծավալում, եւ որո՞նք են Ձեր առաջիկա քայլերը:
-Մի քանի ամիս առաջ տեղի ունեցավ մեր կուսակցության համագումարը, ինչի ժամանակ ես որպես վարչության նախագահ ընտրվեցի, բացի այդ հանդիսանում եմ ՀԺԱՄ կուսակցության հիմնադիրներից: Դիմացը ձմեռ էր, մեծ աշխատանքներ հնարավոր չէր անել: Այժմ ամբողջ Հայաստանով մեկ մեր կառույցներում հաշվառում ենք անցկացնում` ով կա, ով չկա, քանի որ երկու տարի կուսակցությունն ակտիվ գործունեություն չի ծավալել, եւ մարդիկ կան՝ այլ կուսակցություններ են տեղափոխվել: Դիմացը ընտրություններ են, ընտրական օրենսգրքի քննարկում է ընթանում, եւ մեր այս պահի քաղաքական քայլերի հիմնական նպատակաուղղվածությունը պետք է փորձենք արտախորհրդարանական եւ, ինչու չէ, խորհրդարանի նորմալ ընդդիմության ուշադրությունը սեւեռել ոչ թե մանր-մունր հարցերի վրա` ցուցակներ հրապարակենք, թե ոչ, մտածենք՝ մահացածների տեղը կքվեարկեն, թե ոչ, այսօր դրանց դարն անցել է, այլ սեւեռենք «համամասնականի» կետի վրա: Չգիտեմ` ով է նախագծի այդ կետերի հեղինակը, բայց շատ փայլուն, իրենց ռազմերով օրենսգիրք են նկարել:
-Իսկ ի՞նչ եք Դուք անում:
-Մենք այս ամսի 5-ին արտախորհրդարանական ուժերի հրավիրում ենք քննարկելու ընտրական օրենսգիրքը, որպեսզի միասին ինչ-որ արդյունքի հասնենք: Շան գլուխը թաղված է ընտրական օրենսգրքի հենց այդ կետում, որովհետեւ իրականում դրանով ընտրությունները 50 տոկոս մեծամասնականով են անցկացվելու, ոչ թե 100 տոկոս համամասնական: Ես անգիր տիրապետում եմ մեր անցած ընտրությունները` սկսած Սահմանադրությունից, վերջացրած նախագահականով, անգիր գիտեմ, թե որտեղ են թաքնված կեղծիքները, որտեղ է խոցելի:
-2017 թվականին տեղի ունենալիք խորհրդարանական ընտրություններին ՀԺԱՄ կուսակցությունը ի՞նչ ֆորմատով է մասնակցելու:
-Մենք մասնակցելու ենք խորհրդարանական ընտրություններին: Միշտ պայքարելու ենք պառլամենտական հանրապետություն հաստատելու 100 տոկոս համամասնական ընտրակարգ սահամանելու համար, որպեսզի ժողովուրդը ոչ թե ձայն տա տեղային հեղինակությանը կամ օլիգարխին, այլ հանրապետությունում այն կուսակցությանը, ում ներկայացված ծրագիրն ու քայլերը ապագայի մասին իր սրտով կլինի: Բայց ինչպիսի օրենսգիրք էլ ընդունվի, մենք մասնակցելու ենք ընտրություններին:
-Պարո՛ն Լեւոնյան, խորհրդարանական ընտրություններին մասնակցելու ժամանակ հնարավո՞ր է՝ միավորվեք կամ համագործակցեք այլ կուսակցության հետ:
-Ցանկացած հարցով, ցանկացած այլ ուժերի ծրագրերը, թեկուզ կարճաժամկետ, եթե համապատասխանում է, մեզ համար հոգեհարազատ է… մենք ամբիցիոզ չենք, որ այս կուսակցությունն է ասել, կամ այն կուսակցությունն է ասել, ինչու մենք միանանք:

Զրուցեց ԱՐՓԻՆԵ ԹՈՎՄԱՍՅԱՆԸ

 

 
«ԻՍԼԱՄԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅԱՆ» ՀԱՐԵՎԱՆՈՒԹՅԱՄԲ
Մտավորականների խորհուրդը երեկ կազմակերպել էր հերթական քննարկումը` «Աշխարհաքաղաքական վերափոխումները Մերձավոր Արեւելքում. Հայաստանին ուղղված մարտահրավերները թեմայով»: Ներկաները ահազանգեցին հնարավոր խնդիրների մասին: Երեւանի աշխարհաքաղաքական ակումբի ղեկավար Արման Բոշյանի խոսքերով՝ «Տարածաշրջանում իրավիճակն օր օրի թեժանում է: Զարմանալի է, թե ինչպես ՀՀ-ն չունի հստակ ձեւավորված արտաքին քաղաքականություն: Մինչ օրս Մերձավոր Արեւելքում քրիստոնյաների, այդ թվում` հայերի բնաջնջման հետ կապված հստակ հայտարարություն չի արվել: Ընդ որում, հայերի բնաջնջումը կատարվում է նույն սցենարով, ինչ 1915թ.-ին: Անկախ նրանից, թե ինչ հարաբերությունների մեջ է Հայաստանը Թուրքիայի հետ, մեր դիրքորոշումը ցեղասպանության հետ կապված պետք է լինի հստակ: ՀՀ-ն պետք է պետական մակարդակով ձեռնարկի միջոցներ` Սիրիայի քրիստոնյաներին պաշտպանելու համար»:
Խոսելով սիրիական հակամարտության հանգուցալուծման գործում Ռուսաստանի դերակատարումից՝ արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Նավասարդյանը նշեց, որ ահաբեկչությունը, այնուամենայնիվ, իր բնում չոչնչացավ. «Գրոհայինները տարածվում են աշխարհում: Եթե ասում ենք, որ «Ալ Քաիդա»-ն չարորակ ուռուցք է, ապա «Իսլամական պետությունը» սպառնում է ողջ աշխարհին: Այդ խմբավորումն իր սեւ գործն արեց Իրաքում եւ նույնը կարող է անել Մերձավոր Արեւելքի մյուս հայկական համայնքներում: Որոշ մասնագետներ ասում են, թե Հայաստանին այս ամենը չի սպառնում, բայց Ադրբեջանը կարող է վերածվել «Իսլամական պետության», եւ չգիտենք` դրանից հետո ինչ կկատարվի: ԻՊ-ն, եթե պետք եղավ, Թուրքիային էլ կտապալի եւ ահաբեկիչների համար դեպի Հարավային Կովկաս ճանապարհ կբացի: Բացի այդ՝ Թուրքիան կարող է ահաբեկիչներին ուղղորդել դեպի Կովկաս եւ Հայաստան»:

 

 

ԴԵՊԻ ԱՐՑԱԽ ՉՎԵՐԹԻ ՏՈՄՍԵՐԸ
ԼՂՀ էկոնոմիկայի փոխնախարար Տիգրան Գաբրիելյանն այսօր լրագրողների հետ զրույցում հստակ չի պարզաբանել, թե ինչու դեռեւս չի շահագործվում Ստեփանակերտի օդանավակայանը: Փոխնախարարը լրագրողների հարցին՝ ո՞րն է չգործելու պատճառը, եթե արդեն վաղուց այն պատրաստ է, պատասխանել է, որ ինքն իրավասություն չունի այդ հարցին պատասխանելու: ArmLur.am-ի թղթակցի հարցին՝ որքա՞ն կլինի Ստեփանակերտ-Երեւան չվերթի տոմսի արժեքը, Տիգրան Գաբրիելյանն ասել է, որ ըստ նախնական հաշվարկների՝ միակողմանի թռիչքը կարժենա մոտավորապես 18-22 հազար դրամ: Միեւնույն ժամանակ ԼՂՀ էկոնոմիկայի փոխնախարարը հստակեցրել է, որ սա դեռեւս չհաստատված գինն է, վերջնական որոշում դեռեւս չի կայացվել:

 

 
ՀՔԾ ՔՆՆԻՉՆԵՐԸ ԿԳՆԱՆ ԳՈՐԻՍ
Մարտի 8-ին ոստիկանության Գորիսի բաժնի պետ Գեւորգ Ազիզյանի մասնակցությամբ ծեծի գործով քննությունը շարունակվում է նոր երանգներ ստանալ: Գրել էինք, որ նշված օրը «Դիանա» ռեստորանի բակում Գորիսի ոստիկանապետ Գեւորգ Ազիզյանը վիճաբանել էր իր տեղակալի` Մուշեղ Գեւորգյանի եղբոր` Արթուր Գեւորգյանի հետ: Մարտի 23-ին այս միջադեպի վերաբերյալ «Ժողովուրդ»-ի հրապարակումից հետո ՀՀ քննչական կոմիտեից գործը տեղափոխվեց հատուկ քննչական ծառայություն, Արթուր Գեւորգյանը 500 հազար դրամ գրավի դիմաց ազատ արձակվեց: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ օրերս ՀՔԾ-ում հարցաքննության են հրավիրել Արթուր Գեւորգյանին, որի ընթացքում վերջինս պատմել է ողջ եղելությունը: Իսկ քանի որ միջադեպի մյուս վկաները բոլորը բնակվում են Գորիսում, ավելին՝ բարձրաստիճան պաշտոնյաներ են, մեր տեղեկություններով՝ ՀՔԾ-ի քննիչները պատրաստվում են գնալ եւ այնտեղ նրանց հարցաքննել: Հավանաբար, այդ հարցաքննությունների շարքից հետո պարզ կդառնա, թե քրեական գործն ինչպես կընթանա, ընդդեմ Արթուր Գեւորգյանի՞, թե՞ մեղադրանքի սլաքը կթեքվի դեպի ոստիկանապետը, քննչականի պետը, մարզի դատախազն ու նրա տեղակալը:

 

 

ԴԱՏԱՐԿ ԽՈՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Երկու օր առաջ ԱԱԾ քննչական վարչության պետի տեղակալ Միքայել Համբարձումյանն անցած տարվա նոյեմբերի 25-ին Մարաշում վնասազերծված խմբի գործով նախաքննության ընթացքի վերաբերյալ որոշ տվյալներ հրապարակեց: Այս գործով անցնող 33 մեղադրյալներից փաստաբանների մի մասը պնդում են, որ Գեորգի Կուտոյանի՝ ԱԱԾ տնօրեն նշանակվելուց հետո այս գործը մտել է փակուղի, եւ, ըստ էության, քննություն չի տարվում: «Ժողովուրդ»-ը ԱԱԾ քննչական ծառայության պետի տեղակալ Միքայել Համբարձումյանից հետաքրքրվեց՝ մեղադրյալների փաստաբանների մոտ ինչո՞ւ է նման տպավորություն ստեղծվել: Համբարձումյանն ասաց. «Դատարկ խոսակցություններ են, այդ աշխատանքը կատարվում է ամեն օր, փաստաբանները գալիս, մասնակցում են: Ինչ են անում այսօր փաստաբանները, օգտվում են մի հնչեղ գործով մասնակցելու առիթից եւ իրենց ավելի ճանաչելի դարձնում»:

 

 

ԳՐԱՆՑՄԱՆ ՓՈՒԼՈՒՄ
«Տոնուս» շինարարական ընկերությունից տուժած ավելի քան 160 բնակարանատերերի գործը, կարծես թե, դրական տեղաշարժ ունի: «Ժողովուրդ»-ը բնակարանատերերից տեղեկացավ, որ այս ընթացքում իրենց բնակարանների հետ կապված փաստաթղթերը գտնվում են ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի պետական կադաստրում՝ գրանցման փուլում: Ըստ բնակիչների՝ շենքն արդեն իսկ բաժանվել է առանձին բնակարանների, եւ 10 օրվա ընթացքում կսկսվի «հիմնական» պայմանագրերի կնքումը: Եւ առաջին իսկ կնքված պայմանագրի հետ զուգահեռ պետք է սկսվի շինարարությունը: Հիշեցնենք, որ «Տոնուս» ընկերությանը պատկանող շենքերը գրավադրված են «Արցախբանկ»-ում:




Լրահոս