Մոտ երկու շաբաթից՝ ապրիլի 17-ին, Հայաստանի 36 համայնքներում կկայանան ՏԻՄ ընտրություններ: Հրազդանցիները նույնպես կընտրեն իրենց քաղաքապետին, որի պաշտոնի համար պայքարում են 3 թեկնածուներ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, «Սասուն» ջոկատի հրամանատար Սասուն Միքայելյանը, «Հայկական վերածնունդ» կուսակցության անդամ Արթուր Միսակյանը եւ ՀՀԿ-ական Արամ Դանիելյանը, ով արդեն 5-րդ անգամն է առաջադրել իր թեկնածությունը՝ քաղաքապետի պաշտոնում աշխատելով ամբողջ 14 տարի:
ArmLur.am-ին տրված հարցազրույցում Արամ Դանիելյանը 14 երկարուձիգ տարիների ընթացքում իր կողմից իրականացված աշխատանքների ցանկում առանձնացրել էր նաեւ տանիքների վերանորոգումը՝ ընդգծելով, որ ամեն տարի իրականացվում են ընթացիկ վերանորոգումներ:
«Բազմաթիվ տանիքներ ենք վերանորոգել: Հրազդանում 6 ամիս ձմեռ է, ցանկացած տանիք, երբ որ վերանորոգում ենք, մյուս տարի ընթացիկ վերանորոգման կարիք ունի: Ամեն տարվա գարնանը արդեն սկսում ենք ընթացիկ վերանորոգումը. 4 տարին մեկ էլ կապիտալ վերանորոգում ենք իրականացնում»,- նշել էր Դանիելյանը:
Մի կողմ թողնելով այն փաստը, որ Հրազդանի քաղաքապետի կողմից տանիքների վերանորոգումը որպես իր գործունեության ամենակարեւոր ձեռքբերումներից մեկը արդեն բազմիցս ներկայացվել է, նշենք, որ անգամ այս հարցում առկա են բազմաթիվ թերացումներ: «Ժողովուրդը» Հրազդան քաղաքում կատարած շրջայցի արդյունքում արձանագրել է բազմաբնակարան շենքեր, որտեղ մարդիկ արդեն տեւական ժամանակ է՝ պայքարում են տանիքների խարխուլ վիճակի արդյունքում գոյացած «ջրհեղեղների» դեմ:
Երբ Հրազդանի Միկրոշրջան թաղամասի 82-րդ շենքի բնակիչներից հարցրինք իրենց խնդիրների մասին, նրանցից մեկն ասաց. «Հարցրեք 9, 10-րդ հարկերում ապրողներին, իրենք կպատասխանեն»:
Եւ, իրոք, բնակիչները իրենք էին ուղեկցում մեզ` ցույց տալով, թե ինչ վիճակում են գտնվում իրենց բնակարանները: Բավական էր բացել բնակարանի դուռը, եւ կարելի էր զգալ պատերից եւ բնակարանի տարբեր անկյուններից կաթացող ջրի խոնավության հոտը: Բնակիչներից մեկը մեզ տեղեկացրեց, որ բնակարանային վերանորոգման համար աջակցություն է ստացել քաղաքապետարանից, մյուսները, սակայն, պնդում էին, որ «տարին 12 ամիս այսպիսի վիճակ է»:
Իսկ շենքի տանիք բարձրացող յուրաքանչյուր մարդու մոտ, ըստ երեւույթին, հարց կառաջանար՝ որտեղի՞ց են բնակիչները գտել այդքան կաթսա` տուն լցվող ջրերի հոսքից խուսափելու համար: Բայց եթե այդ կաթսաները չլինեին, ապա ջուրը ոչ միայն կլցվեր տուն, այլ կխոչընդոտեր վերելակի բնականոն գործունեությունը, ինչը այս դեպքում կլիներ աղետալի, առավել եւս, որ սա թաղամասի եզակի շենքերից է, որտեղ վերելակը գործում է:
«2002 թվականից Հրազդանում գործում էր 4 վերելակ, հիմա 234-ից գործում է 134-ը: Մինչեւ 2016 թվականի ավարտը պետք է ամբողջությամբ վերականգնենք բոլոր վերելակները»:
ArmLur.am-ին տրված հարցազրույցում, ինչպես նաեւ մարտի 30-ին պաշտոնապես մեկնարկած քաղաքապետի ընտրությունների քարոզարշավի ընթացքում լրագրողների հետ հանդիպմանը այսպիսի հուսադրող հայտարարություն էր արել Արամ Դանիելյանը:
Մինչդեռ, օրինակ, Վահագնի թաղամասի 15 շենքերից միայն երկուսում է վերելակ գործում: Մարդիկ ամեն օր ստիպված են լինում բախվել 9-10 հարկերում գտնվող իրենց բնակարաններ բարձրանալու եւ իջնելու խնդրին: «Վերելակների հարցի մասին շատ վաղուց մոռացել եմ, հույս էլ չկա, սովորել ենք, ոտքով ելնում-իջնում ենք. ում բախտը բերում է, ով առողջություն ունի, բարձրանում է, ով չէ, տանն է մնում, ո՛չ իջնում է, ո՛չ ելնում»,- մեզ հետ զրույցում նշում էին բարձրահարկերի բնակիչները: Այնումենայնիվ, գործող քաղաքապետը նշել է, որ քաջատեղյակ է հրազդանցիներին հուզող բոլոր խնդիրներից եւ խոստացել է, որ վերընտրվելու դեպքում դրանք լուծելու է: Նա, սակայն, արդարացել է, թե ամեն ինչ միանգամից չի լինում, կամաց- կամաց է առաջ գնալու: 14 տարի պաշտոնավարած քաղաքապետի դեպքում նման հայտարարությունը, համաձայնեք, զավեշտալի է հնչում:
ՍՅՈՒԶԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ
ԳՆԴԱԿՈԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԵԼ
Թուրք-սիրիական սահմանին փախստականների գնդակոծություններ են տեղի ունեցել, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը: Պարբերականի տեղեկությունների համաձայն՝ սիրիական սահմանին առնվազն 16 մարդ է զոհվել: Զոհերի թվում 3 երեխա կա: Պաշտոնական Թուրքիան իր հերթին հերքել է «The Times»-ի տեղեկությունները: Ավելի վաղ Եվրամիությունը 3 միլիարդ եվրո էր տրամադրել Թուրքիայում սիրիացի փախստականների պաշտպանության համար: Սիրիայից փախստականների հոսքը անդադար ռազմական գործողությունների առաջացման պատճառ դարձավ: Ռազմական գործողություններին մասնակցում են կառավարական զորքերը, զինված խմբավորումներն ու «Իսլամական պետության» ահաբեկիչները, որոնց նպատակը համաշխարհային խալիֆաթ հաստատելն է: