Շուրջ երկու ամիս առաջ մի խումբ մտավորականներ միավորվեցին` կոչ անելով դադարեցնել Երեւան քաղաքում հին շենքերի քանդման գործընթացը: Նրանք այդ կապակցությամբ «Քաղաքացիական պահանջագիր» հանձնեցին Երեւանի քաղաքապետարանին: Դրանից հետո քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը հանդիպեց մտավորականների հետ եւ լսեց նրանց մտահոգությունները։ Նախարարը նրանցից պահանջեց ցանկ, որտեղ նշված կլիներ, թե մտավորականները որ շենքերի քանդումն են համարում անթույլատրելի: Ավելի վաղ հանդիպման մասնակիցներից մեկը` երգիչ Արթուր Իսպիրյանը, մեզ տեղեկացրել էր, որ իրենք արդեն կազմել են այդ ցանկը եւ հանձնել նախարարին: Դրանից հետո թեմայի շուրջ խոսակցությունները կտրուկ դադարեցին: «Ժողովուրդ»-ը Արթուր Իսպիրյանից հետաքրքրվեց` ինչպես է արձագանքել նախարարը իրեն ներկայացված ցուցակին, ինչ է դրանից հետո փոխվել, եւ արդյոք մտավորականներին հաջողվել է որոշակի արդյունք գրանցել:
Երգիչը մեզ տեղեկացրեց, որ մի քանի օր առաջ տեղի է ունեցել մտավորականների` արդեն փոքր խմբի եւ նախարար Նարեկ Սարգսյանի երկրորդ հանդիպումը, որը տեւել է 3 ժամ: Խմբի կազմում են եղել նաեւ երգչուհի Լիլիթ Պիպոյանն ու ճարտարապետ Մարիամ Խաչատրյանը. «Նախարարը խոստացավ, որ մեր ներկայացրած շենքերը չեն քանդվի եւ չեն տեղափոխվի: Նա նշեց, որ տերերին կհորդորեն մասնագետների օգնությամբ զբաղվել դրանց վերականգնմամբ: Բացի այն ցանկը, որ ներկայացրել ենք, մենք էլի ենք ցուցակ կազմելու, մեզ նաեւ խոստացան, որ նախարարի հետ հանդիպումները շարունակական են լինելու, քաղաքի պատմական շերտին առնչվող կարեւոր որոշումներ կայացնելիս հաշվի է առնվելու մեր կարծիքը: Նախարարի խոսքով` Երեւանի կենտրոնն այսուհետ ունենալու է բոլորովին նոր կարգավիճակ: Հատուկ ուշադրություն է դարձվելու Փոքր Կենտրոնին եւ դրան հարող տարածքներին, այդ հատվածում տեղակայված շենքերի արտաքին տեսքին, հարկայնությանը, օրակարգային է դառնալու քաղաքի կանաչապատման հարցը: Մեզ ասացին, որ երբ այդ առթիվ օրինագիծ կազմվի, մեզ հետ անպայման կքննարկեն»,-ասաց Ա. Իսպիրյանը:
Նրա խոսքով` խումբը նախարարի հետ զրուցել է նաեւ քաղաքում անտերության մատնված մի շարք տարածքների ճակատագրի մասին եւ նախարարին խնդրել ուշադրություն դարձնել այդ հատվածներին. «Երեւանում կան տեղեր, որոնք վերածվել են հասարակական աղբանոցի կամ պետքարանի: Մենք խնդրեցինք լուծել «Մոսկվա» կինոթատրոնի եւ Նկարիչների միության միջակայքի, Արամի փողոցի նախկին մանկական հանրախանութի հետեւամասի աղբանոցների հարցը, հետեւել Ոսկու շուկայի կողքի այգու վիճակին: Քննարկման դրեցինք Օղակաձեւ զբոսայգու ճակատագիրը. այն վերածվել է ավտոկայանատեղիի, խեղդվել սրճարանների մեջ: Մենք խոսեցինք նաեւ քաղաքի դիզայնի մասին, ասացինք, որ Երեւանի գլխավոր դիզայները պետք է հրաժարական տա եւ քրեական պատասխանատվության ենթարկվի, որ մայրաքաղաքն այս օրը գցեց, դարձրեց չալպտուրիկ մի բան. ամեն անկյունում սուրճի ապարատներ են, կանաչների փոխարեն` գովազդային վահանակներ»,-նշեց երգիչը:
Նախարարի հետ հանդիպման ընթացքում մտավորականներն անդրադարձել են նաեւ Ազգային պատկերասրահի տեղափոխման խնդրին` նկատելով, որ քաղաքաշինության նախարարության առաջարկած` Կառավարության ընդունելությունների տան եւ Մատենադարանի հարակից տարածքն անշուք տեղ է, որտեղ հնարավոր չէ ապահովել համապատասխան մթնոլորտ:
Ա. Իսպիրյանը նկատեց, որ այս քննարկումը վերջին տարիների համար բացառիկ է. «Խոստումները շատ են: Ժամանակը ցույց կտա, թե այս խոստումները որքանով կկատարվեն: Ամեն դեպքում` մենք նախարարի խոսքերը ձայնագրել ենք, թեեւ կցանկանայինք, որ այդ խոստումներն ամրագրվեին նաեւ գրավոր կերպով: Շատ ենք ուշացել, բայց գոնե կանգուն մնացած շենքերը փրկենք»,-եզրափակեց նա:
«ՆՐԱ ՇՆՈՐՀԻՎ ՀԱՎԱՏՈՒՄ ԵՄ ԱՄԵՆԱԶՈՐ, ԱՆԿԵՂԾ ՍԻՐՈՒՆ»
«Խաղ իմ կանոններով», «Իմ փոքրիկ փեսացուն» ֆիլմերից եւ մի շարք հեռուստասերիալներից հայտնի դերասանուհի Լիա Զախարյանն աշխատում է նոր նախագծի վրա, որը հեռարձակման պատրաստ կլինի ամռան վերջում: Թե կոնկրետ ինչ ծրագրի մասին է խոսքը, Լիան չի մանրամասնում, սակայն խոստանում է, որ այն չի ուշանա: Թատերական ինստիտուտի 2-րդ կուրսի ուսանողուհին «Ժողովուրդ»-ին պատմեց, որ այժմ իր համար ուսումնական բուռն շրջան է. նա պատրաստվում է մայիսին հանձնելիք քննությանը, որի շրջանակում խաղալու է երեք տարբեր պիեսներում:
Լիայի հետ զրույցի ընթացքում չշրջանցեցինք նաեւ նրա անձնական կյանքը: Վերջերս հայտնի դարձավ, որ դերասանուհու սիրտն արդեն զբաղված է, իսկ այն երջանիկը, որը գրավել է Լիային, մասնագիտությամբ իրավաբան Միշան է, ով ուսանում է Մոսկվայում։ «Ես հանդիպել եմ այն միակին, ում տեսակը պատկերացրել եմ իմ կողքին եւ ցանկացել, որ նա լինի իմ կողակիցը: Մենք շատ ընդհանրություններ ունենք, նախասիրություններ, ցանկություններ… Մեր ժամանակը միշտ հետաքրքիր է անցնում, միշտ քննարկելու թեմաներ ենք ունենում, կլինեն դրանք մասնագիտական, թե արվեստին, մարդկային հարաբերություններին վերաբերող հարցեր: Նրա հետ երբեք չեմ ձանձրանում, չեմ տխրում: Երբեմն օրը չի բավականացնում` մեր ծրագրերն իրականացնելու համար»,-իր ուրախությամբ կիսվեց Լիան:
Նա խոստովանեց, որ իր համար չափազանց տպավորիչ է եղել սիրելիի հետ առաջին հանդիպումը` առաջին հայացքը, ժպիտը, զգացողությունները: Սակայն հաջորդ հանդիպումներն էլ դրան չեն զիջել: «Նրա շնորհիվ, մեր նվիրվածության ու սիրո շնորհիվ ես հավատում եմ ամենազոր, անկեղծ սիրուն, որը երջանկացնում, ուժ եւ թեւեր է տալիս ինձ, նույնիսկ ստեղծագործելու ձիրք: Յուրաքանչյուրին մաղթում եմ նման անկեղծ սիրով սիրել եւ սիրվել»:
Հիշեցնենք, որ նախորդ տարվա նոյեմբերին դերասանուհին մեզ հետ զրույցում նշել էր, որ ակտիվ աշխատանքային գործընթացի մեջ լինելով` չի հասցնում նկատել ինչ-որ մեկին. «Այնպես որ, նորություններ չկան, լինելու դեպքում էլ Դուք չեք իմանա»,- ասել էր նա:
Նյութերը՝ ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ
ԱԶՆԱՎՈՒՐԸ ԿԳԱ ՀԱՅԱՍՏԱՆ
Ֆրանսահայ լեգենդար երգիչ Շառլ Ազնավուրն ապրիլին Հայաստան կժամանի: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին տեղեկացրել է Ազնավուրի մամուլի խոսնակ Քրիստինա Սարգսյանը:
«Մենք պատրաստվում ենք Հայաստան ժամանել, եւ ներկա կլինենք «Ավրորա» մրցանակաբաշխությանը»,- ասել է նա: Ազնավուրի այցի մասին այլ մանրամասներ դեռեւս հայտնի չեն:
ԱՌԱՆՑ ԳԵՂՂԵԿԱՎԱՐԻ
Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում գեղարվեստական ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար չի նշանակվել: Այս մասին ապրիլի 1¬ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրել է թատրոնի տնօրեն Անդրանիկ Արզումանյանը: Նրա խոսքով` թատրոնին անհրաժեշտ է գեղարվեստական ղեկավար, սակայն դրա մասին դեռ վաղ է խոսել, եւ մոտ ժամանակներում ինքը ոչ մի պաշտոնական հայտարարություն այդ առիթով չի անի. «Մարդկային առումով գեղեցիկ չի: Մեր գեղարվեստական ղեկավարը հեռացել է, պետք է սպասենք մեկ-երկու ամիս»,-նշել է նա:
Հիշեցնենք, որ անվանի օպերային երգիչ եւ բեմադրիչ, Հայաստանի Հանրապետության եւ Լիտվայի Հանրապետության ժողովրդական արտիստ, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Գեղամ Գրիգորյանը մահացել էր մարտի 23¬ին:
ՄԻԱՀԱՄՈՒՌ ՈՒԺԵՐՈՎ
Ամբողջ աշխարհից մոտ 60 կազմակերպություն իր օգնությունն է առաջարկել սիրիական Պալմիրա քաղաքի պատմական հուշարձանների վերականգնման համար: РИА Новости-ի փոխանցմամբ` այս մասին հայտնել է Հոմսի նահանգապետ Թալալ Ալ Բարազին:
«Պատմական հուշարձանների պահպանության վարչությունը գնահատել է վնասը եւ համագործակցում է բազմաթիվ միջազգային կազմակերպությունների հետ»,- ասել է Ալ Բարազին: Նա նշել է, որ գումարի չափի մասին, որը կպահանջվի վերականգնման աշխատանքների անցկացման համար, դեռ հնարավոր չէ հայտարարել, սակայն կառավարությունը կհատկացնի բոլոր անհրաժեշտ միջոցները: Պալմիրայի պատմական տեսքի վերականգնման առաջին քայլը պետք է լինի քաղաքի ականազերծումը: Նա նաեւ հույս է հայտնել, որ մոտ ապագայում բնակիչները կկարողանան վերադառնալ քաղաք։
Հիշեցնենք, որ Սիրիայի կառավարական զորքերն օրերս վերականգնել են պատմական այս քաղաքի նկատմամբ վերահսկողությունը: Ազատագրման գործողություններն ընթացել են ՌԴ ավիատիեզերական ուժերի աջակցությամբ: Պալմիրան, որի ավերակները Սիրիայում ՅՈւՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության վեց վայրերից մեկն են, ԻՊ-ի հսկողության տակ էր գտնվում 2015 թվականի մայիսի կեսերից։