ՀՀ գլխավոր դատախազության կազմավորման 95-ամյակի առթիվ օրերս անցկացված միջոցառումները բավական ծանր են նստել ՀՀ պետական բյուջեի վրա: “Ժողովուրդ” օրաթերթի տրամադրության տակ հայտնված փաստաթղթերի համաձայն՝ այդ նպատակով դատախազությունը պետբյուջեից ծախսել է 30 մլն 296 հազար 160 դրամ կամ որ նույնն է` 73 հազար 893 դոլար: Խոստովանենք՝ ինչ-որ տոնակատարության համար այդքան գումար ծախսելը, այն էլ պետբյուջեի միջոցներից, մեղմ ասած, շռայլություն է: Առավել եւս` Հայաստանում ստեղծված սոցիալ-տնտեսական ծանր պայմաններում: Շատերը կարծում են, որ ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը որոշել էր ամենաշքեղ կերպով նշել իր ղեկավարած գերատեսչության կազմավորման տարեդարձը, քանի որ շուտով ավարտին է մոտենում իր պաշտոնավարման` ՀՀ Սահմանադրությամբ նախատեսված 6-ամյա ժամկետը: Սեպտեմբերին ԱԺ-ն Սերժ Սարգսյանի ներկայացմամբ պետք է ընտրի նոր գլխավոր դատախազ, եւ, ըստ ամենայնի, դա լինելու է բոլորովին այլ մարդ: Ապագա դատախազի մասին՝ առաջիկայում:
“Ժողովուրդ” օրաթերթի 589 համար