ՊԱՏԵՐԱԶՄ ԹԵ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ. Ո՞Վ Է ՈՐՈՇԵԼՈՒ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թեեւ ՀՀ քաղաքական գործիչներն ու պաշտոնյաները դեռեւս ձեռնպահ են մնում արդեն չորրորդ օրը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում շարունակվող աննախադեպ մասշտաբի մարտական գործողությունները պատերազմ որակելուց, ակնհայտ է, որ իրավիճակը պատերազմական է, եւ Բաքուն առայժմ նահանջելու մտադրություն չունի: Ավելին` երեկ հայտնի դարձավ, որ Ադրբեջանի զինված ուժերը այդ երկրի պաշտպանության նախարարի հրամանով բերվել են մարտական վիճակի` «ծանր զինտեխնիկայի կիրառմամբ Ստեփանակերտին ջախջախիչ հարվածներ հասցնելու նպատակով», ինչին հայկական կողմը հակադարձեց` թող միայն փորձեն:

Ինչու սկսվեց
Ապրիլի 1-ից 4-ն ընկած ժամանակահատվածում 94 թ. հրադադարի համաձայնագրի կնքումից ի վեր աննախադեպ մասշտաբի ռազմական գործողությունների արդյունքում հայկական կողմը, ըստ ԼՂ ՊՆ տվյալների, տվել է 20 զոհ, 72 հոգի վիրավորվել է, 26 զինծառայող էլ անհետ կորած է համարվում: Հայկական կողմը նաեւ կորցրել է մարտական 8 դիրք` 5-ը Ղարաբաղի հարավում, 3-ն էլ հյուսիսում: Պաշտոնական տեղեկատվության համաձայն, սակայն, ադրբեջանցիների կորուստներն անհամեմատ ավելի մեծ են՝ մոտ 300 զոհ: Ըստ ամենայնի` այս թվերն արդեն այսօր զգալիորեն փոփոխված կլինեն, քանի որ երեկ գիշերվա դրությամբ թեժ մարտերը շարունակվում էին:
Այս օրերին առավել շատ քննարկվող հարցն այն է, թե ինչու եւ ինչպես Իլհամ Ալիեւը հենց հիմա որոշեց գնալ նման քայլի, ում դրդմամբ եւ ինչպիսի խոստումների հիման վրա նա դիմեց նման արկածախնդրության: Այս հարցի պատասխանը բավականին բարդ է, քանզի շահագրգիռ կողմերը շատ են: Սկսենք հերթով:

Հետաքննող սարքերի համար
Քանի որ Ի. Ալիեւը ԼՂՀ սահմանների վրա հարձակվելու հրամանը տվեց Վաշինգտոնից` ԱՄՆ փոխնախագահ Բայդենի եւ պետքարտուղար Քերիի հետ հանդիպումից հետո, դժվար է առնվազն չդիտարկել հնարավորությունը, որ այդպիսի հեռանկարը նա քննարկել էր ԱՄՆ ղեկավարության հետ: Համենայն դեպս, ինչպես նկատել էին ԱՄՆ Հայ դատի գրասենյակի ներկայացուցիչներն իրենց հայտարարությունում` «Օբաման կանաչ լույս վառեց Ալիեւի առջեւ», առնվազն չսաստեով վերջինիս լկտի պահվածքը ինչպես իր երկրի ներսում, այնպես էլ, առավել եւս, Ղարաբաղի հարցում:
Իհարկե, կա նաեւ հակառակ տեսակետը, որ ԱՄՆ վարչակազմը Ալիեւին «նեղն է գցել»` ճնշելով սահմանային վերահսկողության եւ հետաքննության` ռոյս-էնգելի առաջարկած մեխանիզմների ներդրման հարցում, ինչը կնշանակեր ստատուս քվոյի ամրագրում: Հետեւաբար Ալիեւին այլ բան չէր մնում, քան նման կտրուկ եղանակով այդ սցենարի վիժեցումը: Այս տարբերակը, սակայն, այնքան էլ իրատեսական չի կարելի համարել, քանի որ այդ դեպքում ադրբեջանական ռազմական ագրեսիային ԱՄՆ-ի աձագանքը շատ ավելի կոշտ կլիներ, քան այն, ինչը մենք լսեցինք անցած երկու օրերին:

Թուրքիայի հրահրմամբ
Հաջորդ ընդգծված շահագրգիռ կողմը, բնականաբար, Թուրքիան է, որը չի էլ թաքցնում իր ուղղակի ներգրավվածությունն այս հարցում: Այստեղ հարկ է հիշել, թե ինչպես անցած նոյեմբերին, ռուսական ինքնաթիռի խոցման հաջորդ իսկ օրն այդ երկրի վարչապետ Դավութօղլուն հայտարարեց, թե Թուրքիան ամեն ինչ անելու է` Ադրբեջանի «օկուպացված» հողերը հետ բերելու համար: Եվ նկատենք, որ այս հարձակմանը նախորդեց Ալիեւ-Էրդողան` ծաղրի առիթ դարձած «պաչպչոցներով» հանդիպումը Ռուսաստանի կողմից Սիրիայից զորքերի դուրս բերման ֆոնին: Իսկ Սիրիայի գործոնը շատ կարեւոր է, քանի որ այնտեղից Թուրքիա եկած ԻԼԻՊ-ի զինյալների մի մասին, ըստ տարբեր աղբյուրների, թուրքերը «գործուղել են» Ադրբեջան, իսկ մնացածին էլ` «պահեստավորել» Նախիջեւանում, անրաժեշտ պահին գործի դնելու նպատակով:
Անցած երեք օրերին Էրդողանի հայտարարություններն այլեւս չեն կարող կասկածի տեղիք թողնել որեւէ մեկի մոտ, որ Իլհամին գլխավոր հրահրողը հենց Թուրքիան է, որն այդպիսով փորձում է իր խնդիրները լուծել: Նախ` Ռուսաստանի դեմ բացում է, այսպես կոչված, «երկրորդ ճակատը», ինչը ձեռնտու է ոչ միայն իրեն, այլեւ աշխարհաքաղաքական իմաստով նաեւ ԱՄՆ-ին եւ ԵՄ-ին: Ապա եւ Ադրբեջանի ձեռամբ փորձում է ապրիլի 24-ից առաջ «խեղճացնել» իր դարավոր թշնամուն` Հայաստանին:

Ռուսաստանի պահվածքը
Իսկ ինչպես է այս ամենին արձագանքում Ռուսաստանը: Մենք տեսանք, որ ռազմական գործողություններից անմիջապես հետո ՌԴ-ն հանդես եկավ թերեւս ամենաակտիվ եւ օպերատիվ արձագանքով` թե՛ երկրի նախագահի, թե՛ ԱԳ եւ ՊՆ նախարարների մակարդակով: Ավելին՝ Ռուասատանը, չբավարարվելով հայտարարություններով եւ հեռախոսազանգերով, Բաքու գործուղեց երկրի ՊՆ ղեկավարին (որի ունեցած բանակցությունների մասին, թեպետ, երեկ ողջ օրն այդպես էլ որեւէ տեղեկատվություն չհրապարակվեց): Նկատենք, սակայն, որ այդքանով հանդերձ Ռուսաստանն այդպես էլ որեւէ հասցեական հայտարարություն չարեց:
Իհարկե, Ֆրանսիայի եւ ԱՄՆ-ի հետ` ՌԴ-ն Մինսի միջնորդական խմբի եռանախագահներից է, եւ ինչպես առաջին երկուսը` իր կոչերը ստիպված էր ուղղել «կողմերին»: Սակայն միեւնույն ժամանակ այն նաեւ ՀՀ ռազմավարական դաշնակիցն է, ուստի կարող էր այլ, թեկուզ ոչ պետական մակարդակներով եւ լրատվամիջոցներով, հօգուտ դաշնակցի, հայտարարություններ անել: Սակայն ինչպես նկատել էր փորձագետնեից մեկը, երբ համադրում ենք Ադրբեջանի ռազմավարական դաշնակից Թուրքիայի եւ Հայաստանի ռազմավարական դաշնակից Ռուսաստանի արձագանքները, համոզվում ենք, որ մենք դաշնակից չունենք:

Հանուն խաղաղապահների՞
Ինչեւէ. արդյո՞ք այս փուլում հայ-ադրբեջանական սահմանին լարվածությունը ձեռնտու է Ռուսաստանին: Հաշվի առնելով մի քանի կարեւոր գործոն` Սիրիայից ՌԴ ռազմուժի դուրս գալու որոշումը, ռուս-թուրքական հարաբերությունների լարվածությունը եւ Իրանի` տարածաշրջանային հավակնությունների մեծացումը, կարող ենք պնդել, որ այո, Ռուսաստանին անհրաժեշտ էր կտրուկ պատճառ` սեփական խաղաղապահ ուժերը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տեղակայելու համար: Կհասնի՞ արդյոք Ռուսաստանը դրան, ցույց կտա ժամանակը:
Ստեղծված իրավիճակում իրենց շագանակներն են ուզում հանել նաեւ այլ երկրներ` հենց նույն Իրանը եւ նաեւ Գերմանիան: Պատահական չէ, որ Սերժ Սարգսյանը երկու օրից գնում է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ հանդիպելու: Կարելի է չկասկածել, որ քննարկվելու է ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆորմատի փոփոխության եւ դրանում Գերմանիային ներառելու հարցը. մի բան, որ տեւական ժամանակ է, ինչ Ադրբեջանը պահանջում է:
Ամփոփելով` կարող ենք արձանագրել, որ թեեւ նման աննախադեպ ռազմական գործողությունների սանձազերծման համար Ադրբեջանը, ըստ ամենայնի, ուներ միայն Թուրքիայի «դաբրոն», մնացած գլոբալ խաղացողները եւս, ունեին իրենց շահագրգռությունը եւ առնվազն, կտրուկ դեմ չէին` 2011թ. հունիսի Կազանի գագաթնաժողովից հետո պատային վիճակում հայտնված այս գործընթացը «ռեսթարթ» անելուն: Հետեւաբար` առաջիկա օրերին պետք չէ ակնկալել միջազգային հանրության կողմից ճնշման մեծացում Ադրբեջանի վրա, եթե, իհարկե, վերջինս չդիմի առավել լայնամասշտաբ գործողությունների: Իսկ թե որքան կտեւի այս ամենը, եւ ինչպիսի տարածքային փոփոխությունների կհանգեցնի, նախ եւ առաջ կախված է նրանից, թե ինչքանով հայկական ուժերը կկարողանան ուժգին հակահարված տալ ազերիներին:

ԹԱՄԱՐԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

 

 
ԱՆԱՐԺԵՔ
ԵԽԽՎ նախագահ Պեդրո Արգամունտը, երեկ անդրադառնալով ղարաբաղա-ադրբեջանական սահմանին իրականացվող ռազմական գործողություններին, նշել էր. «Հայաստանը պետք է դուրս բերի զորքերը Ադրբեջանի օկուպացված տարածքներից` համաձայն ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձեւերի»: «Ժողովուրդ»-ը երեկ ՀՀ արտաքին գործերի նախարարության մամլո խոսնակ Տիգրան Բալայանից հետաքրքրվեց` արդյոք ԱԳՆ-ն ինչ-որ կերպ արձագանքել է Արգամունտի կողմից արված այս հայտարարությանը, թե՞ ոչ: Ի պատասխան «Ժողովուրդ»-ի հարցադրմանը՝ Տ. Բալայանն ասաց. «ԱԳՆ տարբեր առիթներով անդրադարձել է Ագրամունտի անձին եւ Ադրբեջանի հավատարիմ լոբիստ լինելու հանգամանքին: Այդ իսկ պատճառով չեմ կարծում, որ ղարաբաղյան հիմնախնդրի կամ դրա հետ առնչվող որեւէ հարցի վերաբերյալ Ագրամունտի տեսակետը արժեք է ներկայացնում»:

 

ԲԱՑԱՏՐԵԼ Է
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ այսօր Ռուսաստանի Դաշնությունից մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ են այցելելու Հայաստան, ինչպես նաեւ Ադրբեջան: Իսկ օրեր անց` ապրիլի 7-ին, ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը կժամանի Հայաստան: Նույն օրը Ադրբեջան է մեկնելու ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը: Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը, անդրադառնալով ղարաբաղա-ադրբեջանական սահմաններին տիրող իրավիճակին, հայտարարել էր, որ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը. «Ինչպես ես ասել եմ նախագահներ Սարգսյանին եւ Ալիեւին, Լեռնային Ղարաբաղում համապարփակ կարգավորումը կրիտիկապես կարեւոր է իրենց կայունության, անվտանգության եւ բարգավաճման համար»,- Թվիթերի իր պաշտոնական էջում գրել էր ԱՄՆ փոխնախագահը:

 

ՏԱՎՈՒՇՈՒՄ ԿՐԱԿՈՒՄ ԵՆ
Տավուշի մարզի մեր թղթակիցը հայտնում է, որ երեկ կեսգիշերին սահմանամերձ Կոթի գյուղում ինտենսիվ կրակոցներ են, որին տավուշցիները սովոր են: Այլ մանրամասներ դեռեւս չի հաղորդվում: Հիշեցնենք, որ այսօր Տավուշի զորամասերից մեկում հակառակորդի կրակոցից հայ զինծառայող էր վիրավորվել: Նա Բերդի քաղաքացի է, պայմանագրային զինծառայող:

 

ՆՈՐ ՆՇԱՆԱԿՈՒՄ
ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ Հովհաննես Հովսեփյանը շարունակում է ՊԵԿ-ում կադրային փոփոխություններ իրականացնելը: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ Հովսեփյանը Արաբկիրի հարկային տեսչության պետի պաշտոնում նշանակել է Սասուն Հայրապետյանին:

 

 

 
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ԸՆԴԼԱՅՆՎԱԾ ԿԱԶՄՈՎ
Այսօր երեկոյան ԼՂ հակամարտության գոտում իրավիճակի սրման առնչությամբ տեղի կունենա ԵԱՀԿ մշտական խորհրդի նիստ: Երեկ էլ Վիեննայում տեղի է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը, որին հաջորդել է Մինսկի խմբի ընդլայնված կազմով հանդիպումը:

 

ԱԿՏԻՎ ՋԱՆՔԵՐ
«Դուք գիտեք, որ զինված բախումների դադարեցման համար ակտիվ ջանքեր են գործադրվում ինչպես Մոսկվայի, Երեւանի եւ Բաքվի, այնպես էլ միջազգային համապատասխան կառույցների կողմից»,-երեկ ասել է Վ. Պուտինի մամլո խոսնակ Դ. Պեսկովը` ընդգծելով, որ հրադադարի ռեժիմի իրականացման հարցով ջանքերը կշարունակվեն:

 

ՊԵՏՔ Է ԴԱԴԱՐԵՑՆԻ
«Մենք չենք մեղադրում որեւէ երրորդ ուժի եւ արտաքին խաղացողների այն բանի մեջ, որ հենց նրանք են հրահրել ԼՂ հակամարտության սրացումը: Մենք չենք մեղադրում նաեւ Անկարային»,-երեկ ասել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ միեւնույն ժամանակ հավելելով. «Չեմ կարող դատել, թե ինչ դեր է Անկարան խաղում կամ չի խաղում ԼՂ-ում, սակայն այժմ կարեւոր է, որ Անկարան դադարեցնի աջակցությունն ահաբեկիչներին»:

 

ՀԵՏԵՎՈՒՄ Է
«Ռոբերտ Քոչարյանը Հայաստանում է: Այս օրերին նա կապի մեջ է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ ու տիրապետում է շփման գծում տեղի ունեցող ռազմական գործողությունների եւ Ղարաբաղում ընդհանուր առմամբ առկա իրավիճակի վերաբերյալ տեղեկատվությանը», – «Ազատությանը» հայտնել է Ռ. Քոչարյանի մամուլի խոսնակ Վիկտոր Սողոմոնյանը: Նրա խոսքով. «Քոչարյանը համարում է, որ ԼՂՀ իշխանությունները եւ պաշտպանության բանակը ձեռնարկում են բոլոր անհրաժեշտ միջոցները՝ ադրբեջանական ագրեսիային արժանի հակահարված տալու համար»:




Լրահոս