ԻՆՉ ՄԹՆՈԼՈՐՏ Է ԱՐՑԱԽՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլի 2-ին՝ առավոտյան ժամը 9:00-ի սահմաններում, Ստեփանակերտի փողոցներում անսովոր եռուզեռ էր: Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը հակառակորդը լայնածավալ գործողություններ էր սկսել հայ դիրքապահների ուղղությամբ:

Ես եւ իմ գործընկերներից Արփինե Թովմասյանը ապրիլի 2-ի առավոտյան ժամը 9:30-ին ականատես եղանք, թե ինչպես էին Ստեփանակերտ քաղաքի փողոցներով տանկերը շտապում մարտական դիրքեր: Վաղ առավոտից Ստեփանակերտում դիրքեր գնացող տանկերի ճանապարհը կարգավորում էին ոստիկանները, իսկ փողոցում հավաքված քաղաքացիները, թեեւ արդեն տեղեկացված էին, որ ունենք կորցրած դիրքեր, սակայն խուճապի չէին մատնվել: Տղաները խումբ-խումբ Ստեփանակերտի հրապարակով անցնող տանկերին եւ զինված խմբերին «բացատրում» էին, թե թշնամին լավ առիթ տվեց ու հիմա կստանա արժանի պատասխանը. «Հաղթանակը միշտ էլ մերն է եղել»:
Ու մինչ տարբեր լրատվական կայքերում տեղեկություններն էին տարածվում, թե սահմանին ինչ է կատարվում, հայկական կողմը քանի կորուստ ունի եւ ինչ դիրքեր է զիջել, ժամը 14:00-ի սահմաններում ԼՂՀ մի խումբ ազատամարտիկներ, հավաքվելով ԼՂՀ ազատամարտիկների միության շենքի մոտ, անդամագրվում էին, որպեսզի իրենք էլ իրենց հերթին սատար կանգնեն հայ զինվորին: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ԼՂՀ ազատամարտիկ Ալեքսանդր Հայրապետյանն ասաց. «Ես պատրաստ եմ, որովհետեւ դիրքերում մեր երեխեքն են: Մենք մեր երեխեքին թեւ ու թիկունք պետք է կանգնենք: Նրանք այն արահետները չեն ճանաչում, որոնք մենք ենք ազատագրել: Պահը եկել է ու հայրենիքից քաղցր բան չկա: Այս հողը մերն է, ու թուրքը ինչքան էլ թպրտա, կյանքում թուրք եղել է ու թուրք էլ կմնա: Ինքն այդքան պլոճիկ չունի, որ մեր սահմաններն անցնի, քանի կանք, անելու ենք»: Կամավորների կոքին 4-5 տարեկան երեխաներ էին կանգնած, որոնց ձեռքներին գունավոր մատիտներով տանկ ու ինքնաթիռ նկարած փոքրիկ պաստառներ կային, իսկ մեջտեղում՝ իրենց ծնողները:
Այսպիսով՝ ազատամարտիկները հերթագրվելուց հետո գնացին տուն՝ սպասելով համապատասխան զանգին, որ գնան սահման: Այդ ընթացքում Երեւան քաղաքից եւ ՀՀ տարբեր մարզերից Ստեփանակերտ էին գալիս հազարավոր կամավորներ եւ իրենց պատրաստակամությունը հայտնում սահման գնալու եւ հայ զինվորի կողքին կանգնելու: Հենց նույն ժամանակահատվածում Ստեփանակերտի հրապարակով անցնում էին շտապօգնության մեքենաները եւ հիվանդանոց էին տեղափոխում տարբեր շրջաններում վիրավորում ստացած զինվորներին եւ քաղաքացիներին:
Ավելի ուշ՝ ժամը 19:00-ին մոտ, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հանդիպեց Երեւանից ժամանած լրագրողներին եւ ներկայացրեց սահմանում տիրող իրավիճակը: Ըստ ԼՂՀ նախագահի՝ իրադրությունը սահմանում լարված է, սակայն անկախ ամեն ինչից. «Արցախը մեր պատիվն ու արժանապատվությունն է, եւ ես ուզում եմ, որ իմանաք՝ մենք բարձր ենք պահում այդ պատիվը ամեն գնով ու ցանկացած իրավիճակում»:
Նկատենք, որ ողջ գիշեր քաղաքի կենտրոնական հրապարակում շարունակվում էին զինվորագրման աշխատանքները: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 25-30 տարեկան տղաները, մարտական տրամադրված, նստում էին դիրքեր մեկնող միկրոավտոբուսները եւ շտապում իրենց ընկերներին օգնության: Եւ այդպես մինչ օրս: Ազատամարտիկների միության շենքի առջեւ հերթը շարունակվում է:
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում երիտասարդ տղաներից մեկը՝ Արամայիս Հարությունյանը, որը Ստեփանակերտի հրապարակ էր եկել ընկերների հետ, ասաց, թե հակառակորդի այս գործողություններն իրենց համար ոչինչ են, քանի որ ծառայության ընթացքում ուսումնասիրելով թշնամուն՝ հասկացել են, որ շատ վախկոտ է. «Այստեղ բոլորս էլ ծառայած տղեք ենք ու լավ տիրապետում ենք մեր գործին: Այստեղ, առհասարակ, հավաքված բոլոր տղաները հստակ գիտեն, որ գնան դիրքեր, ինչ են անելու, ու մեր առջեւ ինչ առաջադրանք կա: Գիտեք՝ մենք մենակ չենք, քանի որ շատ ոգեւորիչ է, որ Երեւանից գալիս են երկրապահները, կամավորները, մեզ պես ջահել տղերքը, ինչը ավելի է մեզ ամուր դարձնում»:
Անկախ ստեղծված իրավիճակից, սահմանից հասած տեղեկություններից եւ հայկական կողմի կորուստներից՝ արցախցի ոգին չի կոտրվում:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
Ստեփանակերտ

 

 

 
ԱՐՑԱԽԻ ՕՊԵՐԱՏԻՎ ՇՏԱԲԸ
Արցախի համար ստեղծված այս ծանր իրավիճակում հազարավոր հայրենակիցներ դիմում են Արցախի Հանրապետության կառավարությանը՝ հայտնելով իրենց աջակցությունն ու օգնություն ցուցաբերելու պատրաստակամությունը: Այդ կապակցությամբ Արցախի Հանրապետության կառավարությունը թիկունքային եւ ինժեներական աշխատանքները պաշտպանության բանակի հետ համադրելու համար ստեղծել է օպերատիվ շտաբ, որը գլխավորում է ԼՂՀ վարչապետը:

Շտաբի անդամներն են`
ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը,
ԼՂՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Լեւոն Գրիգորյանը,
ԼՂՀ էկոնոմիկայի նախարար Անդրանիկ Խաչատրյանը,
ԼՂՀ քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը,
ԼՂՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Սամվել Ավանեսյանը,
ԼՂՀ կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն Արթուր Հարությունյանը
ԼՂՀ գյուղի եւ գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի տնօրեն Աշոտ Բախշիյանը, Արցախի ներդրումային հիմնադրամի տնօրեն Արտակ Միրզոյանը:
Ստեղծված օպերատիվ շտաբի պարենային ծառայության պատասխանատու է նշանակվել ԼՂՀ գյուղի եւ գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի տնօրեն Աշոտ Բախշիյանը (հեռ.՝ 097-25-09-09, 047 959066),
իրային ծառայության ապահովման մասով` Արցախի ներդրումային հիմնադրամի տնօրեն Արտակ Միրզոյանը (հեռ.՝ 097-20-00-28, 047 975577):
Արտակարգ իրավիճակներում սահմանամերձ եւ հրետակոծման տակ գտնվող բնակավայրերի քաղաքացիներին ժամանակավոր տարահանման մասին ընդունված որոշումների համաձայն` բնակչությանը աջակցություն ցուցաբերելու եւ սոցիալական որոշ խնդիրների լուծման նպատակով ԼՂՀ կառավարության աշխատակազմում նշանակված են պատասխանատուներ` կոնտակտային հետեւյալ տվյալներով` ԼՂՀ կառավարության աշխատակազմ, 1-ին հարկ, 109 աշխատասենյակ, հեռ.` 097-22-00-81, 097-22-44-44, 047-95-42-30
Ձեր փոխանցումները կարող եք կատարել հետեւյալ հաշվեհամարներին՝
ՀՀ դրամով. սպասարկող բանկ`
«Արցախբանկ» ՓԲԸ, հասցե` Կիեւյան փողոց 3, Երեւան, Հայաստան SWIFT` ARTSAM22: Հաշվի համարը` 22300612211100: Ստացող` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարություն:
ԱՄՆ դոլարով՝ սպասարկող բանկ` «Արցախբանկ» ՓԲԸ, հասցե` Կիեւյան փողոց 3, Երեւան, Հայաստան SWIFT` ARTSAM22: Հաշվի համարը` 22300110153200: Ստացող` ԼՂՀ ֆինանսների նախարարություն:
Արցախի Հանրապետության կառավարությունը երախտագիտություն է հայտնում բոլոր աջակցողներին՝ ստեղծված այս դժվարին ժամանակահատվածում արցախցիներին սատարելու եւ նյութական ու բարոյական աջակցություն ցուցաբերելու պատրաստակամության համար:

 

 

 
ԼՂՀ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՐՈՒՑԵՑ
Երեկ ԼՂՀ գլխավոր դատախազը քրեական գործ է հարուցել ԼՂՀ քրեական օրենսգրքի 410 (Ագրեսիվ պատերազմ) եւ 416 (Միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումները զինված ընդհարումների ժամանակ) հոդվածներով: Միաժամանակ, գլխավոր դատախազի հանձնարարությամբ ստեղծվել է քննչական խումբ` ԼՂՀ ոստիկանության քննչական վարչության պետի գլխավորությամբ, եւ տվյալ գործով նախաքննությունը հանձնարարվել է այդ քննչական խմբին:

 

ՓԱՍՏԵՐ
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը ՄԱԿ-ի եւ Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարների ուշադրությանն է ներկայացրել ադրբեջանական կողմից հայկական քաղաքացիական բնակավայրերի եւ խաղաղ բնակիչների նկատմամբ տեղի ունեցող հանցավոր ոտնձգությունների, ցուցաբերվող դաժան վերաբերմունքի վերաբերյալ տվյալներ, ինչպես նաեւ միջազգային մարդասիրական իրավունքի հատուկ պաշտպանության ներքո գտնվող երեխաների եւ տարեցների նկատմամբ իրականացվող անթույլատրելի հարձակումների վերաբերյալ ուսումնասիրության արդյունքներ: Մարդու իրավունքների պաշտպանն ընդգծել է, որ Եվրոպայի խորհրդի տարածքում խաղաղ բնակիչների իրավունքների եւ կյանքի նկատմամբ դաժանության ամենաբարձր աստիճանի հասնող զանգվածային ոտնձգությունները չեն կարող հանդուրժելի լինել: Եվրոպայի խորհրդի տարածքում անընդունելի է ցանկացած նման գործողություն, քանի որ դրանով խախտվում են մարդու իրավունքների եվրոպական բարձր արժեքները եւ խաթարվում եվրոպական կոնվենցիոն արժեքային համակարգը: Ներկայացվել են նաեւ հիմնավորումներ միջազգային մարդասիրական իրավունքի հիմնարար պահանջերի խախտումների մասին: Համապատասխան հաղորդակցություն է նախաձեռնվել նաեւ Human Rights Watch, Amnesty International կազմակերպությունների, ԵԱՀԿ-ի, ինչպես նաեւ օմբուդսմենական միջազգային կազմակերպությունների հետ:

 

ԿԱՍԵՑՆԵԼ ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ
ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը Լեռնային Ղարաբաղի հանրապետություն գնացող կամավորների համար հայտարարություն էր արել: Ըստ նրա՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 105-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ դատարանը պարտավոր է կասեցնել գործի վարույթը, եթե պատասխանողը գտնվում է ռազմական դրության մեջ գտնվող զինված ուժերի կազմում:
Ասել է, թե փաստաբանների պալատի նախագահը փորձում էր հանգստացնել այն մարդկանց, որոնք եթե դատական վեճ ունեն, ապա գործի վարույթը կարող են կասեցնել.«Այս հնարավորությունից կարող են օգտվել նաեւ վարկառու պատասխանողները, եթե մասնակցում են ռազմական գործողություններին»:




Լրահոս