ՊԱՏԵՐԱԶՄԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԿՈՂՄԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հանրահայտ իրողություն է, որ ցանկացած պատերազմ երկու կողմ ունի` ռազմական եւ տնտեսական: Պատերազմող կողմը պարտավոր է ռազմական հաշվարկներ կատարելիս հաշվի առնել նաեւ այդ տնտեսական կողմը: Այլ կերպ ասած՝ հենց սկսվում է պատերազմը, պետական բյուջեն վերածվում է հսկա միջոցներ պահանջող մի համակարգ: Իսկ հաղթանակի համար շատ կարեւոր է, որ այս ռազմա-տնտեսական համակարգը գործի անխափան, ի վերջո, հաղթելու համար բանակը պետք է նյութապես ապահովված լինի:

Որքան էլ դաժան հնչի, բայց պատերազմի ժամանակ մարդկային կորուստները հնարավոր է վերականգնել` բնակչության շրջանում մասնակի կամ համընդհանուր մոբլիզացի հայտարարելու միջոցով: Փոխարենը տեխնիկայի, առավել եւս ժամանակակից զինատեսակների կորուստը արագ հնարավոր չէ վերականգնել, եւ սխալ հաշվարկի դեպքում զինատեսակների ուշ համալրումը կարող է նաեւ ճակատագրական լինել:
Երեկվա դրությամբ մարտական գործողությունների արդյունքում հայկական բանակի նյութական կորուստները եղել են 7 հատ տանկ եւ մեկ զինվորական բեռնատար: Թշնամին վերջին երեք օրերի ընթացքում, երեկ երեկոյան հրապարակված տվյալների համաձայն, մարտի դաշտում է թողել 20 տանկ, 6 զրահապատ մեքենա, 2 հատ 2 «ԲՄ-21» «Գրադ» եւ 1 ՏՈՍ-1Ա-«Սոլնցեպյոկ» ծանր հրետանահրթիռային կայանքներ, 2 հատ ուղղաթիռ, 6 հատ անօդաչու թռչող սարք եւ 2 հատ հրանոթային հաշվարկ: Այսինքն՝ երեք օրվա ընթացքում հայկական կողմը շարքից հանել է Ադրբեջանի տանկային հաշվարկի մոտ 10 տոկոսը: Թշնամին, օրինակ, ըստ համացանցում առկա տվյալների՝ մինչ այս ունեցել է 43 հատ «Գրադ», որից երկուսն այլեւս շարքից հանված են: ՏՈՍ-1Ա-«Սոլնցեպյոկ» ծանր հրետանահրթիռային շարժական կայանից Ադրբեջանն ընդհանուր գնել է 6 հատ 2013 թվականին, որից մեկն, ինչպես արդեն նշեցինք, հայկական զինուժը ոչնչացրել է:
Եթե ադրբեջանական կողմն այս մարտերում օգտագործել է միայն իր` Խորհրդային Միությունից ժառանգած տանկերը, ապա դրանց վնասը կարելի է հաշվարկել միջինը մոտ 1 մլն դոլար արժեքով: Եթե դրանց մեջ եղել են նաեւ մի քանի տարի առաջ Ռուսաստանից գնած Տ-90Ս տեսակի տանկեր, ապա այս դեպքում ոչնչացված տանկի հատը պետք է հաշվարկվի` հատը մոտ 3 մլն դոլարով:
Հայկական զինուժի կողմից ոչնչացված ուղղաթիռները եղել են «ՄԻ-24» մակնիշի: Ադրբեջանի օդուժի կազմում ընդհանուր եղել է 14 հատ «ՄԻ-24» ուղղաթիռ, որից 2-ը, ինչպես արդեն նշեցինք, ոչնչացվել է:
Երեկ ուշ երեկոյան հայտնի դարձավ, որ միայն երեկվա ընթացքում հայկական զինուժին հաջողվել է ոչնչացնել 11 հատ տանկ, 1 հրանոթային մարտական միավոր եւ 4 անօդաչու թռչող սարք, որից երեքը եղել են հարվածային, իսկ մեկը հետախուզական եւ երկու ավտոտեխնիկա:
Նշենք, որ Ադրբեջանի ռազմական օդուժն ունի 25 հատ հարվածային անօդաչու թռչող սարքեր, որից 5-ն արդեն ոչնչացվել է:
Այսինքն՝ եթե Ադրբեջանն այս տեմպերով շարունակի գրոհել, ապա որոշ ժամանակ անց նրա զինտեխնիկայից բան չի մնա, այսինքն՝ կկրկնվի 90-ական թվականների ղարաբաղյան պատերազմի սցենարը, երբ սկզբում ադրբեջանական կողմը առավելություն ուներ, քանի որ նրանց զինված ուժերի տրամադրության տակ էին անցել Ադրբեջանի տարածքում գտնվող Խորհրդային Միության սպառազինությունը: Սակայն որոշ ժամանակ անց այդ սպառազինությունը կա՛մ ոչնչացվել էր, կա՛մ էլ անցել էր հայկական զինուժի ձեռքը: Արդյունքում Ադրբեջանը ստիպված էր զինադադար խնդրել:
Այս անգամ էլ նույն է տեղի ունենալու: Միակ հարցն այն է, թե այս անգամ ադրբեջանական կողմը քանի օր դիմանալուց հետո կսկսի զինադադար խնդրել: Ի վերջո, այս անգամ Արցախը եւ Հայաստանը պատերազմին պատրաստ են:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

 

 

 
ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ԵՐԵԿ ՄԻԱՎՈՐՎԵԼ ԷԻՆ

Աժ երեկվա նիստի սկզբում դահլիճում ներկա 115 պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգեցին ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում այս օրերին զոհված հերոսների հիշատակը, այնուհետեւ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն ընթերցեց Ազգային ժողովի բոլոր խմբակցությունների եւ դրանցում չընդգրկված պատգամավորների կողմից ընդունված հայտարարությունը` շնորհակալություն հայտնելով հանրությանը եւ հատկապես ընդդիմադիր ուժերին՝ աննախադեպ կոնսոլիդացիայի համար:

«ՀՀ Ազգային ժողովը խստորեն դատապարտում է Ադրբեջանի կողմից իրավիճակի աննախադեպ սրումը Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծի ողջ երկայնքով: 2016թ. ապրիլի 1-2-ի գիշերը ադրբեջանական բանակն սկսեց լայնածավալ ռազմական գործողություններ: 1994թ.-ին Լեռնային Ղարաբաղի, Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ ստորագրված եռակողմ զինադադարից հետո առաջին անգամ մեծ քանակությամբ ծանր սպառազինությունների կիրառումը, Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակավայրերի ռմբակոծումը, Լեռնային Ղարաբաղի խորքում ընկած ենթակառուցվածքների թիրախավորումն ակնհայտորեն ցույց է տալիս, որ Բաքուն կանգնել է հիմնահարցը ռազմական ճանապարհով լուծելու իր պատրանքը կյանքի կոչելու անհեռատես եւ վտանգավոր ուղու վրա: Ադրբեջանի այս արկածախնդիր քաղաքականության պատճառով կան բազմաթիվ զոհեր, այդ թվում նաեւ քաղաքացիական բնակչության շրջանում: Վտանգված է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգ ապրելու իրավունքը: Ադրբեջանի ահաբեկչական քաղաքականությունը լուրջ սպառնալիք է ողջ տարածաշրջանային անվտանգության համար… Կոչ ենք անում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին եւ միջազգային կազմակերպություններին հասցեական եւ համարժեք արձագանքել ստեղծված իրավիճակի համար պատասխանատու ադրբեջանական կողմին՝ կիրառելով ագրեսորի նկատմամբ զսպման բոլոր մեխանիզմները՝ լարվածության հետագա սրացումից եւ տարածաշրջանն ապակայունացնող քայլերից խուսափելու համար»,-ասված էր ԱԺ հայտարարության մեջ:
Շարմազանովի կողմից այս հայտարարության ընթերցումից հետո խորհրդարանում ներկայացված բոլոր քաղաքական ուժերը հանդես եկան ելույթներով` դատապարտելով Ադրբեջանի սադրիչ գործողությունները:
Նկատենք, որ պատգամավորների մի մասն անգամ այսպիսի իրավիճակում զերծ չմնացին տեսախցիկների առաջ «հերոսանալուց» եւ չբավարարվելով վերը ներկայացված հայտարարության ընթերցմամբ` հարկ համարեցին անձամբ սպառնալ Ալիեւին: Իսկ, ահա, արդեն մի քանի րոպե անց նրանց մեծ մասին հնարավոր չէր այլեւս դահլիճում գտնել, եւ նախագծերի քննարկումները, ինչպես գրեթե միշտ, շարունակվեցին կիսադատարկ դահլիճում:

ԱՐՓԻՆԵ ԹՈՎՄԱՍՅԱՆ

 

 

 
ՏԱՎՈՒՇՈՒՄ ԷԼ ՍԿՍԵՑԻՆ
Մինչ վերջին երեք օրերին Արցախում թեժ կռիվներ էին ընթանում, Տավուշի մարզի սահմանագոտում արշալույսներն ու մայրամուտները խաղաղ էին, եւ դա տարօրինակ եւ չարագուշակ էր թվում, ինչպես փոթորիկը՝ անդորրից առաջ: Պարզվեց, որ տավուշեցիների սպասումն իզուր չէր. ադրբեջանցիները նախահարձակ եղան նաեւ Տավուշի մարզի սահմանագոտում: Ապրիլի 4-ին ադրբեջանական զինուժի կրակից Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի սահմանագոտում, Ադրբեջանին սահմանակից Ներքին Կարմիրաղբյուր եւ Պառավաքար գյուղերի միջեւ գտնվող պաշտպանական դիրքերից մեկում վիրավորվեց Բերդ քաղաքի բնակիչ, պայմանագրային զինծառայող Արթուր Ադամյանը: Ադրբեջանական գնդակը խոցել է նրա թոքը: Արթուր Ադամյանը Բերդ քաղաքի զինվորական հոսպիտալում շուրջ 2 ժամ վիրահատվել է: Տեղեկացանք, որ վիրավոր զինծառայողի վիճակը կայուն ծանր է, սակայն բժիշկները հույս ունեն, որ նա կապաքինվի:

 

 

ԵՐԿՈՒ ԱՄԻՍ ԷՐ ՄՆՈՒՄ
Ապրիլի 5-ին Տավուշի մարզի Դիլիջան քաղաք կտեղափոխվի ժամկետային զինծառայող, 20-ամյա Վլադիմիր Ալիխանյանի դին: Մեր ունեցած տեղեկություններով՝ նա 2 ամիս հետո պետք է ավարտեր ծառայությունը: Վլադիմիրը, որը տանկիստ էր, զոհվել է Ֆիզուլիում: Նրա ծնողները երեկ դեռ չգիտեին որդու զոհվելու մասին: Վ. Ալիխանյանի հուղարկավորությունը, ամենայն հավանականությամբ, կկայանա ապրիլի 6-ին: Նրան վերջին հրաժեշտը կտան հերոսին վայել պատիվներով, զինվորական նվագախմբով:

 

 

ՈՒԺԵՂԱՑՎԱԾ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՆԵՐՔՈ
Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը «Ժողովուրդ»-ին հայտնեց, որ մարզի սահմանամերձ համայնքները գտնվում են ուժեղացված հսկողության ներքո: Նա ասաց, որ Տավուշի մարզպետարանում, սահմանամերձ համայնքապետարաններում համապատասխան աշխատանք է տարվում: Մարզի բնակչությունը հայրենասիրական ոգով է համակված, պատրաստ պաշտպանելու ՀՀ սահմանները: Ադրբեջանին սահմանակից Տավուշի բնակչությունը ամեն կերպ սատարում է սահմանապահ զինվորներին:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ

 

 

 

ԿԱՋԱԿՑԵՆ
«Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը հնարավոր է միայն Հայաստանի կողմից ադրբեջանական հողերի օկուպացաված տարածքները ազատագրելու ճանապարհով»,- հայտարարել է Թուրքիայի խորհրդարանի փոխխոսնակ Ահմեթ Այդընը: Նա նշել է, որ Թուրքիան միշտ աջակցել եւ աջակցում է «Ադրբեջանի՝ միջազգային մակարդակով օրինական իրավունքին»:

 

ԱՅԼԸՆՏՐԱՆՔ ՉԿԱ
«ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանն այլընտրանք չկա»,- երեկ հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան,- «ՀԱՊԿ բոլոր անդամ երկրները կենտրոնացած են նախեւառաջ քաղաքական քայլերի վրա, որոնք առաջին հերթին ուղղված են հրադադարի վերականգնմանը, հակամարտության գոտուց ծանր սպառազինման դուրս բերմանը եւ շփման գծում ցանկացած տեսակի զենքի չկիրառման մասին պայմանավորվածություն ձեռք բերելուն»:




Լրահոս