Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի երկայնքով ադրբեջանական զինուժի վերջին հարձակումների արդյունքում թեեւ հենց իրենք` ազերիները, անհամեմատ ավելի շատ կորուստներ ունեցան, այդուհանդերձ զոհեր ունեցավ նաեւ հայկական կողմը: Եվ, որ առավել ցավալի է, ադրբեջանական ագրեսիայի զոհ գնացին նաեւ դպրոցի ճամփան բռնած մանուկներ: Սակայն ազերիների այս հարձակումը նաեւ ցույց տվեց, որ հայի ոգին անկոտրում է, եւ մեր զինվորները քաջ են առավել, քան երբեւէ:
Ադրբեջանական զինուժի կողմից ապրիլի 2-ին՝ ժամը 8:30-ի սահմաններում, Մարտունու պաշտպանական ուղղությամբ ՄՄ-21 «Գրադ» կայանքից իրականացված հրթիռահրետանակոծության հետեւանքով սպանվեց 12-ամյա Վաղինակ Գրիգորյանը, եւս երկու երեխա վիրավորվեցին:
Մարտունեցի փոքրիկները չհասցրին մասնակցել դասին. հակառակորդի արկը պայթեց դպրոցի ճանապարհին: Վարդանը, Գեւորգը եւ Վաղինակը այդպես էլ դասարան չմտան. հակառակորդը կտրել էր նրանց ճանապարհը: Վարդանն ու նրա ընկերը՝ 11-ամյա Գեւորգը, տեղափոխվեցին հիվանդանոց: Արցախում սպանված տասներկուամյա Վաղինակ Գրիգորյանը դեպքի ժամանակ դպրոցի բակում էր: Վիրավորվածներից մեկը՝ Գեւորգ Գրիգորյանը, սպանված տղայի եղբայրն է:
«Ժողովուրդ»-ը 11-ամյա Գեւորգի հորաքրոջից՝ Մերիից տեղեկացավ, որ Գեւորգը ենթարկվել է երկրորդ վիրահատության, հիմա գտնվում է հետ վիրահատական շրջանում: Փոքրիկի հորաքույրը ցավով արձանագրեց այն փաստը, որ Գեւորգը դեռ տեղյակ չէ, որ եղբայրը սպանվել է. «Մենք հասկացանք, որ Գեւորգին իր եղբոր մահվան լուրը պետք է հայտնի միայն հոգեբանը: Իսկ ծնողները զբաղված են եղբոր՝ Վաղինակի հոգեհանգստի արարողությամբ, դրա համար ձգձգվում է Գեւորգին այդ լուրը հայտնելը: Սպասում ենք՝ այդ արարողությունը վերջանա, նոր խոսենք»: Զրույցի ընթացքում Գեւորգի հորաքույրը նշեց, որ Գեւորգը դեպքից հետո մշտապես հետաքրքրվում է եղբորով եւ սպասում նրան: «Ինքն անընդհատ հարցնում է եղբորից, մշտապես հետաքրքրվում է, թե ինչ է կատարվում, որտեղ է իր եղբայրը…»,- հառաչելով ասաց Մերին: Նշենք, որ երեկ՝ մեր զրույցից հետո, Մարտունիում տեղի ունեցավ 12-ամյա Վաղինակի հոգեհանգստի արարողությունը
Իսկ 12-ամյա Վարդանի մայրը՝ տիկին Նուշիկը, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում պատմեց, որ որդին չի ցանկանում կատարվածի մասին խոսել: «Իր համար ուրախ-ուրախ դպրոց էր գնում… դպրոցի շենքի առջեւ պայթյուն եղավ: Ես ինքս լսեցի պայթյունի ձայնը, որովհետեւ դպրոցը մեր տանը շատ մոտ է: Առավոտյան 8.30 էր, որ տանից դուրս եկավ: Անկեղծ ասած՝ մշտապես 08.50 էր գնում դպրոց, բայց թարսի պես այդ օրը ավելի շուտ դուրս եկավ: Լսելով պայթյունի ձայնը՝ վազեցի դուրս, մոտեցա ու տեսա Վարդանին… ընկերոջ հետ ընկած էր: Անմիջապես տեղափոխեցինք հիվանդանոց: Վիրավոր էին…»,- մեծ ցավով հիշեց Վարդանի մայրը: Նա նշեց, որ Վարդանը միշտ իր ընկերոջ՝ Գեւորգի հետ էր գնում դպրոց, քանի որ նույն դասարանում են սովորում. «Շատ վախեցած է, չի ցանկանում նույնիսկ այդ մասին հիշել, ասում է՝ ինձ հարցեր մի տվեք, չեմ ուզում հիշել: Ասում է՝ ես պետք է գնամ ու վրեժ լուծեմ: Միայն վրեժ առնելու մասին է մտածում»:
Այս օրերին ակտիվ քննարկվում է նաեւ 20-ամյա Նարեկ Մալխասյանի կատարած սխրանքը: Տեղեկացնենք, որ Նարեկը միայնակ խոցել է հակառակորդի ուղղաթիռը: «Տեսա, որ ուղղաթիռը գալիս է իմ վրա, եւ ես 2 մետր հեռավորության վրա կրակեցի իրեն վրա»,- իր կատարած սխրանքի մասին պատմել է Նարեկը: Երիտասարդի կրակոցից հետո ուղղաթիռը կորցրել է ինքնակառավարումը եւ կարճ ժամանակ անց ընկել է ու պայթել:
Վերջին օրերին ղարաբաղ-ադրբեջանական շփման գծում տեղի ունեցող մարտական գործողությունների ժամանակ զոհված հայ զինծառայողներից է Արագածոտնի մարզի Արտաշավան գյուղի բնակիչ 20-ամյա Քյարամ Սլոյանը: Արտաշավանի գյուղապետ Ղազար Կարապետյանի պատմելով՝ Քյարամին իր հրամանատարն ասել է` դու գնա, ես կմնամ: Բայց Քյարամը մնացել է դիրքում` հրամանատարին մենակ չթողնելով:
Իսկ, ահա, 4-րդ հրաձգային վաշտի 26-ամյա հրամանատար, կապիտան Արմենակ Մերսի Ուրֆանյանը (լուսանկարում) իր անձնակազմի հետ երկար մարտի է բռնվել հակառակորդի հետ: Հակառակորդի գերազանցող ուժերի ճնշման տակ անձնակազմին հետ ուղարկելով՝ միայնակ շարունակել է մարտը՝ խոցելով մեկ տանկ եւ մոտ մեկ տասնյակ թշնամու զինվոր: Վերջում մի քանի նռնակներ նետելով՝ չի թողել իրեն շրջապատեն ու վերջին նռնակով իր հետ պայթեցրել է մոտեցող թշնամիներին:
Զոհված հերոսների անունները երեկ արդեն պաշտոնապես հրապարկվեցին, բայց վերջնական ցանկը դեռեւս չկա:
Ի դեպ, երեկ «Զինվոր» համակարգող խորհուրդի նախագահ Մարգարիտա Խաչատրյանը այցելեց կենտրոնական զինվորական հոսպիտալ: Վերջինս հանդիպեց ղարաբաղա-ադրբեջանական ուժերի շփման գծում մարտական գործողությունների հետեւանքով վիրավորում ստացած զինծառայողներին: Համակարգող խորհրդի կողմից զինծառայողները պարգեւատրվեցին «Զինվոր հայրենյաց» մեդալներով:
Տիկին Խաչատրյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում պատմեց զինվորների հետ հանդիպման մասին. «Վիրավորված զինծառայողներից մեկն ասաց՝ կապ չունի, որ ոտքերս կորցրել եմ, եթե լավանամ, առանց ոտքի էլ կգնամ հայրենիքիս պաշտպանության: Բոլոր վիրավոր զինվորներն էլ առաջին գծից էին տեղափոխված եւ բոլորն էլ հպարտությամբ ասում էին, որ իրենք նորից հետ են գնալու: Դեռ իրենք չգիտեին, թե իրենց առողջության հետ ինչ է լինելու, բայց ոգեւորությամբ հայտարարում էին, որ հետ են գնալու»:
Նշենք, որ երեկ Սերժ Սարգսյանը այցելեց ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծում մարտական գործողությունների հետեւանքով վիրավորված զինծառայողներին տեսության:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
ԲՈՂՈՔԻ ՑՈՒՅՑ ԱԹԵՆՔՈՒՄ
ՀՅԴ հայ դատի Հունաստանի հանձնախումբն ապրիլի 3-ին Աթենքում՝ Ադրբեջանի դեսպանության դիմաց, կազմկերպել էր բողոքի ցույց-ակցիա: Ցուցարարները պարզել էին Հայաստանի եւ Արցախի դրոշներ, «Ալիեւ՝ դադարեցրու ագրեսիան Արցախի հանդեպ», «Արցախն անկախ է» եւ այլ կարգախոսներ: Բողոքի ցույց-ակցիային մասնակցել են ավելի քան երեք հարյուր մարդ:
Ակցիայի մասնակիցները բողոք նամակ են գցել Ադրբեջանի դեսպանության փոստարկղ եւ մեկ օրինակ էլ ուղարկել են դեսպանության էլեկտրոնային հասցեին: Մոտ մեկ եւ կես ժամ տեւած ակցիայի շրջանակներում մասնակիցները բազմաթիվ անցորդների, այդ թվում հույն եւ օտարերկրացի, ներկայացրել են վերջին օրերին Արցախում Ադրբեջանի կողմից լայնածավալ պատերազմական գործողություններ սկսելու մասին տեղեկատվություն: Ադրբեջանի դեսպանությունը գտնվում է քաղաքի կենտրոնի ամենամարդաշատ փողոցներից մեկի՝ Վասիլիսիս Սոֆիասի վրա:
ՖՐԱՆՍԱՀԱՅԵՐԸ ԲՈՂՈՔԻ ՑՈՒՅՑ ԿԱՆՑԿԱՑՆԵՆ
Ֆրանսահայերն ապրիլի 9-ին բողոքի ցույց կանցկացնեն Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպանության առջեւ ղարաբաղա֊ադրբեջանական շփման գծում նախահարձակ գործողություններ իրականացնելու եւ հրադադարի ռեժիմը սրելու կապակցությամբ: Այս մասին հայտարարություն է տարածել Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհուրդը: Միաժամանակ ֆրանսահայերը Ֆրանսիայի կառավարությունից պահանջելու են պարտադրել Ադրբեջանին՝ հարգել հրադադարի ռեժիմը, Փարիզում նախաձեռնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման նոր գագաթնաժողով, ինչպես նաեւ բոլոր ջանքերը գործադրել պաշտպանելու Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության անվտանգությունն Ադրբեջանի բանակի հանցավոր գործողություններից: Ադրբեջանի դեսպանության մոտ բողոքի ակցիան ապրիլի 9-ին կմեկնարկի տեղական ժամանակով 16:00-ին:
ԱՇԽԱՏԱՎԱՐՁԸ ՀԱՏԿԱՑՐԵԼ ԵՆ ԼՂՀ-ԻՆ
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ աշխատակիցները՝ թվով 7000 հոգի, միասնական իրենց մեկ ամսվա աշխատավարձը հատկացրել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը: Հակամարտության գոտում ստեղծված լարվածության պայմաններում բնակչության կարիքները հոգալու համար փոխանցվել է 1 մլրդ 200 մլն դրամ: