ՀԻՄԱ ԵՐԳԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ ՉԷ. ԿՌՎԵԼՈՒ ՊԱՀՆ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլի 2-ից իրավիճակը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կտրուկ լարվել է։ Պարբերական կրակոցներից եւ մասնակի դիվերսիոն հետախուզական փորձերից Ադրբեջանն անցում է կատարել մասշտաբային հարձակման շփման գծի ողջ երկայնքով՝ օգտագործելով հրետանի, ծանր տեխնիկա եւ ավիացիա։ Նշենք, որ 1994 թվականին հաստատված հրադադարից հետո սրանք ամենախոշոր գործողություններն են, որոնք ձեռնարկել է Ադրբեջանի զինուժը: Այս ողջ ընթացքում մեր հայրենակիցներն աչքի ընկան իրենց համախմբվածությամբ: Ամեն մեկն իր ուժերի ներածին չափով փորձում է սատարել սահմանին կանգնած զինվորին, իսկ առաջին գիծ մեկնելուն պատրաստ կամավորների շրջանում պարզապես հերթեր են գոյացել:

«Ժողովուրդ»-ը արվեստագետներից հետաքրքրվեց` ինչ կարծիք ունեն նրանք ստեղծված իրավիճակի վերաբերյալ, ինչպես են մտադիր աջակցել հայ զինվորին:
Երգիչ, երգահան Դավիթ Ամալյանը վերջին օրերին եղել է Ստեփանակերտում, հասցրել է հանդիպել իր մարտական ընկերներին. «Այնտեղ այնքա՜ն մարդ կար հավաքված, ո՛չ ճառ ասող, ո՛չ ճառ լսող, կոնկրետ գործի մարդիկ` պատերազմ տեսած ու չտեսած: Հիացած եմ այնտեղ տիրող մթնոլորտով. հրամանատարները զինվորիներին էին «դուխ» տալիս, զինվորները` հրամանատարներին: Պատկերացնու՞մ եք այս համախմբվածությունը խաղաղ ժամանակ էլ ունենանք. սարեր շուռ կտանք»,- ասաց նա:
Երգահանը խուսափեց վերլուծել իրավիճակը քաղաքական տեսանկյունից, սակայն կես կատակ-կես լուրջ նկատեց. «Ես չգիտեմ` ով է այս ամենի հրահրողը, բայց բրդողի …-ը»: Նա նաեւ հավելեց, որ հիմա երգով զինվորին սատարելու ժամանակը չէ, հիմա կռվելու պահն է:
Մեկ այլ երգիչ` Արսեն Գրիգորյանը (Մրո), մեզ հետ զրույցի ընթացքում Ստեփանակերտի ճանապարհին էր. «Հասնենք տեղ, հետո կերեւա, թե որ ուղղությամբ պետք է գնանք, ինչով կարող ենք օգտակար լինել. սա ամենաքիչ բանն է, որ կարող ենք անել»: Վերջինս եւս շեշտեց, որ այս պահին երգը երկրորդական նշանակություն ունի. ինքը մտադիր է ուժերի ներածին չափով սատար կանգնել հայ զինվորին:
Անդրադառնալով այն հանգամանքին, որ ադրբեջանական կողմը այս ընթացքում կրակել է մեր մանուկների եւ ծերերի վրա` խլելով անմեղ կյանքեր, Ա. Գրիգորյանը շեշտեց. «Ադրբեջանցիները նույն թուրքերն են, նույն գենետիկ կոդն ունեն, որը չի կարող փոխվել: 100 տարի առաջ էլ էին անմեղ մարդկանց սպանում, հիմա էլ. նույն ոհմակն են մնացել»:
Երգիչը, սակայն, ուրախ է, որ այն թյուր կարծիքը, թե հայ ժողովուրդը համախմբած չէ, այս օրերին ժխտվեց. «Երեւի առիթ էր պետք, որ ճշմարտությունն այսքան ցայտուն երեւար»:
Երգչուհի Ալլա Լեւոնյանն էլ իր հերթին «Ժողովուրդ»-ին պատմեց, որ ինքը դիմել է համապատասխան օղակների` առաջարկելով երգի միջոցով աջակցել մեր զինվորներին. «Ես ասացի` եթե դրա անհրաժեշտությունը կա, ես այս վայրկյանին էլ պատրաստ եմ մեկնել Արցախ, ինձ, սակայն, պատասխանեցին, որ հիմա հեչ դրա ժամանակը չէ»:
Երչուհին խոստովանեց, որ հետեւելով վերջին իրադարձություններին, մեր զինվորների հերոսական քայլերին՝ լաց է եղել միաժամանակ հուզմունքից եւ հպարտությունից. «Ամեն ինչ խառնվել էր իրար: Տեսնում եք՝ այս ինչ ոգեղեն, թասիբով ժողովուրդ ենք, նաեւ լաց եմ եղել` հպարտանալով, որ էսպիսի ժողովրդի զավակ եմ»:
Դերասան Միքայել Պողոսյանն էլ մեզ հետ զրույցում անկեղծացավ` նշելով, որ հայերս ինքներս մեզ չենք ճանաչում. «Հաճախ նշում ենք, թե հայերիս շրջանում մեկս մյուսի լավ ապրելը չենք կամենում, միահամուռ ժողովուրդ չենք, բայց դա պատրանք է, իրականության հետ որեւէ կապ չունի: Այս դժվարին պահերին միանգամից երեւում են մեր ազգի լավագույն հատկությունները: Ես շատ շոյված եմ, որ ամենապարզ, հասարակ գյուղացուց մինչեւ ինտելիգենտ քաղաքացի նման պահերի բոլորը մեկ են դառնում: Սա է մեր հաղթանակի գրավականը: Մեր ճանապարհն ազնիվ է, եւ դա հակառակորդը շատ լավ գիտակցում է: Ինչ զենք էլ օգտագործեն, մեր ոգին կոտրել հնարավոր չէ: Շատ լավ կլիներ, որ նման համախմբվածություն դրսեւորեինք ոչ միայն ծանր պահերին, այլեւ առօրյայում, սովորական օրերին»:
Դերասանի խոսքով` մենք ենթագիտակցորեն հասկանում ենք մի պարզ բան. մեր միակ հույսը կարող ենք դնել միայն ինքներս մեզ վրա. «Կարող է լինեն դաշնակիցներ, որոնք մեզ օգտագործեն քաղաքական նպատակներով, բայց եթե մենք տեր չկանգնենք մեր հող ու ջրին, մեզ ոչ ոք չի օգնի, բացի Աստծուց»:
Մենք զրուցեցինք նաեւ ծնունդով արցախցի երգիչ Վարդան Բադալյանի հետ: Վերջինս այնքան հուզված էր, որ հազիվ էր կարողանում խոսել եւ հավաքել մտքերը: Իր դողացող ձայնով առաջին բանը, որ Վարդանն ասաց, հետեւյալն էր. «Հիմա ով ոնց կարողանում է, պետք է օգնի մեր զինվորներին»: Նա պատմեց, որ իր ծնողներն այժմ գտնվում են Մարտակերտի շրջանի Մաղավուզ գյուղում. «Ես մտածում եմ` գնամ իրենց մոտ: Իմ ծնողները վերջին դեպքերից հետո վնասներ չեն կրել, բայց այնտեղ շատ վտանգավոր է. անընդմեջ ռմբակոծում են: Իհարկե, մտածում եմ նաեւ առաջին գծում կանգնած մեր ջահել զինվորների մասին… Ով կարողանում է, պետք է գնա, զենք վերցնի ու կռվի»,-ասաց նա:
1991-92թթ. ադրբեջանցիները երկու անգամ ներխուժել են Վարդանենց գյուղ, վառել նրանց տունը. «Մեզ մոտ հիմա վերապրումի պահ է, որ ասում են` մարդը իր տեսածից է վախենում, մեր մասին է»-նշեց նա:
Երգիչ, հնչյունային ռեժիսոր Տիգրան Պետրոսյանի մանկությունն էլ է անցել Արցախում: «Ես կիսով արցախցի եմ, կիսով տավուշցի: Եթե սահմանին այս լարված իրավիճակը շարունակվի, ես, միանշանակ, զենքը կվերցնեմ ձեռքս ու կգնամ կռվի»,- մեզ հետ զրույցում ասաց նա:
Երգչի խոսքով` հայ զինվորը, անկախ երկրում տիրող սոցիալական վիճակից, միշտ էլ պատրաստակամ է եղել կյանքը զոհելու հանուն հայրենիքի: Տիգրանը, սակայն, այն կարծիքին է, որ պետք է ոչ միայն պահպանել մեր սահմանները, այլեւ մտածել նոր տարածքներ գրավելու մասին. «Թերեւս Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պատերազմը չէր էլ ավարտվել: Իսկ այս փոխադարձ կրակոցները կարող են անվերջ շարունակվել: Եթե հակառակորդը մեզ աշխարհին ներկայացնում է որպես ագրեսոր, գուցե իրո՞ք մեր «ագրեսորությունը» ցույց տանք եւ նոր հողեր վերցնենք»,-կարծիք հայտնեց նա:
Նշենք, որ թեմայի մեկնաբանությամբ հանդես է եկել նաեւ ծնունդով արցախցի մեկ այլ երգիչ` Անդրեն. «Սեփական մաշկի վրա տեսել եմ, գիտեմ, զգացել եմ` ինչ է պատերազմը։ Կորցրել եմ հարազատների, վշտացել եմ, բայց եւ ապրել եմ ազատագրված հողում շնչելու բերկրանքը։ Որպես Հայ եւ Արցախցի` այսօր էլ պատրաստ եմ լինելու իմ հողի եւ իմ զինվորի կողքին։ Չեմ ցանկանում խուճապի մատնվենք, չեմ կամենում որեւիցե խոսքով ու մեկնաբանությամբ վնասենք միմյանց. դրա ո՛չ ժամանակն է, ո՛չ էլ առիթը»,-իր ֆեյսբուքյան էջում գրել է նա` ներկայացնելով Իրինա Փիրումյանի հեղինակած «Ես չեմ ուզում պատերազմ լինի» երգի իր տարբերակը:

ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

 

 

 
ԱՐԱՄ MP3-Ի ԼՈՒՄԱՆ
Երգիչ Արամ MP3-ն Ֆեյսբուք սոցցանցի իր էջում, անդրադառնալով ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում լարված իրավիճակին, գրել է. «Որպես հայ եւ իմ հայրենիքը սիրող անձ` ուզում եմ իմ խորին երախտագիտությունը հայտնել հայ զինվորին` անձնազոհ կեցվածքի, օրինակելի քաջության եւ նվիրվածության համար: Գլուխ եմ խոնարհում յուրաքանչյուր զինվորի առջեւ եւ համոզված եմ, որ յուրաքանչյուր արվեստագետ անհրաժեշտության դեպքում պետք է զինվորագրվի բանակին եւ մասնակցի հայրենիքի պաշտպանության սուրբ գործին: Թշնամին երբեք չի կարող ոտք դնել հայի արյան գնով ազատագրված հողի վրա, որովհետեւ ես հավատում եմ մեր տղաների աչքերի փայլին, հայ զինվորի խելքին ու ուժին, մեր նախնիներից ժառանգած իմաստուն մտքին: Վստահ եմ, որ ուժեղ եւ խելացի մարդիկ միշտ հաղթում են: Ցավակցություն եմ հայտնում մեր զոհված բոլոր զինվորների ընտանիքներին, հարազատներին։ Նրանց վիշտը հնարավոր չէ ամոքել»։
Անդրադառնալով Մարզահամերգային համալիրում ապրիլի 7-ին ծրագրված իր մենահամերգին` երգիչը նշել է, որ թեեւ տոմսերը գրեթե ամբողջությամբ սպառված են, ռազմական գործողությունների վերսկսման առաջին իսկ օրերից մտածել է այն չեղարկելու մասին. «Սակայն երկար խորհելով եւ ավելի սթափ մտածելով, ինչպես նաեւ համերգը կազմակերպող ստեղծագործական ամբողջ անձնակազմի կարծիքը հաշվի առնելով` հասկացա, որ համերգը չեղարկելով ոչ մի կերպ օգտակար եւ ցավակից չեմ լինի ո՛չ սահմանին կանգնած զինվորին, ո՛չ վիրավորին, ո՛չ էլ լումա կունենամ որպես մտահոգված հայ մարդ, ուստի որոշեցի, որ համերգը պիտի կայանա, եւ դրա ողջ հասույթը պիտի տրամադրվի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակին` ըստ անհրաժեշտության օգտագործելու համար: Վստահ եմ, որ համերգի այս ձեւաչափով կայանալը ավելի նպատակահարմար է եւ օգտավետ, քան նրա չեղարկումը: Կարծում եմ` որոշումս ճիշտ է եւ կգտնի համարժեք արձագանք թե՛ գործընկերներիս, թե՛ լրատվամիջոցների եւ թե՛ հանդիսատեսի կողմից»։

 

 

ՊԱՅՔԱՐ ՄՈՒԼՏՖԻԼՄՈՎ
Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի շփման գծում տեղի ունեցող բախումների ֆոնին «Kill Dim Production»-ն օրերս թողարկել է «Kill Dim» հայտնի անիմացիոն մուլտֆիլմի հերթական նոր սերիան (ռեժիսոր, մուլտիպլիկատոր՝ Դավիթ Սահակյանց): Փաստորեն մուլտիպլիկատորներն էլ են «մարտի ելել»` իրենց գործիքներով: Նույնիսկ ամենածանր պահերին մեր ժողովուրդը չի կորցնում իր սրամտությունը. պայքարի բոլոր ձեւերն այս պահին օգտակար են:




Լրահոս