ՓԱՍՏԱՑԻ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՀԻՆԳԵՐՈՐԴ ՕՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ՝ ղարաբաղա-ադրբեջանական փաստացի պատերազմի հինգերորդ օրը, առավոտյան հայտնի դարձավ, որ թշնամին հայկական դիրքերը հրթիռակոծել է «Սմերչ» տեսակի կայանքներից: Այնուհետեւ օրվա կեսին հայտնի դարձավ, որ միջազգային միջնորդների ջանքերով ռազմաճակատում հրադադար էր հաստատվել, որը սկսել էր գործել ժամը 12.00-ից եւ պահպանվեց մինչեւ 17.00-ն: Երեկոյան կրակոցները կրկին վերականգնվեցին, բայց անհամեմատ թույլ ինտենսիվությամբ եւ առանց հրթիռների կիրառման: Հրադադարի հինգ ժամերի ընթացքում լրահոսի հիմնական քննարկման առարկան այն էր, թե այս դադարը որքան կտեւի եւ ինչ պայմաններով: Չնայած Արցախը պաշտոնապես ոչ մի պայման չհրապարակեց, սակայն ոչ պաշտոնական խողովակներով տեղեկացրեց զինադադարի իր պայմանը, այն է՝ Ադրբեջանը պետք է ճանաչի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը եւ վերջինիս հետ բանակցություններ սկսի: Նման տարբերակն ադրբեջանական կողմը բնականաբար դեռեւս չի ընդունում: Սակայն կասկածից վեր է, որ երբ հայկական զինուժը շարունակի թշնամուն հզոր հակահարված տալ, առաջ գնալ ու նորանոր հենակետեր նվաճել, ապա Ադրբեջանը, ի վերջո, կհասկա, որ պատերազմի ամեն մի օրը իր համար նշանակում է նորանոր տարածքների կորուստ միայն:
Երեկ երեկոյան ԼՂՀ ՊԲ օպերատիվ բաժնի պետ գնդապետ Վիկտոր Առուստամյանը հրապարակեց հայկական զինուժի եւ թշնամու կորուստների ընդհանուր պատկերը: Ըստ այդմ, պատերազմի անցած հինգ օրերին ադրբեջանական զինուժը կորցրել է 29 տանկ, 2 ուղղաթիռ, 4 «ԲՄՊ», 12 անօդաչու սարք եւ մեկական «Գրադ» ու «ՏՕՍ 1Ա» կայանքներ: ԼՂՀ պաշտպանության բանակը կորցրել է 14 տանկ: Մենք ունենք 29 զոհ, 101 վիրավոր եւ 28 անհետ կորած: Թշնամու զոհերի թիվը կազմում է մոտ երկու հազար հոգի:

 

 
ՀՀ ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանը երեկ՝ խորհրդարանական հայտարարությունների ժամին, ասել է. «Հայաստանը պետք է ստեղծի միջուկային զենք, հերիք ա, մենք մեզ պիտի պաշտպանենք»: ՀՀ նախկին վարչապետի խոսքերը հիշեցրին 90-ականների մի լուր-լեգենդի մասին: Շուշին ազատագրելուց հետո, երբ հայկական զինուժը մեկը մյուսի ետեւից սկսել են ազատագրել հայկական բնակավայրերը, Թուրքիայում սկսել են բարձրաձայնել իրենց հնարավոր միջամտության մասին: ՀՀ իշխանությունները մեր ֆիզիկներին հանձնարարել են, այսպես կոչված, «կեղտոտ» ատոմային ռումբ պատրաստել ՀԱԷԿ-ի թափոններից: Ֆիզիկները խնդիրն արագ լուծել են եւ երկու հատ «Սու-25» կործանիչ փաստացի վերածել են թռչող ռումբերի: ՀՀ նախկին իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչներից մեկը միջազգային դիվանագետների հետ զրույցում խոստովանել է, որ իրենց տրամադրության տակ նման սարք կա, եւ եթե Թուրքիան որոշի հարձակվել, ապա Հայաստանը ստիպված կլին դրանք գործի դնել: Մի քանի օր անց Թուրքիայում ռազմատենչ հայտարարությունները դադարել են:

 

 
Ապրիլի 17-ին հանրապետության Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Սյունիքի եւ Վայոց ձորի մարզերի 36 համայնքներում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են նշանակված: Մարտի 30-ից մեկնարկել է քարոզարշավը: Սակայն, ինչպես հայտնի է, ապրիլի 2-ից Հայաստանը փաստացի գտնվում է պատերազմական վիճակում: Մարդիկ հազարներով կամավոր գնում են Արցախ` իրենց քույրերին եւ եղբայրներին պաշտպանելու համար: Ղարաբաղա-ադրբեջանական պատերազմի սկսվելու օրից նախընտրական գործընթացները փաստացի սառեցվել են: Հայաստանի ընդդիմադիր բոլոր ուժերը հայտարարել են ներքաղաքական դաշտում «զինադադարի» մասին: Այսինքն՝ ստեղծվել է մի իրավիճակ, որի պայմաններում ՀՀ իշխանությունները եւ հատկապես ՀՀԿ-ն պարտավոր են ՏԻՄ ընտրությունները կասեցնել մինչեւ պատերազմի ավարտը: Նման քայլը ՀՀԿ-ի կողմից կլինի համարժեք պատասխան ընդդիմության՝ Հայաստանի ողջ հասարակությանը միավորելուն ուղղված քայլերին:

 

 
Ադրբեջանն Իսրայելից ակնկալում է հայտարարություններ, քանի որ Իսրայելը կարող է Հայաստանին կոչ անել դադարեցնել կրակն ու բանակցություններ սկսել: Այս մասին Jerusalem Post-ին տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահի հասարակական-քաղաքական հարցերով օգնական Ալի Հասանովը: Իսրայելի Կնեսետի, այսինքն` խորհրդարանի փոխխոսնակ, Իսրայել-Հայաստան պատգամավորական բարեկամական խմբի ղեկավար Թալի Պլոսկովին «ժողովուրդ»-ի հետ զրույցում, խոսելով ղարաբաղա-ադրբեջանական պատերազմական գործողությունների մասին, ասաց. «Երբ ռազմական գործողությունները սկսվեցին, մեզ հորդորեցին հեռանալ երկրից ստեղծված անհանգիստ իրավիճակի պատճառով: Սակայն որոշեցինք մնալ այստեղ՝ այս կերպ ցանկանալով կանգնել Հայաստանի կողքին եւ ասել, որ սա անընդունելի է: Ես չեմ կարող պատասխանել Ադրբեջանի փոխարեն, թե ինչու նրանք սկսեցին, ինչպիսի նպատակներ են հետապնդում, սակայն նման գործողությունները, մենք դատապարտում ենք: Եվ ավելին, ոչ առաջին անգամն է՝ մենք կոչ ենք անում դադարեցնել արյունահեղությունը… Մենք այստեղ ենք, քանի որ մենք հասկանում ենք ձեզ»:

 

 

 
ՊԱՐՏԱԴՐՎԱԾ
Երեկ կեսօրին հայտնի դարձավ, որ Արցախի եւ Ադրբեջանի միջեւ ձեռք է բերվել համաձայնություն կրակի դադարեցման մասին: Չնայած, որ մի քանի ժամ անց ադրբեջանական կողմը վերսկսեց կրակոցները, այդուհանդերձ թեժ մարտական գործողությունները երեկ ժամը 12.00-ից հետո դադարեցին: Դեռեւս ապրիլի 3-ին ռազմական փորձագետները կարծիք հատնեցին, թե դատելով մարտադաշտում կիրառվող զինուժի քանակից եւ որակից` Ադրբեջանը մտադիր չէ գնալ լայնածավալ գործողությունների. ըստ ամենայնի, Ալիեւի մաքսիմալ պլանը շփման գծի փոփոխությունն էր` հօգուտ Բաքվի: Դա հնարավորություն կտար Իլհամին նախ՝ լուծել ներքին մի շարք խնդիրներ, ապա` միջազգային քաղաքական կենտրոններին շանտաժի ենթարկելով` հասնել ԵԱՀԿ Մինսկի խմբում Թուրքիայի ներգրավմանը: Իր այս պլանում Ադրբեջանը, ինչպես տեսանք, ձախողեց. համենայն դեպս, մարտերի առաջին օրը գրավված դիրքերը հայկական զինուժը հետ վերադարձրեց:
Սակայն միայն մարտի դաշտում ձախողումը դժվար թե զսպեր Ադրբեջանին, ընդհակառակը, սեփական ժողովրդին տարիներ շարունակ պատերազմական հռետորաբանությամբ սնած Ալիեւը չէր կարող համակերպվել այս արկածախնդրությունը առանց գոնե մինիմալ հաղթանակի ավարտելու տարբերակին: Առավել եւս, որ դեռ ապրիլի 3-ին նա շտապել էր հայտարարել Ադրբեջանի տարած «պատերազմական հաղթանակի» մասին: Ուստի հիմա հրադադարի հաստատմանը Ալիեւին կարող էր մղել ա. հայկական զինուժի ասիմետիկ հակահարվածը, բ. քաղաքական կենտրոններից առնվազն մեկի հզոր ճնշումը: Իհարկե, մեր զինուժը հետ է շպրտել ազերիներին, բայց նման ասիմետրիկ, ջախջախիչ հարված դեռ չկա, ինչը նշանակում է, որ առաջին գործոնին գումարվել է նաեւ երկրորդը: Իսկ որ գերտերությունը կարող էր նման արագությամբ զսպել Ադրբեջանին. որքան էլ Ֆրանսիայի կամ ԱՄՆ-ի գործադրած ջանքերը մեծ էին, սակայն այս հարցում առաջնային դերակատարություն կարող էին ունենալ Ռուսաստանը եւ Իրանը:
Մասնավորապես ՌԴ-ի հետ կապված երեկ հղվեցին երկու ուշագրավ ուղերձներ. նախ` Ադրբեջանի սահմանին` Դաղստանում, տագնապի ազդանշանով ոտքի հանվեցին ռուսական ստորաբաժանումները անսպասելի զորավարժության: Ապա ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան հանդես եկավ հայտարարությամբ` վերստին հասցեականորեն դիմելով Ադրբեջանին եւ զգուշացնելով, որ ԼՂ հակամարտության հետագա սրացումը հղի է ողջ Կովկասում անկանխատեսելի զարգացումներով: Եթե դրան էլ գումարում ենք երեկ ռուսական կողմից հնչած հայտարարությունները` Ադրբեջանին զենքի վաճառքը դադարեցնելու եւ անհրաժեշտության դեպքում ԼՂ անկախությունը ճանաչելու մասին, ապա Վիեննայում ԵԱՀ Մինսկի խմբի կողմից եռանախագահների ֆորմատին աջակցության վերահաստատումը, կարծեք թե, տեսանելի է դառնում, որ Ադրբեջանն այլ ելք չունի, քան հրադադարի գնալը: Թեեւ ինչպես Շոպենհաուերն էր ասում` երբեք պետք չէ թերագնահատել հիմարության կանխատեսելիությունը: Ալիեւն, իհարկե, հիմար է, բայց հուսանք` ոչ այդ աստիճան:




Լրահոս