Կինոռեժիսոր, սցենարիստ Տիգրան Խզմալյանը, անդրադառնալով ղարաբաղա-ադրբեջանական սահմանին տիրող իրադարձություններին՝ համացանցի իր էջում գրել էր, որ հայ ֆիզիկոսները տարիներ շարունակ առաջարկում են սահմանում տեղադրել իրենց գյուտը՝ գերզգայուն սենսորային սարքերը, որոնցով հնարավոր կլինի կանխել ադրբեջանական զինուժի մոտեցումը հայկական դիրքերին, սակայն ինչպես երեւում է՝ հայկական կողմից այս սարքն ունենալու համար որեւէ քայլ չի կատարվում:
«Հայ ֆիզիկոսները տարիներ շարունակ առաջարկում են սահմանում տեղադրել նրանց գյուտը՝ գերզգայուն սենսորային սարքերը, որոնց մասին ես դեռ երեք տարի առաջ երկու տեսանյութ եմ արել: Փոխարենը ՀՀ իշխանությունը միլիոններ է ծախսել շահութաբեր արագաչափ ամեն ծակում տեղադրելու համար: Հայ զինվորը շարունակում է շների ու դատարկ կոնսերվաների հույսին մնալ: Այս երեք օրերի մեր կորուստները նաեւ իշխանավորների ագահության հետեւանք են…»- նշել էր նա:
«Ժողովուրդ»-ը երեկ այս կապակցությամբ մի քանի հարց ուղղեց Տիգրան Խզմալյանին:
-Պարո՛ն Խզմալյան, հայ ֆիզիկոսների կողմից ստեղծված գերզգայուն սենսորային սարքերի արդյունավետությունը որքանո՞վ է մեծ, եւ ո՞րն է դրա կիրառման ձեւը:
-Մոտավորապես 2008 թվականից սկսած մի խումբ հայ ֆիզիկոսներ ԵՊՀ-ում՝ հենց համալսարանում գտնվող նկուղում, սկսեցին աշխատել սենսորային սարքի վրա, որը կանխազգալու էր մոտալուտ երկրաշարժի մասին, շատ ցածր հերցականությամբ` մինչեւ մեկ հերց, նման ցածր հաճախականության սարքեր գրեթե չկան, եւ մերոնք կարողացան ստեղծել այդ սարքը: Դա բժշկության` կարդեոլոգիայի մեջ եւս շատ խոստումնալից, հեռանկարային բան էր: Եւ քանի որ պարբերաբար սրվում էին իրավիճակները սահմանում, առաջին սարքը, որ պատրաստվեց, հողի մեջ թաղված 300 մետր զգայունություն պետք է ունենար: Դա, իհարկե, կախված է եղանակից եւ գրունտից, այսինքն՝ փափուկ հող է, քարեր են, ավազ է, թաց է, չոր է… Շատ քիչ ծախսեր անելով՝ մենք կարող ենք սահմանի վրա ունենալ այդ գերզգայուն, գերարդիական եւ, ամենակարեւորը, հայրենական արտադրության համակարգը, որը կապվում էր համացանցի հետ: Եւ փաստորեն պետք չէր, որ տասնյակ, հարյուրավոր, հազարավոր նորակոչիկներ պայքարեն խրամատներում անձրեւի ու կրակի տակ, այլ մեկ-երկու փոքր պոստեր, որոնք վերահսկելու էին, ուղղակի տարածքները կգտնվեին այնտեղ պաշտպանված, մինչդեռ ծառայության էլեկտրոնային օպերատորները անընդհատ կվերահսկեին: Արդեն 2009-2010 թթ առաջին փորձարկումները արվեցին, եւ բանակին այդ մասին ասված էր: Մնացածը տխուր պատմություն է, որովհետեւ կան մարդիկ, ովքեր գերադասում են փող չտալ հայ գիտնականներին, որպեսզի դա իրականացվի: Եթե ներդրում լինի, աշխատանքային պայմաններ ստեղծվեն, նման բաները շատ հեշտ կարելի է անել. մեկ սենյակում մեկ ամսվա մեջ կարելի է 2-3 սարք պատրաստել:
-Իսկ ի՞նչ ծավալի ֆինանսական ներդրումներ են անհրաժեշտ:
-Ես չեմ կարող նման հարցերի պատասխանել, որովհետեւ առաջինը դա զինվորական գաղտնիք է, եթե նրանք պաշտպանության նախարարության հետ են խոսում այդ մասին: Երկրորդը ՝ դա էական չէ, որովհետեւ ոչ մի գումար մեր զինվորների կյանքը չարժե, եւ երրորդ՝ ես կարող եմ վստահ ասել, որ մեկ քառորդը կամ մեկ երրորդը կլինի այն ծախսերի, որ արվեցին քաղաքում արագաչափեր դնելու համար:
-Պարո՛ն Խզմալյան, արդյո՞ք այլ երկրներում նմանատիպ գերզգայուն սենսորային սարքեր կիրառվում են:
-Որքան գիտեմ՝ հեղինակներից մեկն ամերիկահայ է, եւ նա առաջարկեց ԱՄՆ-ին, եւ այդ սարքն ամերիկամեքսիկական սահմանի վրա արդեն փորձարկվում է: Այնտեղ ամերիկյան սենսորները մինչեւ 30 մետրի վրա են աշխատում, իսկ սա մինչեւ 300-ի: Բացի այդ, Սինգապուրում այդ սարքը տեխնիկական մրցույթում ստացավ ոսկե մրցանակ… Արդեն 2009-2012 թվականներին ես ծանոթացա այդ մարդկանց հետ, երկու ռեպորտաժ ունեցա, սակայն դեռ որեւէ բան չի փոխվել, եւ մենք հերթական զոհերն ենք տալիս այն պատճառով, որ մեր վերահսկող սարքերը մնում են «կոնսերվի բանկաները»:
Զրուցեց ԱՐՓԻՆԵ ԹՈՎՄԱՍՅԱՆԸ
ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻՆ ԳՈՀԱՑՐԵԼ ԵՆ ՏՈՆՈՅԱՆԻ ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐԸ
Ազգային ժողովում երեկ ղարաբաղա-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի շուրջ փակ քննարկում տեղի ունեցավ, որին ներկա էին ՀՀ պաշտպանության փոխնախարար Դավիթ Տոնոյանն ու ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը: Նշենք, որ հանդիպումը նախատեսված էր 18:30-ին, սակայն փոխնախարարները ԱԺ շենքում գտնվելով՝ մի փոքր ուշ եկան նիստերի դահլիճ, իսկ նրանց ուղեկցում էին ԱԺ փոխխոսնակներ Էդուարդ Շարմազանովն ու Հերմինե Նաղդալյանը: Մինչ ԱԺ դահլիճ մտնելը Դավիթ Տոնոյանը խուսափեց պատասխանել լրագրողների բազմաթիվ հարցերին: Նա միայն նշեց, որ հրադադարի պահպանման ռեժիմ չկա, եւ պարբերաբար կրակոցներ լինում են:
Մոտ երեք ժամ տեւած քննարկումից հետո ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը չցանկացավ մանրամասներ հայտնել, միայն նշեց, որ հանդիպման ընթացքում քննարկվել է 45 հարց, եւ Տոնոյանի պատասխաններն էլ պատգամավորներին գոհացրել են:
«Մեր բանակի մարտունակությունը բարձր է, մեր դիվանագիտությունն ամեն ինչ անում է, որպեսզի երկու ոլորտներում մենք կարողանանք արձանագրել հաջողություններ: Այն, ինչ ասել ենք մինչեւ այս, էլի ուժի մեջ է: Մենք բացառապես խաղաղ կարգավորման կողմնակից ենք եւ դատապարտում ենք Ադրբեջանի նման ահաբեկչական քաղաքականությունը: Մեր խնդիրն է զինադադար պարտադրել հակառակորդին», – նշեց նա:
Շարմազանովն ընդգծեց, որ այս իրավիճակում միասնականությունը կարեւոր է: «Ամեն ինչ լինելու է շատ հզոր, մենք ոգեւորված ենք, եւս մեկ անգամ վերահաստատեցինք, որ ե՛ւ Արցախի ՊԲ-ն, ե՛ւ մեր զինված ուժերը, ե՛ւ մեր դիվանագիտությունը, ե՛ւ մեր հասարակությունը, ե՛ւ մեր քաղաքական ուժերը միասնական են: Այս հարցում չկա իշխանություն-ընդդիմություն»: ԱԺ փոխխոսնակը նշեց, որ զինադադարի մասին տեղեկություններ չունի եւ հավելեց, որ իրենց համար շատ կարեւոր էր տեղեկություններ ստանալը: «Մենք այս քննարկման ժամանակ խնդիր էինք դրել ստանալ ինֆորմացիա, հնարավորինս մեծ ինֆորմացիա, որպեսզի կարողանանք արդյունավետ աշխատել տարբեր վեհաժողովներում, որովհետեւ խնդիր կա միջազգային մեր գործընկերներին ցույց տալ, ներկայացնել փաստեր, որ Ադրբեջանը ագրեսոր է, Ադրբեջանը ահաբեկչական երկիր է եւ Ադրբեջանը Թուրքիայի օժանդակությամբ անում է քայլեր, որոնք դեմ են ոչ միայն զինադադարին, այլեւ դեմ են միջազգային իրավունքին»,- հավելեց նա:
Նշենք, որ փոխնախարարներն այլ մուտքով դուրս եկան նիստերի դահլիճից, որպեսզի լրագրողների հարցերին չպատասխանեն: Հավելենք նաեւ, որ պատգամավորները հիմնականում գոհ էին քննարկումից, սակայն մանրամասներ չէին ցանկանում ներկայացնել` պատճառաբանելով, թե փակ հանդիպում է եղել:
ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ԳՈՒՄԱՐ՝ԹԱՏՐՈՆԻՆ
Հենրիկ Մալյանի անվան թատրոնի տեխնիկական վերազինման նպատակով «Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ին որպես նվիրաբերություն կհատկացվի մոտ 13 մլն 700 հազար դրամ: Ըստ մշակույթի նախարարության՝ թատրոնի ստեղծման օրվանից չեն իրականացվել լուսային եւ ձայնային համակարգերի վերազինման աշխատանքներ, իսկ եղած սարքավորումները ֆիզիկապես եւ բարոյապես մաշված են, ինչի պատճառով դրանք խափանվում են հաճախակի եւ խոչընդոտում թատրոնի բնականոն գործունեությանը: Թատրոնին գումար հատկացվելու մասին որոշման նախագիծը կառավարության այսօրվա նիստում կներկայացնի մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը:
ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԳԼԽԱՔԱՆԱԿԸ ԱՃԵԼ Է
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ այս տարվա փետրվարին խոշոր եղջերավոր կենդանիների գլխաքանակն ավելացել է 1.2, կովերինը` 1, ոչխարներինը եւ այծերինը` 2 տոկոսներով: Մասնավորապես Հայաստանում այս տարվա հունվարին արձանագրվել է ընդամենը 701 հազար 535 հատ խոշոր եղջերավոր անասուն, որից 318 հազար 623-ը՝ կով, 174 հազար 776-ը՝ խոզ, ոչխարը՝ 747 հազար 338, այծը՝ 30 հազար 731, ձին՝ 11 հազար 402: Սակայն ամենաուշագրավն այն է, որ մայրաքաղաք Երեւանում առկա խոշոր եղջերավոր անասունի գլխաքանակը բավական մեծ է: Հունվարի 1-ին խոշոր եղջերավոր կենդանիների գլխաքանակը կազմել է 3 հազար 182, որից 1224-ը՝ կով, 11 հազար 813-ը՝ խոզ, 5501-ը՝ ոչխար: Ի դեպ, խոշոր եղջերավոր կենդանիների ամենամեծ գլխաքանակն առկա է Գեղարքունիքի մարզում՝ 125 հազար 44 հատ, որից 61 հազար 45-ը՝ կով, խոզը՝ 15 հազար 191: Ոչխարների գլխաքանակով առաջատարը Սյունիքի մարզն է, որտեղ այն կազմել է 129 հազար 572:
ԵՐԵՎԱՆՈՎ ԲԱՔՈՒ
Ռուսաստանի կառավարության պաշտոնական կայքը երեկ՝ ուշ երեկոյան, տեղեկություն տարածեց ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի եւ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հեռախոսազրույցի մասին: Մեդվեդեւը անհանգստություն է հայտնել ԼՂ-ի շուրջ տեղի ունեցող ռազմական գործընթացների առնչությամբ: Ռուսաստանի կառավարության ղեկավարը անհրաժեշտ է համարել հրադադարի ռեժիմի խստագույնս պահպանելը եւ քաղաքական կարգավորումների հրատապությունը: Մեդվեդեւը նաեւ հաստատել է, որ պաշտոնական այց կկատարի Հայաստան ավելի վաղ, քան նախնական պայմանավորվածությունն էր: Հայաստանի ղեկավարության հետ նախատեսվում է քննարկել տնտեսությանը, էներգետիկային եւ այլ ոլորտներին վերաբերող հարցեր: Մեդվեդեւը Հայաստան կժամանի ապրիլի 7-ին, այցի ավարտից հետո` ապրիլի 8-ին նա կմեկնի Ադրբեջան: