Ապրիլի 17-ին Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Կոտայքի, Լոռու, Սյունիքի եւ Վայոց ձորի մարզերի թվով 36 համայնքներում նշանակված են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ, սակայն վերջին հինգ օրերին նախընտրական գործընթացները փաստացի կասեցվել են, քանի որ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով ապրիլի լույս 2-ի գիշերվանից պատերազմական գործողություններ են սկսվել:
Այս օրերին Հայաստանում նույնիսկ դպրոցական երեխաների ողջ ուշքն ու միտքը Ղարաբաղն է, մեր քույրերը եւ եղբայրները: Պատերազմի վերսկսման մասին առաջին լուրերից հետո Հայաստանի բոլոր մարզերի գրեթե բոլոր բնակավայրերում սկսեցին կամավորականների խմբեր ձեւավորվել, որոնք մեկը մյուսի ետեւից մեկնում են Արցախ՝ իրենց քույրերին եւ եղբայրներին օգնության հասնելու համար: Հայաստանի քաղաքական դաշտի բոլոր ներկայացուցիչները, կապ չունի՝ ընդդիմադիր թե դիմադիր, իրենց գործունեության միակ առանցքը հռչակել են պատերազմում Արցախին աջակցելը: Այսինքն՝ Հայաստանն արդեն հինգ օր է՝ ապրում է չհայտարարված, բայց փաստացի պատերազմի պայմաններում, որի օրակարգում մեկ հարց կա` ով ինչպես կարող է, պետք է նպաստի, որպեսզի հայկական զինված ուժերը 22 տարի անց կրկին թշնամուն ստիպեն, որպեսզի նրանք զինադադար մուրան:
Ընտրությունների կազմակերպող պաշտոնյաներն անգամ մասնավոր զրույցներում խոստովանում են, որ նման պայմաններում ընտրություններ անցկացնելն անհեթեթ է հնչում: Ի վերջո, Արցախ մեկնած հազարավոր կամավորականների մեծ մասը նաեւ ընտրողներ են: Նույնիսկ համայնքի ղեկավարի թեկնածուներն են նախընտրական քարոզարշավը դադարեցրել եւ մեկնել ռազմաճակատ:
Սակայն, ըստ պատասխանատուների, ՀՀ ընտրական օրենսգրքով նման իրավիճակի համար լուծումներ նախատեսված չեն: Ավելին՝ ստեղծված իրավիճակի նրբությունն այն է, որ չնայած Հայաստանը պաշտոնապես պատերազմի մեջ չէ, բայց երկիրը ապրում է պատերազմական առօրյայով, որտեղ ընտրություններ անցկացնելու հանգամանքը ծաղրի պես է հնչում:
Հարկ է նշել, որ նման իրավիճակը Հայաստանի անկախության 25 տարիների ընթացքում առաջին անգամ է ստեղծվել:
Ստեղծված իրավիճակում միակ լուծումը կարող է լինել այն, որ ՀՀ ԱԺ պատգամավորների առնվազն մեկ հինգերորդը դիմի ՀՀ Սահմանադրական դատարան` պահանջելով քննարկել ՀՀ ԸՕ 145-րդ` «Հերթական ընտրություն նշանակելու, անցկացնելու եւ թեկնածուներ առաջադրելու ու գրանցելու ժամկետները» հոդվածի սահմանադրականության հարցը: Իսկ նույն դիմումով պատգամավորները ՍԴ-ից կարող են խնդրել` մինչ խնդրին լուծում տալը, կասեցնել 2015 թվականի սեպտեմբերի 11-ին ՀՀ ԿԸՀ կայացրած թիվ 58-Ա որոշման «2016 թվականի ապրիլի 17-ը» ձեւակերպումը: Դրա հիման վրա ՍԴ-ն կարող է «ՍԴ մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի հիմքով կասեցնել ԿԸՀ-ի նշված որոշման կիրառկումը: Ինչն իր հերթին հիմք կդառնա, որպեսզի ՏԻՄ ընտրությունները եւս մի առ ժամանակ կասեցվեն: Զինադադարից հետո պատգամավորները կարող են իրենց դիմումը ետ վերցնել, եւ հարցի քննարկման անհրաժեշտությունը եւս օրակարգից դուրս կգա, իսկ ԿԸՀ-ն էլ նախընտրական գործընթացը վերսկսել այն կետից, որում այն ընդհատվել է, այսինքն՝ քարոզարշավի սկզբից:
Հարկ է նշել, որ նախընտրելի է՝ այս խնդիրը լուծեն հենց իշխանությունները, եւ նման նախաձեռնությամբ հանդես գան ՀՀԿ-ական պատգամավորները: Սա նաեւ կլինի իշխանությունների պատասխանը ՀՀ ընդդիմության` Հայաստանի քաղաքական դաշտում հայտարարած «զինադադարին»:
Հ.Գ. Մեր իրողությունը փաստում է, որ ապագայում եւս կարող է նման իրավիճակներ ստեղծվել, ուստի տեղին կլինի, որ նոր ԸՕ-ում նաեւ ընտրությունները ոչ միայն Հայաստանի դեմ պատերազմ հայտարարելու դեպքում են հետաձգվում, այլ որ այդ դրույթը գործում է նաեւ Արցախի դեմ լայնամասշտաբ պատերազմական գործողությունների ծավալվելու դեպքում: Ի վերջո, Հայաստան-Արցախ տարանջատումները զուտ իրավական են: Իրողությունն այն է, որ Հայաստանի, թե Արցախի դեմ է պատերազմը մղվում, հայերիս համար տարբերություն չկա, բոլորիս առաջնահերթ պարտքն է զբաղվել մեր հայրենիքի պաշտպանությամբ: Իսկ ընտրությունները կարող են սպասել:
ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ
ՇՄԱՅՍՆ ՈՒ ԼԻՍԿԱՆ` ԴԻՐՔԵՐՈՒՄ
Ղարաբաղա-ադրբեջանական սահմանագծում տեղի ունեցող ռազմական գործողությունները Հայաստանի քաղաքական գործիչներից եւ պաշտոնյաներից շատերին տարել է Արցախ: Նրանց թվում են նաեւ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը (Լիսկա) եւ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Առաքել Մովսիսյանը (Շմայս): «Ժողովուրդ»-ը երեկ զրուցեց վերջիններիս հետ՝ հասկանալու համար՝ ինչո՞վ են զբաղված Արցախում: «Մարտական ոգին գերազանց է, ինչի մասին է խոսքը: Մեր զինվորներին հաջողություն: Մենք հենց հիմա 120 հոգով եկել ենք Սովետաշեն, զենքերն ենք ստանում, որ շարժվենք: Ղարաբաղի կամանդիրն էլ որտեղ կասի, այնտեղ էլ կգնանք»,- մեր հարցին ի պատասխան՝ ասաց Մովսիսյանը:
Իսկ Սուրիկ Խաչատրյանը նշեց, որ այժմ զոհվածների հոգեհանգստին է մասնակցում եւ չի կարող խոսել: Առավոտյան, այսինք՝ այսօր, գնալու է դիրքեր: «Ոչ մի խնդիր չկա, իրավիճակի տերը մենք ենք, հաղթանակն էլ մերն է լինելու: Մարտական ոգին շատ բարձր է, հանգիստ մնացեք»,- հավելեց Խաչատրյանը:
ԿԱԼԱՆԱՎՈՐԻՆ ՏԵՂԱՓՈԽԵԼ ԵՆ ԲԿ
2015 թվականի դեկտեմբերի 6-ին ԱԱԾ-ի կողմից կալանավորված ազատամարտիկ 49-ամյա Հարություն Սարիբեկյանին` Զիմին, տեղափոխել են «Մալաթիա» բժշկական կենտրոն եւ ստուգման ենթարկել: Հիշեցնենք, որ ազատամարտիկի որդին` Ռուբեն Սարիբեկյանը, մեզ հետ զրույցում ասել էր, որ հոր առողջական վիճակը շատ վատ է, բայց իրավապահները հրաժարվում են նրան բուժհաստատություն տեղափոխել: Նախօրեին ազատամարտիկի որդին հայտնեց, որ հորը տեղափոխել են հիվանդանոց, ստուգման են ենթարկել եւ հայտնել, որ անհրաժեշտություն չկա նրան պահել հիվանդանոցում.«Համապատասխան դեղեր են նշանակել, որ մենք պետք է գնենք ու հայրիկիս տանենք»,- ասաց Ռուբեն Սարիբեկյանը: Թերեւս ժամանակն է քննարկելու ազատամարտիկների հանիրավի բանտարկության հարցը:
ՀԱԴՐՈՒԹԻ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԸ` ՍԱՀՄԱՆԻ ՄԱՍԻՆ
Ապրիլի 2-ից ղարաբաղա-ադրբեջանական սահմանին սկսված ռազմական գործողություններում երեկ հաստատված մի քանի ժամանոց դադարից օգտվելով՝ փորձեցինք անմիջական հրամանատարներից պարզել, թե սահմանին իրավիճակն ինչպես է: «Ժողովուրդ»-ը զրուցեց Հադրութի զորամասի հրամանատար Սերգեյ Շաքարյանի հետ, որը անդրադառնալով սահմանում տիրող իրավիճակին՝ ասաց, որ անհանգստանալու պատճառ չկա, իրադարձությունների զարգացման նախաձեռնությունն էլ իրենց ձեռքում է, իսկ զինվորի մարտական ոգին էլ բարձր: «Զինվորների մայրերն ու ժողովուրդը թող հանգիստ լինեն: Նախաձեռնությունը մեր ձեռքում է, իրավիճակը մենք ենք վերահսկում»,- ասաց Սերգեյ Շաքարյանը:
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ
ՊՈՒՏԻՆԸ ԶԱՆԳԵԼ Է
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երեկ հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հետ եւ քննարկել է իրավիճակը Լեռնային Ղարաբաղում: Ռուսական կողմի նախաձեռնած հեռախոսազրույցների ընթացում մանրամասը քննարկվել են ԼՂ հակամարտության գոտում վերջին զարգացումները: Լուրջ մտահոգություն հայտնելով լայնամասշտաբ զինված բախումների հետ կապված՝ Պուտինը կողմերին կոչ է արել շտապ կարգով ամբողջապես դադարեցնել ռազմական գործողությունները եւ պահպանել հրադադարի ռեժիմը:
ԿԺԱՄԱՆԻ
Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւն ապրիլի 7-ին պաշտոնական այցով կժամանի Երեւան: Այս մասին Ria.ru-ին հայտնել է վարչապետի մամուլի խոսնակ Նատալյա Տիմակովան: «Ռուսաստանի վարչապետի պաշտոնական այցը Երեւան կկայանա նախապես պլանավորված օրը` ապրիլի 7-ին: Հայաստան այցելությունից հետո Դմիտրի Մեդվեդեւը կմեկնի Ադրբեջան»,- ասել է Տիմակովան: Մինչ այդ ռուսական կայքերը տեղեկատվություն էին հրապարակել, թե նրա այցը չի կայանա, սակայն ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Գոհար Պողոսյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում եւս հաստատել է, որ ոչինչ չի փոխվել, եւ Մեդվեդեւը Երեւան կժամանի: Նշենք, որ ԵՏՄ անդամ երկրների մասնակցությամբ գագաթնաժողովը Ղազախստանի առաջարկով կկայանա Մոսկվայում, որին կմասնակցի նաեւ Սերժ Սարգսյանը:
ՌԱԴԻՈԱԿՏԻՎ ՆԱԽԱՃԱՇՈՎ
«Մենք լավատեղյակ ենք Ադրբեջանի զինատեսակներից, որ նա կուտակել է: Սարսափելի բացասական, ոչ մարդկային զինատեսակներ են: Խոսքը եւ «ՁՏփՍՈ-ձ»-ի մասին է, «Սոլնցեպյոկ» համակարգի, «Սմերչի» մասին է: Հայաստանը պետք է ստեղծի միջուկային զենք, հերիք ա, մենք մեզ պիտի պաշտպանենք: Դուք ուզում եք՝ մեզ ջարդե՞ն: Ադրբեջանին հաջորդ գրոհի ժամանակ մենք պետք է կերակրենք ստրոնցիումի (ռադիոակտիվ տարր) նախաճաշով: Մենք այդ հնարավորությունն ունենք, մենք ո՞ւմ ենք նայում, երբ մեր ազգից բան չմնա՞»,- երեկ ԱԺ հայտարարությունների ժամին նման առաջարկ է արել Աժ պատգամավոր Հրանտ Բագրատյանը:
ՎԵՐԱՀԱՍՏԱՏԵՑԻՆ ՖՈՐՄԱՏԸ
Վիեննայում կայացած հանդիպումից հետո ԵԱՀԿ Մինսկի խումբը եւ ԵԱՀԿ եռյակը հայտարարություն են տարածել, որում մասնավորապես ասված է. «Իրավիճակի վատթարացումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո անհապաղ բանակցությունների անհրաժեշտություն է ստեղծել համապարփակ կարգավորման ուղղությամբ: Մինսկի խմբի անդամ երկրների ներկայացուցիչները վերահաստատում են իրենց աջակցությունը ռուս, ամերիկացի եւ ֆրանսիացի համանախագահների միջնորդական ջանքերին եւ ողջունում են նրանց մտադրությունը հնարավորինս շուտ անմիջական խորհրդատվություններ սկսել կողմերի հետ»: