ՏՈՒԺԱԾ ԱՐՑԱԽՑԻՆ ԿԴԻՄԻ ՄԻԵԴ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանը կօգնեի ԼՂՀ քաղաքացիներին Ադրբեջանի վայրագությունների հարցով դիմել Մարդու իրավունքների Եվրոպական դատարան: Այս մասին «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց ԼՂՀ օմբուդսմեն Յուրի Հայրապետյանը:

Ինչպես արդեն գրել էինք՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ՄԱԿ-ի եւ Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարների ուշադրությանն է ներկայացրել ադրբեջանական կողմից հայկական քաղաքացիական բնակավայրերի եւ խաղաղ բնակիչների նկատմամբ տեղի ունեցող հանցավոր ոտնձգությունների, ցուցաբերվող դաժան վերաբերմունքի վերաբերյալ տվյալներ, ինչպես նաեւ միջազգային մարդասիրական իրավունքի հատուկ պաշտպանության ներքո գտնվող երեխաների եւ տարեցների նկատմամբ իրականացվող անթույլատրելի հարձակումների վերաբերյալ ուսումնասիրության արդյունքներ: Մարդու իրավունքների պաշտպանն ընդգծել է, որ Եվրոպայի խորհրդի տարածքում խաղաղ բնակիչների իրավունքների եւ կյանքի նկատմամբ դաժանության ամենաբարձր աստիճանի հասնող զանգվածային ոտնձգությունները չեն կարող հանդուրժելի լինել:
«Ժողովուրդ»-ը այս եւ այլ հարցերի շուրջ զրուցեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Յուրի Հայրապետյանի հետ:
-Պարո՛ն Հայրապետյան, կասեք, թե այս ընթացքում ԼՂՀ օմբուդսմենի գրասենյակը միջազգային կառույցներից կոնկրետ ո՞ւմ է դիմել:
-Ապրիլի 2-ից սկսած որպես Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան այդ հարցով դիմել եմ Մարդու իրավունքների գլխավոր հանձնակատար Զեիդ Ռաադ ալ-Հուսեյնին, Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուժնիեկսին: Ավելին՝ լինելով օմբուդսմենի Եվրոպական ինստիտուտի անդամ՝ դիմել եմ այդ ինստիտուտի նախագահին եւ գլխավոր քարտուղարին եւ այլ եվրոպական հասարակական կազմակերպությունների: Իմ դիմումում խնդրել եմ, որ իրենք օգտագործեն օմբուդսմենի ինստիտուտի կարողությունները, դիմեն այն Եվրոպական պետություններին, որոնք ընդգրկված են այդ համակարգում` կոչ անելով Ադրբեջանին, որ վերջինս դադարեցնի իր ագրեսիվ գործողությունները:
-Անցել է 4 օր Ձեր ներկայացրած դիմումից, արձագանքներ կա՞ն:
-Պարզ է, որ ո՛չ ՄԱԿ-ից եւ ո՛չ էլ մի շարք այլ կազմակերպություններից դեռեւս որեւէ արձագանք չկա: Հասկանում եմ, որ չեն պատասխանում հենց այդ պատճառով, որ որպես չճանաչված պետության պետական ներկայացուցիչ է իրենց դիմել: Սակայն համոզված եմ, ավելի շուտ հույս եմ հայտնում, որ մարդիկ մտահոգված են եւ ինչ-որ քայլեր անում են, իսկ թե ինչ, չեմ կարողա ասել, բայց ինչ-որ մի ձեւ այդ արձագանքը կերեւա: Իսկ, ահա, օմբուդսմենի Եվրոպական ինստիտուտը, որի անդամ եմ, համոզված եմ՝ իրենցից արձագանք կլինի, քանի որ դեռ ապրիլի 4-ին են նամակը ներկայացրել, երեւի թե այսօր կստանամ պատասխանը: Նշեմ, որ մենք այս պահին, որքանով ռազմական դրությունը թույլ է տալիս, զբաղված ենք ուսումնասիրությամբ, թե ինչքան մարդ է տուժել այդ վայրագություններից: Եվ պատրաստվում ենք հայտարարություն անել, որ այն մարդիկ, որոնք ցանկանում են դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան, մենք կօգնենք իրենց: Գտնում եմ, որ տեղի ունեցածը հանցագործություն է, եւ այդ հարցով զբաղվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գլխավոր դատախազությունը, բայց մենք եւս անելիքներ ունենք: Մեր առաջնային խնդիրն այն է, որ օգնենք մարդկանց, դիմեն Մարդու իրավունքների Եվրոպական դատարան` բողոքարկելու Ադրբեջանի գործողությունները: Այսինքն՝ այն, որ իրենք ԼՂՀ քաղաքացիներ են, չի սահմանափակում իրենց իրավունքները Մարդու իրավունքների Եվրոպական դատարան դիմելու հարցում: Այստեղ կարեւոր է նաեւ այն, որ Ադրբեջանը, լինելով Եվրոպայի խորհրդի անդամ, Եվրոպական կոնվենցիայի կողմ է եւ այսօր իրավունք է խախտում :
-Երեկ ԼՂՀ գլխավոր դատախազը քրեական գործ է հարուցել ԼՂՀ քրեական օրենսգրքի 410 (Ագրեսիվ պատերազմ) եւ 416 (Միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումները զինված ընդհարումների ժամանակ) հոդվածներով: Միաժամանակ, գլխավոր դատախազի հանձնարարությամբ ստեղծվել է քննչական խումբ` ԼՂՀ ոստիկանության քննչական վարչության պետի գլխավորությամբ, եւ տվյալ գործով նախաքննությունը հանձնարարվել է այդ քննչական խմբին: Տեղյա՞կ եք՝ ի՞նչ փուլում է հարուցված քրեական գործի ընթացքը:
-Քրեական գործի նյութերը չեն հրապարակվում, քանի որ օրենքն է դա նախատեսում: Բայց փաստ է մեկ բան, որ հարուցված է քրեական գործ, մարդիկ տուժած են ճանաչվում այդ հանցագործություններից, փաստեր են արձանագրվում, մարդկանց հարցաքննում են, եւ գործընթացը գնում է: Իսկ թե ինչ փուլում է, ու ինչքան մարդ է այս պահի դրությամբ հավաքագրվել, չեմ կարող հայտնել: Թույլ տվեք նաեւ ասել, որ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի հայտարարությունը մեզ շատ մեծ օգնություն է բերում, եւ այսօր ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը մեր կողքին է, ցանկացած հարցով օգնում է:

Զրուցեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ

 

 

 
ԻՆՉ Է ԵՂԵԼ ԱՊՐԻԼԻ 1-ԻՑ ՄԻՆՉԵՎ 5-Ը
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` ապրիլի 1-ից 4-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 41 դեպքից բացահայտվել է 39-ը: Բացահայտվել է գողության 21, խարդախության 11, հարկերից խուսափելու 4, կողոպուտի, յուրացման, գույքի դիտավորությամբ ոչնչացման, մաքսանենգության, դրամանենգության եւ ապօրինի ծառահատման 1-ական դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 4, գողության 6, սպանության, խարդախության եւ խուլիգանության 1-ական դեպք: Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 25 պատահար, ինչի հետեւանքով 3 մարդ զոհվել է, 43-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` ապրիլի 4-ից 5-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 5 դեպքերը բացահայտվել են:
Բացահայտվել է գողության 7, խարդախության 6, խուլիգանության 3, յուրացման եւ շորթման 1-ական դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 1 դեպք:
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 5 պատահար, ինչի հետեւանքով 1 մարդ զոհվել է, 4-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

 

 

ՀՀ ՔԿ ՆԱԽԱԳԱՀԻ ՀԱՆՁՆԱՐԱՐՈՒԹՅԱՄԲ
ՀՀ քննչական կոմիտեի ներքին անվտանգության ծառայությունում կատարված ծառայողական քննությամբ բավարար տվյալներ են ձեռք բերվել քննիչի կողմից իր վարույթում քննված քրեական գործի նյութերը խեղաթյուրելու վերաբերյալ:
ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալի միջնորդության հիման վրա իրականացված ծառայողական քննությամբ մասնավորապես պարզվել է, որ Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնում աշխատելու ժամանակահատվածում քննիչ Վ. Ալեքսանյանի վարույթում քննված քրեական գործի նախաքննության ընթացքում կեղծվել է գաղտնալսումներ պարունակող ձայնասկավառակը: Մասնավորապես նշված գաղտնալսումների վերաբերյալ սկավառակի բնօրինակի փոխարեն քննիչի կողմից գործին կցվել է մեկ այլ սկավառակ, որտեղից բացակայել են գործով տուժողի հեռախոսահամարից կատարված որոշ զանգերի ձայնագրությունները, իսկ դրանց վերծանումների փաթեթից համապատասխանաբար հանվել են նշված հեռախոսազանգերի վերաբերյալ էջերը: Նկատի ունենալով, որ ծառայողական քննության արդյունքները պարունակում են հանցագործության հատկանիշներ՝ ՀՀ ՔԿ նախագահի հանձնարարությամբ դրանք ուղարկվել են ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ օրենքով սահմանված կարգով ընթացք տալու համար:

 

 
ԲԱ ՄՅՈՒՍՆԵ՞ՐԸ
ԱԺ տեղեկատվության միջոցների եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը իր Facebook-յան էջում տեղեկացրել է, որ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի հիմնադրամից Արցախին է փոխանցվել 1.000.000 ՀՀ դրամ։

 

 

ՏԵՂԵԿԱՑՐԵԼ Է
Ապրիլի 4-5-ը ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հեռախոսազրույցներ է ունեցել Գերմանիայի արտգործնախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի, Եվրոպական միության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինիի, Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեի, Բելառուսի ԱԳ նախարար Վլադիմիր Մակեյի, Լիտվայի արտգործնախարար Լինաս Լինկեւիչուսի, Իրանի արտգործնախարար Ջավադ Զարիֆի, ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահներ Իգոր Պոպովի, Ջեյմս Ուորլիքի եւ Պիեռ Անդրյոյի հետ: Ստեղծված իրավիճակի վերաբերյալ հանգամանալից զրույց է տեղի ունեցել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Միկաել Ժանի հետ։ Նալբանդյանը տեղեկացրել է Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի կողմից շարունակվող հարձակողական լայնածավալ գործողությունների եւ ադրբեջանական ապատեղեկատվության մասին:

 

 

ԿՈՄԱՅԻՑ ԴՈՒՐՍ Է ԵԿԵԼ
Հակառակորդի ռազմական գործողությունների հետեւանքով վիրավորված ժամկետային զինծառայող Հայկ Թորոսյանը կոմայից դուրս է եկել. երեկ այդ մասին հայտնել է Հայկի հայրը՝ Դավիթ Թորոսյանը: Նշենք, որ 19-ամյա Հայկ Թորոսյանը ապրիլի 3-ին հրազենային գանգուղեղային վնասվածքով տեղափոխվել էր Երեւանի կենտրոնական զինվորական հոսպիտալ:

 

 

ԲԱՆԱԿ ԱՍԵԼԸ ՏԵՂԻՆ ՉԷ
Եզդիների մոտ ընդունված չէ նահատակների հետեւից լաց լինել. Tert.am-ին ասել է «Սինջար եզդիների ազգային միավորում» ՀԿ-ի նախագահ Բորիս Մուրազին: «Մեզ մոտ նման խոսք կա՝ նահատակները չեն մեռնում, եւ պետք չէ նահատակների հետեւից լաց լինել, որովհետեւ թե՛ այստեղ, թե՛ Իրաքում մեր նահատակներն ընկնում են սուրբ գործի համար, եւ մենք բոլորս էլ պարտավոր ենք կիսատ թողած գործը շարունակել»: Մուրազին նշել է, որ արդեն իսկ հաստատված եզդի մեկ զոհ ունեն՝ շարքային Սլոյան Քյարամը՝ ծնված 1996թ.-ին, եւ իր տեղեկություններով՝ անհետ կորած զինվորների մեջ էլ ազգությամբ մեկ եզդի զինվոր կա: «Մենք համարում ենք ադրբեջանական բանակի գործողությունները ահաբեկչական, որը միանշանակ «Իսլամական պետության» գործելաոճին համարժեք զորք ունի, եւ որին բանակ ասել տեղին չի լինի»,- հավելել է Մուրազին:

 

 

ԶՈՐԱԿՑՈՒՄ Է
«Իմ զորակցությունն եմ հայտնում սահմանին կռվող մեր անպարտ եղբայրներին, ես ձեզ հետ եմ: Իմ Հայաստան եւ հայ ժողովուրդ, ես ձեզ հետ եմ, ես ձեզ սիրում եմ»,-այս մասին NEWS.am Sport-ին Լաս Վեգասից փոխանցել է WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը: Նշենք, որ Աբրահամը Լաս Վեգասում պատրաստվում է ապրիլի 9-ին կայանալիք մենամարտին:




Լրահոս