Ադրբեջանն Իսրայելից ակնկալում է հայտարարություններ Լեռնային Ղարաբաղի վերջին իրադարձությունների վերաբերյալ, քանի որ Իսրայելը կարող է Հայաստանին կոչ անել դադարեցնել կրակն ու բանակցություններ սկսել: Այս մասին իսրայելական Jerusalem Post-ին տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահի հասարակական-քաղաքական հարցերով օգնական Ալի Հասանովը: «Այն, ինչ սպասում ենք Իսրայելից, որին մեծապես հարգում ենք, արձագանքելն է այն ամենին, ինչ տեղի է ունենում, որովհետեւ Իսրայելը կարող է Հայաստանից պահանջել դադարեցնել կրակն ու սկսել բանակցությունները»,- ասել է Ալի Հասանովը:
Օրերս Իսրայելի Կնեսետի փոխխոսնակ, Իսրայել-Հայաստան պատգամավորական բարեկամական խմբի ղեկավար Թալի Պլոսկովի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով ժամանել էր Երեւան: «Ժողովուրդ»-ը զրուցեց Թալի Պլոսկովի պատվիրակության մեկ այլ անդամ Դավիթ Բիտոնի հետ սահմանային լարվածության վերաբերյալ:
-Եթե հետեւել եք այս օրերին ղարաբաղա-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին, կարո՞ղ եք ասել, թե Ձեր տպավորությամբ ի՞նչ է կատարվում:
Թ. Պլոսկով – Մենք մի քանի օր առաջ եկանք Հայաստան, երբ դեռ երկու երկրների միջեւ այս անցանկալի իրավիճակը չէր ստեղծվել: Երբ ռազմական գործողությունները սկսվեցին, մեզ հորդորեցին հեռանալ երկրից ստեղծված անհանգիստ իրավիճակի պատճառով: Սակայն որոշեցինք մնալ այստեղ՝ այս կերպ ցանկանալով կանգնել Հայաստանի կողքին եւ ասել, որ սա անընդունելի է: Ես չեմ կարող պատասխանել Ադրբեջանի փոխարեն, թե ինչու նրանք սկսեցին, ինչպիսի նպատակներ են հետապնդում, սակայն նման գործողությունները մենք դատապարտում ենք: Եվ ավելին՝ ոչ առաջին անգամն է՝ մենք կոչ ենք անում դադարեցնել արյունահեղությունը: Մենք խոսում ենք մեր երեխաների, կանանց, ծերերի մասին, մեր ճակատագրերի, պետությունների ճակատագրերի մասին. ինչո՞ւ, հանուն ինչի՞, ո՞ւմ համար: Եկե՛ք դադարեցնենք եւ մեկ րոպե մտածենք նախքան նման ծանր որոշումներ կայացնելը: Կարծում եմ՝ սրանով ամեն ինչ ասված է: Մենք այստեղ ենք, քանի որ մենք հասկանում ենք ձեզ:
Դ. Բիտոն- Ես ցավում եմ սահմանին կատարվածի համար եւ, ինչպես յուրաքանչյուր երկիր, հույս հայտնում, որ խաղաղություն կլինի, եւ որ դուք կհաղթահարեք այս իրավիճակը:
-Ձեր կարծիքով՝ ո՞վ սկսեց ռազմական գործողությունները, ո՞վ էր նախաձեռնողը:
Դ. Բիտոն – Սա տարիներ ի վեր եկած կոնֆլիկտ է: Ես հստակ ոչինչ չեմ կարող ասել: Բայց ինչպես տեղեկացել եմ Հայաստանի պատգամավորներից, միանշանակ Ադրբեջանն է:
-Ինչո՞ւ այս օրերին միջազգային հարթակում հնչած կոչերը այդքան էլ ազդեցություն չունեցան իրավիճակի դրական տեղաշարժի վրա:
Թ. Պլոսկով -Բավականին բարդ հարց է: Դժվար թե լինի որեւէ մեկը, ով կարողանա պատասխանել այս հարցին: Ես շատ ուրախ եմ, որ միջազգային հանրությունը միջամտեց, եւ մենք՝ որպես Իսրայելի պետություն, համաձայն ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի դիրքորոշման հետ, որը կոչ է անում դադարեցնել ռազմական գործողությունները: Թե ինչու Ադրբեջանական կողմը դա չի անում, ես պարզապես չեմ հասկանում:
-Ի վերջո, ինչպիսի՞ հանգուցալուծում եք տեսնում ստեղծված իրավիճակում:
Թ. Պլոսկով – Երբ խոսքը գնում է զոհված երեխաների, երիտասարդ զինվորների մասին, մարդկային սիրտը չի կարող անտարբեր մնալ: Ես շատ մեծ հույսեր ունեմ, որ իրականում, որ շատ շուտով այս ամենը կվերջանա, քանի որ այն ոչ մի լավ բանի չի հանգեցնում: Հուսով եմ՝ մենք կրկին կշարունակենք խաղաղ ապրել:
Դ. Բիտոն -Այս իրավիճակում միակ կազմակերպությունը, որ կարող է ազդեցություն ունենալ, ՄԱԿ-ն է եւ աշխարհի առաջատար երկրները, որոնք իսկապես կարող են դադարեցնել այն: Մենք տեսնում ենք, որ նրանք արդեն այս գործընթացի մեջ են այդ նպատակով: Եթե իրավիճակը շարունակվի, տնտեսական մի շարք պատժամիջոցներ կկիրառվեն երկու երկրների նկատմամբ: Եթե դրանք ծանր էին Ռուսաստանի, ապա միանշանակ ծանր կլինեն նաեւ Ադրբեջանի համար: Կարծում եմ, որ այս իրավիճակում ժողովրդավարության տեսանկյունից ճիշտ կլինի, որ այդ փոքր տարածքի բնակիչները որոշեն, թե ում են ուզում պատկանել:
-Իսրայելում նման լարված իրավիճակներ հաճախ են լինում, ի՞նչ եք Դուք անում նման իրավիճակում, ի՞նչ խորհուրդ կտաք հայերին:
Թ. Պլոսկով – Հրեա ազգը շատ ուժեղ է, միշտ ոտքի է կանգնում եւ գլուխը բարձր պահելով՝ շարունակում է ապրել: Երկու ազգերը թերեւս շատ նման են իրար: Իհարկե, Իսրայելի տիրող իրավիճակը մի փոքր տարբերվում է Հայաստանյան իրավիճակից: Ես միշտ փորձում եմ քաղաքականությունը մի կողմ թողնել եւ խոսել մարդկանց, երկրում ապրող հասարակ մարդկանց անունից: Ինձ պարզապես մնում է ցավակցել զոհվածների ընտանիքներին, ովքեր կորցրել են իրենց հարազատներին այս տհաճ կոնֆլիկտի հետեւանքով, ցանկանալ բոլորին խաղաղություն: Սա, թերեւս, լավատեսական կոչ է, եկե՛ք շարունակենք խաղաղ ապրել եւ զարգանալ. միայն այդ դեպքում կարելի է որեւէ լավ բանի հասնել:
Դ. Բիտոն – Դուք չեք կարող Իսրայելի իրավիճակը ադապտացնել Հայաստանի համար, քանի որ Իսրայելում արդեն 67 տարի է՝ անընդմեջ ռազմական գործողություններ են ընթանում բոլոր հարեւան երկրների կողմից: Ոչ մի ռազմական գործողություն լավ բանի չի բերում, միայն հաշտության համաձայնագրի դեպքում հնարավոր կլինի հասնել արդյունքի: Հուսով եմ՝ այն կկնքվի երկու երկրների միջեւ:
-Իսրայելում գործում է անվտանգության հայեցակարգ (դոկտրին), որի դրույթներից մեկի համաձայն՝ հարձակման դեպքում Իսրայելը տասնապատիկ հակահարված պետք է տա: Այս մասին խոսե՞լ եք Ձեր հայ գործընկերների հետ:
Թ. Պլոսկով – Գիտեք, մենք առաջին անգամը չէ, որ հայտարարել ենք՝ եթե մեզ վրա հարձակվեն, մենք անմիջապես հակահարված կտանք: Սակայն իմ կարծիքով, ցավոք, շատ հաճախ մենք պատասխան ենք տալիս ոչ միանգամից, միշտ մտածում ենք, որ պետք է նստել, քննարկել, գալ ինչ-որ համաձայնության նախքան մեր ռազմական տեխնիկայից օգտվելը, որով Իսրայելը, իրոք, շատ հարուստ է: Հիշենք, որ «Իպսպջվօռ ՍցտՏս» հակահրթիռային պաշտպանական համակարգը հենց Իսրայելի կողմից էր մշակվել: Դրա շնորհիվ վերջին պատերազմի ընթացքում շատ մարդիկ պաշտպանվեցին: Երբ Իսրայելում պատերազմական իրավիճակ է լինում, մենք կարողանում ենք միավորվել, աջակցել միմյանց, կարողանում ենք լինել ուժեղ, երբ որեւէ մեկը ուզում է մեզ հունից հանել: Նույնն էլ կոչ եմ անում հայերին՝ համախմբվել եւ դիմանալ: Ես հուսով եմ, որ շատ շուտով ամեն ինչ կավարտվի:
-Ի՞նչ կասեք հայ-իսրայելական հարաբերությունների մասին:
Դ. Բիտոն- Կարծում եմ՝ մեր եւ Հայաստանի հարաբերությունները շատ ընկերական են: Կցանկանայինք նաեւ հաստատել տնտեսական հարաբերություններ: Այսօր այդ հարցը զարգացման փուլում է: Դա լավ կլինի ե՛ւ Հայաստանի, ե՛ւ Իսրայելի համար: Կարծում եմ՝ Իսրայելը՝ որպես տեխնիկապես հարուստ պետություն, կարող է օգնել Հայաստանին, եւ այս հարցում կառավարությունը նույնպես պետք է միջոցներ ձեռնարկի:
Զրուցեց ՍՅՈՒԶԻ ՄՈՒՐԱԴՅԱՆԸ
ՏԱՎՈՒՇՈՒՄ ՀԱՆԳԻՍՏ Է
Ապրիլի 4-ի, լույս 5-ի գիշերը ադրբեջանական զինուժը կրակ է բացել Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի Կոթի, Բաղանիս գյուղերի ուղղությամբ: «Ժողովուրդ»-ը Կոթի համայնքից տեղեկացավ, որ ադրբեջանական կրակը էական վնասներ չի պատճառել: Կոթի համայնքի ղեկավար Ֆելքիս Մելիքյանն ասաց, որ ադրբեջանական գնդակները դիպել են գյուղի այն հատվածներին, որտեղ առանձնատները քիչ են: Սահմանամերձ Բաղանիս գյուղի բնակիչներն էլ հայտնեցին, որ գնդակները դիպել են գյուղի ճանապարհներին, ծառերին եւ այլն: Իսկ Բերդավան համայնքի ղեկավար Արարատ Գաբրիելյանն ասաց, որ ապրիլի լույս 5-ի գիշեր Բերդավանի գնդակոծություն չի եղել, այդ մասին որոշ լրատվամիջոցներում տարածված տեղեկատվությունն իրականությանը չի համապատասխանում: Իհարկե, ապրիլի 5-ին՝ կեսօրից հետո, Բերդավանի պաշտպանական դիրքերի ուղղությամբ առանձին կրակոցների ձայներ լսվել են: Այդ մասին հայտնեցին Բերդավանի բնակիչները: Սակայն ընդհանուր առմամբ վիճակը հանգիստ է: Հայաստան-Վրաստան միջպետական ավտոճանապարհի Ոսկեպար-Բաղանիս հատվածը, որը ձգվում է Ադրբեջանի Ղուշչի-Այրում գյուղի մարտական հենակետերի դեմ-դիմաց, երթեւեկության համար բաց է: Սակայն բազմաթիվ վարորդներ, անվտանգության նկատառումներից ելնելով, գերադասում են միջպետական ավտոճանապարհի այդ հատվածը հաղթահարել Ոսկեպար-Բաղանիս շրջանցիկ, Հարսնաքար սարով ձգվող ճանապարհով: Տավուշի սահմանագոտում համեմատաբար հանգիստ է: Սակայն, ինչպես ցույց է տալիս փորձը, ադրբեջանական զինուժը ամեն պահի կարող է խախտել փխրուն խաղաղությունը:
ՉԵՆ ՑԱՆԿԱՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ՀԵՌԱՆԱԼ
Սահմանամերձ Տավուշի մարզում հայրենասիրական տրամադրություններ են տիրում: Ապրիլի 4-ին Նոյեմբերյան քաղաքում, «Գվարզին» առեւտրի կենտրոնում հավաքվել էին Նոյեմբերյանի տարածաշրջանից շուրջ 100 ազատամարտիկներ, ովքեր պատրաստակամություն էին հայտնել սահմաններ մեկնելու: Որոշվեց, որ այդ հարցը կլուծվի Հայաստանի պաշտպանության նախարարության հետ համագործակցությամբ: Հայաստանից Ռուսաստան պարբերաբար տաքսիներ են մեկնում, դրանց միջոցով մարզի բնակիչները Ռուսաստանի Դաշնություն արտագնա աշխատանքի են գնում: Սակայն անցած օրերին այդ տաքսիները չէին կարողանում ուղեւորների անհրաժեշտ թվաքանակ ապահովել: Պատճառն այն է, որ սահմանամերձ մարզի բնակիչները չէին ցանկանում վտանգի պահին հեռանալ Տավուշից եւ իրենց ընտանիքներին ու հայրենի հողը ադրբեջանական վտանգի առաջ թողնել:
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ