ԹՈՒՐՔԻ ՊԱՏՃԱՌՈՎ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄ ՉԵՆՔ ՀԱՆԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է` ապրիլի 2-ից իրավիճակը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կտրուկ սրվել է: Ադրբեջանն անցում է կատարել մասշտաբային հարձակման շփման գծի ողջ երկայնքով: 1994-ին հաստատված հրադադարի ռեժիմից հետո սրանք ամենախոշոր գործողություններն են, որոնք ձեռնարկել է Ադրբեջանի զինուժը: Երկու կողմերից էլ կան զոհեր: Ու թեեւ ապրիլի 5-ին 12:00-ի դրությամբ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում կրակը դադարեցված է, իրավիճակը շարունակում է մնալ լարված:

«Ժողովուրդ»-ը Երեւանի կինոթատրոնների եւ թատրոնների շրջանում հարցում է անցկացրել` պարզելու համար սահմանում տիրող իրավիճակը կամ զոհեր ունենալու հանգամանքն արդյոք առիթ հանդիսացե՞լ է, որ նրանք վերանայեն իրենց ֆիլմացանկերն ու խաղացանկերը: «Մոսկվա», «Նաիրի», «Հայաստան», «Սինեմա Սթար», «Կինոպարկ» կինոթատրոններից մեզ տեղեկացրին, որ իրենց ֆիլմացանկից հանվել են հայկական կատակերգությունները` «Առաջին դեմք»-ը, «Փախիր կամ ամուսնացիր»-ը, մի մասի դեպքում հանվել է նաեւ արտասահմանյան արտադրության «Առաքելություն Մայամիում» կատակերգությունը:
Իսկ, ահա, թատրոնների պարագայում իրավիճակը բոլորովին այլ է: Երեւանյան ոչ մի թատրոն չի պատրաստվում իր խաղացանկից հանել որեւէ ներկայացում, այդ թվում` կատակերգություն:
Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի գեղարվեստական ղեկավար Երվանդ Ղազանչյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում շեշտեց, որ ոչ մի լարված իրավիճակ չի կարող ժողովրդին կտրել հոգեւորից. «Ուրեմն թուրքի պատճառով պետք է ներկայացում հանե՞նք: Խաղում էլ ենք, միջոցառումներ էլ ենք կազմակերպում, մանավանդ որ այս պահին կրակը դադարեցված է: Ի դեպ, ասեմ, որ երբ մեր թատրոնը ներկայացումներ էր ունենում Արցախյան պատերազմի ժամանակ, դահլիճը լեփ-լեցուն էր, իսկ երբ Կարպ Խաչվանքյանը մտնում էր բեմ, դահլիճն ուղղակի ալեկոծվում էր: Ասում էինք` երանի հակառակորդը գար, նայեր, կասեր` էս ժողովրդին հաղթել չի լինի»:
Նույն կարծիքին է Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի տնօրեն Ֆրեդերիկ Դավթյանը. «Մեզ մոտ ոչ մի ներկայացում չի հանվել: Մեր պարտքն է մեր գործը նորմալ անել, ժողովրդին լավ տրամադրություն հաղորդել, որ վերջինս լարվածությունից ձերբազատվի: Ի դեպ, մեր թատրոնն իր ուժերի ներածին չափով օգնում է հայ զինվորներին»,-ասաց նա:
Համազգային պետական թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանն էլ «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց, որ ոչ մի ներկայացում խաղացանկից չի հանվել եւ չի հանվելու. «Մենք չպետք է մեր «դուխը» կոտրենք: Շարունակում ենք ապրել եւ աշխատել հաղթողի հոգեբանությամբ: Ինչո՞ւ չպետք է ուրախանանք. թող ադրբեջանցիները լաց լինեն ու սեւ հագնեն: Մենք մեր կյանքը պետք է շարունակենք ապրել դեռ ավելի արագ տեմպով»,-մեկնաբանեց նա` հավելելով, որ Համազգային թատրոնը եւս իր նյութական աջակցությունն է ցուցաբերել Արցախում անձնվիրաբար մարտնչող մեր հայ զինվորներին:
Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի տնօրեն, գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանն էլ զայրանում է, երբ, ինչպես ինքն է ասում, ժողովրդի որոշ հատվածի շրջանում տեսնում է ողբալու պատրաստակամություն. «Ոչ մի ներկայացում չի հանվելու. մենք նման նվերներ թշնամուն չենք անում: Եթե պետք լինի, մենք կշարունակենք ե՛ւ պատերազմել, ե՛ւ մշակույթով, գիտությամբ, տնտեսությամբ զբաղվել. սա լավագույն պատասխանն է հակառակորդին. ողբս ո՞րն է: Հայրենական մեծ պատերազմի տարիներին Երեւանում բացվեց Երաժշտական կոմեդիայի թատրոնը, մեր դերասանները ժողովրդին կատակերգություն էին մատուցում, իսկ պատերազմական շրջանում ողբերգություն ցույց տալը նշանակում է ժողովրդի մեջքից դանակով խփել: Մենք կռվում ենք հանուն մեր կյանքի, ոչ թե մահանալու համար: Հիշենք, որ մեր բազմաթիվ հերոսներ երգով են գնացել կռվի: Ապրել, ուրախանալ է պետք»,- եզրափակեց նա:

 

 

 

 
«ՄԵՐ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ԱՐԺԱՆԱՆԱ ԻՐ ԺՈՂՈՎՐԴԻՆ»

Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում վերջին շրջանում լարվածության կտրուկ աճի հետ կապված «Ժողովուրդ»-ն արդեն ներկայացրել է մի շարք արվեստագետների կարծիքներ: Այս անգամ մենք զրուցել ենք երգիչ, երգահան Էդուարդ Զորիկյանի հետ:

-Պարո՛ն Զորիկյան, ըստ Ձեզ` Հայաստանը ստեղծված իրավիճակից ի՞նչ դասեր պետք է քաղի:
-Առաջին հերթին պետք է աշխատել բանակն ավելի հզորացնելու ուղղությամբ: Հարկավոր է մեր զինված ուժերին զինել նոր, ժամանակակից տեխնոլոգիաներով: Պետք է համալրել պաշտպանության նախարարության բյուջեն եւ գումարները ծախսել նպատակային: Նորություն չէ, որ հզոր ազգին են հարգում, հզոր նաեւ տեխնիկապես:
-Միջազգային կառույցների արձագանքներից ի՞նչ պետք է ենթադրել:
-Բայց արձագանք եղա՞վ. կարծում եմ` ոչ: Որոշ երկրների նորությունների բլոկում ինֆորմացիոն բումի պես բան եղավ ու վերջ: Նրանք ինչ ուզում է՝ ասեն, ոնց ուզում է՝ մեկնաբանեն, մենք գիտենք` ով է նախահարձակ եղել եւ ով է ստիպված մտել ռազմական գործողությունների մեջ: Ամեն պետություն հույսն իր վրա է դնում` իր բանակի, իր ժողովրդի: Պարզ է, որ եթե Ադրբեջանը խախտում է հրադադարը, պետք է պատժվի: Մենք չպետք է մտածենք` Մինսկի խումբն ինչ կասի, մյուս կառույցներն ու երկրները ինչ կասեն: Թող ասեն, մենք նրանց ինչ-որ կերպ կպատասխանենք, բայց ադրբեջանցին պետք է իմանա` ցանկացած կրակի դիմաց տասնապատիկ պատասխան է ստանալու: Հիմա նշվում է, որ կրակը դադարեցվել է, բայց 94-ին էլ էր դադարեցվել. հիշե՛ք, թե դրանից հետո հակառակորդի դիպուկահարի կրակոցներից քանի զոհ ենք ունեցել: Այդ իրավիճակը շարունակվեց եւ եկավ իր տրամաբանական կետին` լայնածավալ հարձակմանը:
-Մենք որքանո՞վ էինք պատրաստ իրադարձությունների նման զարգացմանը:
-Մենք տեսանք, որ ժողովրդի շրջանում բոլորը ոտքի կանգնեցին. բոլոր շրջաններից կամավորներ հավաքվեցին, էլ բանակից փախչողներ չկային. հակառակը` եթե նախկինում փողոցից բռնում, զոռով տանում էին ծառայելու, այս դեպքում տանից գիշերը փախչում, գնում էին դիրքեր: Ժողովրդի մի մասը արյուն հանձնեց զինվորին, մյուս մասը անհրաժեշտ սնունդ եւ պարագաներ ուղարկեց սահման: Այս ամենը վկայում է այն մասին, որ ժողովուրդը պատրաստ է կայծակնային արագությամբ արձագանքել վտանգին: Ուստի իշխանությունն էլ պետք է հասկանա` իր ժողովուրդն ինչ ժողովուրդ է, եւ ձգտի արժանի դառնալ նրան: Այլապես հետույքներին կտանք եւ կբերենք մեր ժողովրդին համապատասխան իշխանություն:

Նյութերը՝ ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ

 

 
ՀԵՏԱՁԳԵԼ ԵՆ
Ինչպես հայտնել էինք` երգիչ Արամ MP3-ը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում վերջին շրջանում ծայր առած լարվածության պատճառով մտադիր է Երեւանում կայանալիք իր առաջիկա մենահամերգից ստացված հասույթը փոխանցել Արցախի պաշտպանության բանակին: Դրանից հետո արդեն երգիչը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է` հաշվի առնելով այն հանգամանքը, որ հայ հանրության մի մասը դեմ է նման իրավիճակում համերգի կայանալուն, ինքը հետաձգում է ապրիլի 7-ին կայանալիք մենահամերգը. «Մենահամերգս տեղափոխում եմ մեր բանակի կրկնակի հաղթանակը տոնելու օրը: Իսկ նպատակը մնալու է նույնը՝ համերգի ողջ հասույթը փոխանցել ԼՂՀ պաշտպանության բանակին»: Շոու-բիզնեսի մեկ այլ ներկայացուցիչ` Քրիստինե Պեպելյանը, դիմելով Լոս Անջելեսում բնակվող մեր հայրենակիցներին, ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ հաշվի առնելով մեր երկրի պատերազմական իրավիճակն ու մարդկային կորուստները՝ ստիպված է չեղյալ հայտարարել ապրիլի 8-ին նախապես հայտարարված իր մենահամերգը եւ վերադառնալ Հայաստան. «Այս օրերին մեր էմոցիաները պետք են ոչ թե համերգային դահլիճներում, այլ սահմաններում: Վստահ եմ, որ առաջիկայում կհանդիպենք ու միմյանց կշնորհավորենք մեր հերթական հաղթանակի առթիվ: Մենք ուժեղ ենք…Մենք հաղթելու ենք։ Աղոթենք մեր հայրենիքի խաղաղության ու մեր զինվորների համար»:

 

 

ՔԱՐԴԱՇՅԱՆՆԵՐՆ ԱՂՈԹՈՒՄ ԵՆ
Ամերիկյան ռեալիթի շոուների հանրահայտ աստղեր, հայազգի 3 քույրերը՝ Քիմ, Քլոե եւ Քորթնի Քարդաշյանները, սոցիալական ցանցերի իրենց էջերում Արցախին վերաբերող գրառումներ են կատարել` կոչ անելով աղոթել Հայաստանի խաղաղության համար: Քիմ Քարդաշյանն Instagram-ում հրապարակել է ՀՀ դրոշն ու զինված ուժերը պատկերող լուսանկար, որն ուղեկցվում է հետեւյալ գրառմամբ. «Աղոթում եմ բոլորի համար Հայաստանում եւ ամբողջ աշխարհում»: Քլոե Քարդաշյանն էլ Facebook-ում, Twitter-ում եւ Instagram-ում գրել է. «Աղոթենք Հայաստանի համար: Աղոթենք խաղաղության համար: Աղոթենք աշխարհի համար: Թող Աստված լսի մեր աղոթքները»: Քույրերից միացել է նաեւ Քորթնին՝ թեմայի շուրջ գրառում կատարելով Facebook-ում եւ Instagram-ում:

 

 

ՍԵԳԱՐԱՆ ԷԼ Է ՄԻԱՑԵԼ
Հայկական արմատներ ունեցող ֆրանսիացի հանրահայտ երգչուհի Հելեն Սեգարան ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Արցախում տիրող իրավիճակի մասին` օգտագործելով #PrayForArmenianSoldiers (աղոթում եմ հայ զինվորների համար) հաշթեգն ու հրապարակելով հայկական դրոշը. «Թուրքիայի դաշնակից Ադրբեջանը ռմբակոծում է հայերի նախնիների` իմ մոր նախնիների հող Ղարաբաղը: Քաղաքացիներ եւ երեխաներ են սպանվել։ Այս ամենի մասին մեր լրատվամիջոցները չեն խոսում, եւ շատերն են անտարբեր։ Իմ սիրտը կոտրվում է` տեսնելով, որ պատմությունը չի դադարում կրկնվել… Ընկերներ, դրեք այս գրառումը ձեր էջերում, որպեսզի մարդիկ տեղեկանան։ Թող դադարի բարբարոսությունը այնտեղ եւ ամենուր։ Թող խավարը լույսին չհաղթի»,-երգչուհու խոսքը մեջբերում է Bravo.am-ը։




Լրահոս