ՀՐԱՏԱՊ ԼՈՒԾՈՒՄ ՊԱՀԱՆՋՈՂ ԽՆԴԻՐՆԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ղարաբաղա-ադրբեջանական պատերազմի՝ հատկապես անցած հինգ օրերը դեռ երկար կվերլուծվեն, սակայն արդեն իսկ կարող ենք արձանագրել մի քանի խնդիրներ, որոնք ի հայտ եկան այս օրերին եւ արդեն իսկ քննարկվում են հանրության շրջանում եւ կոնկրետ լուծումներ են պահանջում:

Այսպես՝ թիվ մեկ խնդիրը, որն ի հայտ եկավ, եւ որի լուծումը պետական անվտանգության խնդիր է, անօդաչու թռչող սարքերը վնասազերծող գերժամանակակից սարքավորումներ ստեղծելու եւ դրանցով մեր բանակը զինելու հրամայականն է: Անօդաչու թռչող սարքերը, ինչպես ցանկացած էլեկտրոնիկա, ունի իր «հակասարքը»: Յուրաքանչյուր ոք կարող է համացանցում գտնել անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարի մասին տվյալներ: Համընդհանուր մոտեցումն այն է, որ այդ սարքերի վրա հակաօդային ուժերի ռեսուրսները, այն է՝ հրթիռներ ծախսելը, ճիշտ չէ, քանի որ նպատակը չի արդարացնում ծախսը: Առավել արդյունավետ է համարվում հատուկ սարքերի միջոցով ԱԹՍ-ը ռադիոէլեկտրոնային կապից, հետեւաբար նաեւ կառավարումից զրկելու տարբերակը: Այլ կերպ ասած՝ անհրաժեշտ է, որ հայկական բանակի սպառազինության մեջ լինեն այնպիսի սարքեր, որոնց միջոցով հնարավոր կլինի օդային տարածքի որոշակի հատվածում ամբողջությամբ խափանել ռադիոկապը:
Կասկած չկա, որ եթե մեր ֆիզիկների, հատկապես երիտասարդների համար աշխատանքային անհրաժեշտ պայմաններ ստեղծվեն, եւ նրանց առջեւ նման խնդիր դրվի, ապա շատ արագ լուծումը կգտնեն: Ավելին՝ ՀՀ կառավարությունը կարող է խոշոր դրամական (մի քանի տասնյակ միլիոն դրամի չափով) պարգեւ խոստանալ նման սարքի արդյունավետ լուծման առաջարկի համար: Հայաստանի գիտնականների ուժերով նման սարք ունենալու խնդրի լուծումը օրվա հրամայական է, եւ այն պետք է ժամ առաջ լուծվի:
Հաջորդ խնդիրը, որն անհրաժեշտ է լուծել, զոհված եւ հաշմանդամ դարձած զինծառայողների ընտանիքների սոցիալական ապահովվածության հարցը մեկընդմիշտ լուծելն է: Այսինքն՝ զոհված զինծառայողի ընտանիքը պետք է այնքան թոշակ ստանա, որ բավարարի ընտանիքի բարօրությունը ապահովելու համար: ՀՀ «Պետական կենսաթոշակների» մասին օրենքով զինվորական կենսաթոշակներ են սահմանված, ինչպես հաշմանդամության, այնպես էլ մահացածի խնամքին եղած ընտանիքի համար: Զոհված սպաների անչափահաս կամ ստացիոնար ուսուցման մեջ գտնվող երեխաները զոհված զինծառայողի աշխատավարձի 60 տոկոսի չափով կենսաթոշակ են ստանում: Զոհված սպայի ընտանիքի մնացած անդամների դեպքում, որոնց ցանկը եւս վերը նշված օրենքը սահմանում է, մահացած զինծառայողի աշխատավարձի 40 տոկոսի չափով նպաստ են ստանում: Իսկ ինչ վերաբերում է շարքային զինծառայողների ընտանիքներին վճարվող նպաստների չափին, ապա այն սահմանում է ՀՀ կառավարությունը: Ի դեպ, այդ գումարի չափը պարզելու մեր բոլոր փորձերն անցան ապարդյուն:
Հարկ է նշել, որ կենսաթոշակը վճարվում է միայն զինվորականի խնամքին եղած ընտանիքի անդամներին: Պարտադիր ժամկետային զինծառայողների դեպքում օրենքի այս դրույթը չի կիրառվում, քանի որ 18-20 տարեկան երիտասարդների մեծամասնությունն իր խնամքին ընտանիքի անդամ չի ունենում: Սակայն ղարաբաղա-ադրբեջանական պատերազմի վերսկսվելուց, կամավորականների ռազմաճակատ մեկնելուց հետո մեր իրողությունը կտրուկ փոխվել է:
Այսինքն՝ անհրաժեշտ է, որ ՀՀ կառավարությունը քննարկի նաեւ երիտասարդ` իրենց խնամքին կին եւ երեխա չունեցող զոհված զինվորների ընտանիքներին` ծնողներին, կամ եթե վերջիններս կենդանի չեն, ու նրանց տատն ու պապն են մեծացրել, ապա վերջիններիս կենսաթոշակ վճարելու համակարգի ներդրման հարցը:
Երեկ այս մասին ԱԺ-ում խոսելով՝ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն ասաց. «Պետք է օգնենք, դա փաստ է: Օգնել ենք, օգնում ենք եւ շարունակելու ենք օգնել»:
Մյուս կողմից կամավորականների ռազմաճակատ մեկնելու փաստով պայմանավորված անհրաժեշտ է, որ շարքային կազմի դեպքում եւս հստակ սոցիալական երաշխիքներ սահմանեն: Մասնավորապես, զոհվածների այրիների համար սահմանել կենսաթոշակ, որը նվազագույն աշխատավարձի կրկնապատիկից պետք է պակաս չլինի, իսկ յուրաքանչյուր անչափահաս երեխայի համար այրիները պետք է ստանան մեկ շնչին հասնող նվազագույն սպառողական զամբյուղի չափով գումար: Սա նվազագույնն է, որը պետությունը կարող է անել հայրենիքի համար իրենց կյանքը զոհած իր զավակների ընտանիքների համար:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

 

 

 
ՀԵՐՈՍԻ ՄԱՀՈՎ ԶՈՀՎԵՑ
ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը երեկ հրապարակեց ղարաբաղա-ադրբեջանական ճակատում վերսկսված ռազմական գործողությունների արդյունքում զոհված եւս 13 զինծառայողի տվյալներ: Նրանց թվում է նաեւ 20-ամյա շարքային Նարեկ Մկրտչյանը: «Ժողովուրդ»-ը զրուցեց Սյունիքի մարզի Որոտան գյուղի գյուղապետ Սուրիկ Օհանջանյանի հետ, որը մեզ տեղեկացրեց, որ զինծառայողը զոհվել է ապրիլի 4-ին` հրամանատարի կողքին մինչեւ վերջ պայքարելով թշնամու դեմ: «Նարեկը մանկուց շատ պինդ տղա է եղել՝ որպես իսկական սյունեցի, եւ դա կռվի ժամանակ ցույց տվեց: Այդպիսի բան չի եղել, որ նա ասի՝ այս մի բանը չեմ կարող անել: Նա զոհվեց որպես հերոս, որպես սյունեցի»,- ասաց Որոտանի գյուղապետը: Տեղեկացնենք, որ Նարեկը ընտանիքի երեք զավակներից մեկն էր, եւ նրա ժամկետային զինվորական ծառայության ավարտին մնացել էր տասը ամիս:

 

 

ՄԱՐՈՒՔՅԱՆԸ ՀԵՐՔՈՒՄ Է
Վերջին օրերին համառ լուրեր են շրջանառվում այն մասին, որ ՀՀ ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանի հիմնած «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը ֆինանսավորվում է հայտնի օլիգարխ Բարսեղ Բեգլարյանի (Ֆլեշի Բարսեղի) կողմից: «Ժողովուրդ»-ը փորձեց այս լուրերի իսկությունը ճշտել անձամբ Էդմոն Մարուքյանից: Նա մեզ հետ զրույցում ասաց. «Բնականաբար այդ տեղեկությունը չի կարող համապատասխանել իրականությանը: Մամուլում եղել են նման տեղեկություններ՝ պատվիրված հատուկ ձեւերով, մենք էլ ի պատասխան՝ հերքել ենք: Բայց անգամ հերքելու կամ ինչ-որ պաշտոնական հերքումներ տալու իմաստն էլ չկա: Մեր կուսակցությունը ֆինանսավորվում է մեր կողմից իրականացված դրամահավաքների միջոցով, որի վերաբերյալ մանրամասը մեր ամեն դրամահավաքի ժամանակ ներկայացնում ենք»:

 

 

ԴՊՐՈՑՆԵՐԻ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ՝ ԱՐՑԱԽԻՆ
«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ այս օրերին ՀՀ Արմավիրի մարզի որոշ դպրոցներում Արցախում գտնվող զինվորներին օգնելու նպատակով սննդատեսակ է հավաքվում: Օրինակ՝ Թաիրովի միջնակարգ դպրոցի աշակերտները նույնպես ցանկացել են աջակցել այս օրերին ղարաբաղա-ադրբեջանական սահմանին կռվող զինվորին: Նշված միջնակարգ դպրոցի տնօրեն Մարինե Բաղումյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում, անդրադառնալով այս խնդրին, ասաց. «Հավաքվել են բժշկական պարագաներ, սնունդ պահածոներ եւ սիգարետներ: Այդ բոլորը ծնողների կողմից է կազմակերպվել, եւ իրենք են անձամբ փաթեթավորել: Իսկ ուսուցչական կազմը որոշեց գումար հավաքել, որը տրամադրվելու է Արմավիրի մարզի Ապագա գյուղի բնակիչ, ԻՍՎ հրամանատար, կապիտան, 28-ամյա Հովսեփ Կիրակոսյանի ընտանիքին»: Հիշեցնենք, որ Հովսեփ Կիրակոսյանը զոհվել է ապրիլի 4-ին՝ ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում ծավալված մարտերի ժամանակ:

 

 

 
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՔՆՆԱԴԱՏԵԼ Է
Ադրբեջանի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդական ճակատ» կուսակցության առաջնորդ Ալի Քերիմլին հանդես է եկել ղարաբաղյան ճակատում վերջին օրերին ադրբեջանական բանակի ձախողված ռազմական գործողությունների հետ կապված երկրի քաղաքական եւ ռազմական ղեկավարությանն ուղղված քննադատական հայտարարությամբ: Քերիմլին Facebook-ի իր էջում հիշեցրել է Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության կողմից Արցախը «վերագրավելու» մասին ամեն օր հորջորջվող «Պետք լինի, Ղարաբաղը կվերցնենք» արտահայտությունը, եւ հարց տվել նրանց. «Բա ինչո՞ւ չկարողացաք վերցնել»: «Եթե խոսում եք բանակի բարձր պատրաստվածության, անկախ կրոնական, էթնիկ տարբերություններից, հասարակության միասնականության, աշխարհի, հարեւանների, հատկապես` Թուրքիայի բարձր մակարդակի աջակցության, հակառակորդի դժվար վիճակում եւ խուճապի մեջ լինելու մասին, ապա ինչո՞ւ չկարողացաք կատարել ձեր «պետք լինին»: Խնդրում եմ, այլեւս «պետք լինի…» տեսակի արտահայտություններ մի՛ արեք, դա լուրջ չի ընդունվելու»:

 

 

ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ Է
Պաշտոնական այցով Գերմանիայում գտնվող Սերժ Սարգսյանը երեկ հանդիպում է ունեցել ԳԴՀ արտաքին գործերի նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ: Նշելով, որ իր այցը Գերմանիա կայանում է այնպիսի մի ժամանակահատվածում, երբ Ադրբեջանի կողմից լրջագույն մարտահրավեր է նետված ԼՂ, ինչպես նաե ՀՀ անվտանգությանը, Սարգսյանը հանգամանորեն ներկայացրել է այս օրերին Ադրբեջանի կողմից զինադադարի խախտման եւ իրադրության աննախադեպ սրման պատճառով առաջացած լարված իրավիճակն ու վերջին զարգացումները: «Այն, որ այս դժվարին պահին ես այստեղ եմ, առավել քան խոսում է այն կարեւորության մասին, որ Հայաստանը վերապահում է երկկողմ հարաբերություններին, ինչպես նաեւ Գերմանիայի դերակատարությանը՝ որպես ԵԱՀԿ նախագահող երկիր»,- ասել է Սարգսյանը: Արտգործնախարար Շտայնմայերը կարեւորել է ԼՂ հակամարտության գոտում վստահության ամրապնդման միջոցառումների իրականացումը, ինչպես նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կողմից շփման գծում մոնիտորինգի վերսկսումը:
 

ՀԵՌԱԽՈՍԱԶՐՈՒՅՑ ԵՆ ՈՒՆԵՑԵԼ
Երեկ իրանական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել հեռախոսազրույց Սերժ Սարգսյանի եւ Իրանի Նախագահ Հասան Ռոհանիի միջեւ: Քննարկվել է վերջին օրերին Լեռնային Ղարաբաղ-Ադրբեջան շփման գծում ստեղծված իրավիճակը: Ս. Սարգսյանը հատուկ անդրադարձ է կատարել խաղաղ բնակչության հանդեպ գործադրված բռնություններին` համեմատելով դրանք տարածաշրջանի հայտնի ահաբեկչական խմբավորումների գործելաոճի հետ: Իրանի նախագահն ընդգծել է, որ ահաբեկչական խմբավորումների եւ ներկայիս այլ մարտահրավերների համատեքստում տարածաշրջանում լարվածության նոր օջախների բռնկումը չի բխում որեւէ մեկի շահերից, եւ անհրաժեշտ է գործադրել բոլոր հնարավորությունները` խաղաղ բանակցությունների գործընթացը վերականգնելու ուղղությամբ: Նախագահ Ռոհանին նշել է, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրը չի կարող ունենալ ռազմական լուծում:




Լրահոս