Գյումրիում ոստիկանության աշխատակիցների` ոսկերչական խանութից գողության փորձ կատարելու դեպքի առիթով հարուցված քրեական գործն ընդունվել է Հատուկ քննչական ծառայության վարույթ:
ՀՔԾ մամուլի ծառայությունից հայտնում են, որ 2013 թվականի օգոստոսի 5-ին` ժամը 04.20-ի սահմաններում, ոստիկանության Շիրակի մարզային վարչության Գյումրի քաղաքի Մուշի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետի տեղակալ, ոստիկանության կապիտան Հրայր Քալաշյանը հափշտակություն կատարելու շուրջ, նախնական համաձայնության է եկել նույն բաժանմունքի ավագ օպերլիազոր, ոստիկանության կապիտան Արտակ Բաղդասարյանի հետ:
Նրանք, նախապես իրենց հետ վերցնելով դիմակավորված գողություն կատարելու համար հարմարեցված սպորտային գլխարկներ, մուրճ եւ այլ առարկաներ, գնացել են Գյումրի քաղաքի Խաղաղության օղակ 8 հասցեում գտնվող ,Ռուբինե ոսկերչական սրահ: Նրանք մուրճով կոտրել են սրահի մուտքի դռների ապակիները, փորձել են ներս մտնել, սակայն իրենց կամքից անկախ հանգամանքներում հանցավոր մտադրությունն ավարտին չեն հասցրել` նկատելով տարածքում ծառայություն իրականացնող ոստիկանության տարբերանշանով ավտոմեքենա, դիմել են փախուստի, սակայն բռնվել են ոստիկանության աշխատակիցների կողմից ու բերման ենթարկել ոստիկանության Գյումրի քաղաքի Կումայրիի բաժին:
Փաստի առիթով 2013 թվականի օգոստոսի 5-ին ՀՀ ՔՕ 34-177 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հարուցվել է քրեական գործ, որը նույն օրն ընդունվել է Հատուկ քննչական ծառայության վարույթ: Հրայր Քալաշյանը եւ Արտակ Բաղդասարյանը ձերբակալված են: Նախաքննությունը շարունակվում է: