Ինչպես հայտնի է` ապրիլի 2-ից իրավիճակը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կտրուկ սրվել է: Ադրբեջանն անցում է կատարել մասշտաբային հարձակման շփման գծի ողջ երկայնքով: 1994-ին հաստատված հրադադարի ռեժիմից հետո սրանք ամենախոշոր գործողություններն էին, որոնք ձեռնարկեց Ադրբեջանի զինուժը: Հակամարտող երկու կողմերն էլ տվեցին մեծաթիվ զոհեր: Արդեն ապրիլի 5-ին Մոսկվայում Հայաստանի եւ Ադրբեջանի զինված ուժերի գլխավոր շտաբների պետերի հանդիպման ժամանակ ձեռք բերվեց կրակի դադարեցման պայմանավորվածություն: Հիմա, երբ դադար տալու եւ մեր կորուստների ու ձեռքբերումների մասին խորհելու ժամանակ կա, զրուցել ենք «Կարին» ազգագրական երգի ու պարի համույթի գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանի հետ: Հիշեցնենք, որ նա Արցախի ինքնապաշտպանական մարտերում եղել է «Ազատագրական բանակ» ջոկատի ռազմիկ, ապա ընդգրկվել է մահապարտների «Արծիվ» հատուկ նշանակության գումարտակում։ Ազատագրական մարտերի ժամանակ մասնավորապես ոչնչացրել է թշնամու 2 տանկ։
-Պարո՛ն Գինոսյան, ի՞նչ եք կարծում` ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկել` մեր կենցաղը վերաիմաստավորելու եւ արժեհամակարգը վերաձեւելու առնչությամբ:
-Հիմա պետք է մտածել մեր բանակի սպառազինության, գիտության եւ ռազմարդյունաբերության զարգացման մասին: Մենք պետք է ունենանք հակառակորդի ուժերին համարժեք տեխնիկա, իսկ մեր զինվորների հերոսացումը պետք է դարձնենք հենք, որպեսզի հայկական դիվանագիտությունը վերջապես ինչ-որ լուրջ հաղթանակ արձանագրի: Այսինքն` ռազմական հաջողությունների հենքի վրա ձեռքբերումներ ունենանք դիվանագիտական ասպարեզում եւ արդյունքում կանխվի հակառակորդի կողմից վաղը ցուցաբերելիք ագրեսիան եւ հրոսակային ոտնձգությունները: Շատ կարեւոր է, որ հայկական կողմը ոչ թե փորձի դիմագրավել հակառակորդի հարձակմանը, այլ ի սկզբանե կանխի այն: Ինչ վերաբերում է կրակի դադարեցմանը, ապա, կարծում եմ, որ հրադադար պարտադրողները պետք է նախեւառաջ մեր կողքին լինեին ստեղծված դժվարին իրավիճակում, այլ ոչ թե այն բանից հետո, երբ մենք ծանր կորուստներից հետո վերականգնեցինք մեր դիրքերը: Այնուամենայնիվ, եթե կրակի դադարեցումը արդեն կա, մենք պետք է առաջինը չհարվածենք, ինչպես որ միշտ եղել է:
-Զոհված զինծառայողների եւ կամավորների զգալի մասն անապահով ընտանիքներից էին: Արդյոք մեր կառավարության համար օրակարգային չպե՞տք է դառնա այդ ընտանիքներին սոցիալապես ապահովելու եւ որոշ արտոնություններ տրամադրելու հարցը:
-Այո՛, այդ խնդիրը պետք է մեկընդմիշտ լուծվի, եւ մոտեցումը չլինի այնպես, ինչպես 1994-ին էր. զոհվածների ընտանիքների անդամները հրադադարից հետո չպետք է իրենց որբացած զգան գոնե հայրենիքում: Նրանց պետք է տալ հատուկ կարգավիճակ, ուսում, բուժում ստանալու համար արտոնություններ, որպեսզի վերջիններս հասկանան, որ երկիրը փոխարինում է իրենց հիմնական ստնտուին:
-Մեր Արտգործնախարարության քայլերը, ըստ Ձեզ, որքանո՞վ էին արդյունավետ վերջին տարիների համար աննախադեպ այս իրավիճակում:
-Ես տարբեր երկրներում բազում ընկերներ ունեմ, եւ նրանք ինձ հետ զրույցում մի բան էին պնդում, որ այս օրերին հայկական կողմից անգլալեզու պաշտոնական հայտարարություն չհնչեց, իսկ ռուսալեզու հայտարարություններն էլ ռուսական կողմն էր անում` հավասարության նշան դնելով Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, մինչդեռ Թուրքիան իր հայտարարություններով միանշանակ զորակցում եւ աջակցում էր Ադրբեջանին: Մինչ ադրբեջանցիները ապատեղեկացնում էին ամբողջ աշխարհին` ներկայանալով զոհի կարգավիճակում, մենք չէինք կարողանում կանխել դա: Այս առումով շատ բացեր ունենք, որոնք պետք է լրացնել:
-ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը շեշտել է, որ հակառակորդի այս ագրեսիան եւս մեկ անգամ ապացուցեց Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը: Տարբեր երկրներում հայերը բողոքի ցույցեր են անցկացնում: Արցախին զորակցում են Ֆրանսիայի, Ավստրիայի, Հունաստանի եւ այլ երկրների հայերը: Անգամ Փարիզում Ադրբեջանի դեսպանատան առջեւ հայական «Նոր սերունդ» երիտասարդական կազմակերպության հանրահավաքի ժամանակ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել, երբ երիտասարդները փորձել են ավելի մոտենալ դեսպանատանը: Սփյուռքի այս քայլերի արդյունավետությունն ինչպե՞ս եք գնահատում:
-Իհարկե, նման դրսեւորումներ կան, այդ ցույցերը տեղին են, բայց անպտուղ կդառնան, եթե չվերածվեն գործողության: Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ հանուն Հայաստանի սփյուռքը դրամահավաք անցկացրեց, զարդեր զոհաբերեց, որ ստեղծվի տանկային շարասյուն: Այսօր էլ մենք նման զոհաբերության կարիք ունենք: Ուստի համայն հայությանը կոչ եմ անում գնալ գործնական քայլերի, այլապես բոլոր խոսքերը կդառնան ձայն բարբառո հանապատի:
ՍՐՃԱՐԱՆՆ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՆՈՒՄ ԵՆ, ՇԱՏՐՎԱՆՆԵՐՆ` ԱՂԱՎԱՂՈՒՄ
Հանրապետության հրապարակին հարակից Վազգեն Սարգսյան փողոցի միջանկյալ պուրակում «Էրեբունի-Երեւան 2750» շատրվանային համալիրի տեսքն աղավաղվում է: Այս մասին ահազանգում են մայրաքաղաքի պատմական կառույցներով մտահոգ քաղաքացիները: Շատրվանը պատվում է մետաղական կոնստրուկցիաներով, որոնք, ըստ շրջանառվող խոսակցությունների, կառուցվում են տեղում գործող ամառային սրճարանի համար:
«Ասում են, թե քաղաքի տղա եք, եւ պարզապես անհնար է, որ Ձեզ էլ դուր չգար մշակութային այս կոմպոզիցիան, բայց քաղաքապետարանի վարած քաղաքականությունը կարծես այլ բանի մասին է խոսում։ Տպավորություն է, թե քաղաքապետարանի համար ընդունելի է, որ այս շատրվանները «վետերոկի» մասի վերածեն։ Համենայն դեպս, արդեն ողջ թափով շինարարություն է ընթանում, ու հարակից սրճարանի «կարկասները» արդեն հենց շատրվանների կողքին են»,- Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին Facebook սոցցանցի իր էջում դիմել է մեր քաղաքացիներից մեկը` կոչ անելով կանգնեցնել «այդ խայտառակությունը»:
«Ժողովուրդ»-ը փորձեց թեմայի շուրջ մեկնաբանություն ստանալ Երեւանի քաղաքապետարանից: Երեւանի քաղաքի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանը մեր գրավոր հարցմանն ի պատասխան՝ նշել է. «Արձագանքելով Վ. Սարգսյան փողոցին հարակից այգու շատրվանների պահպանման առնչությամբ շրջանառվող մտահոգությանը՝ հայտնում եմ, որ «Էրեբունի-Երեւան 2750» շատրվանների հարեւանությամբ իրականացվում են տվյալ տարածքում երկար տարիներ գործող բացօթյա սրճարանի արդիականացման աշխատանքներ: Նաեւ նշեմ, որ իրականացվող արդիականացման աշխատանքների շրջանակում շատրվանների արտաքին տեսքի փոփոխման միջամտություն կամ այլ շինությունների կառուցում չի նախատեսվում»:
Ճարտարապետը նաեւ հարկ է համարել հիշեցնել, որ տարիներ առաջ կառուցված տվյալ սրճարանի նախկին տեսքը ոչ միայն աղավաղում էր այգու եւ շատրվանների տվյալ հատվածի ամբողջ տեսքը, այլեւ տեխնիկապես ավելի ապահով եւ այգուն համահունչ դարձնելու կարիք ուներ:
Մենք զրուցեցինք նաեւ մշակույթի նախարարության պատմության եւ մշակույթի պահպանության գործակալության Երեւանի տարածքային բաժնի պետ Կարո Այվազյանի հետ: Նա առաջարկեց շատրվանների հարցով դիմել քաղաքապետարան, քանի որ շատրվանային համալիրն ընդգրկված չէ Երեւան քաղաքի պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում:
Հիշեցնենք, որ «Էրեբունի-Երեւան 2750» շատրվանային համալիրի վերաբացումը կայացել էր 2012 թվականի ապրիլին, իսկ դրա պաշտոնական բացումը տեղի է ունեցել 1968թ.-ին:
Նյութերը՝ ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ
ԱՂՈԹՈՒՄ Է
Լեռնային Ղարաբաղի հանրապետությունում տիրող լարված իրավիճակն անհանգստացնում է աշխարհի տարբեր ծայրերում բնակվող հայերին: Բացառություն չէ նաեւ Հոլիվուդում հայտնի դերասան Մայքլ Գուրջյանը: News.am style-ը կապ է հաստատել ամերիկահայ դերասանի հետ` պարզելու նրա կարծիքը ստեղծված իրավիճակի մասին. «Աղոթում եմ բոլոր նրանց համար, ովքեր զոհվել կամ վիրավորվել են Լեռնային Ղարաբաղում: Ես դերասան եմ, ոչ թե քաղաքական գործիչ, հետեւաբար չեմ կարող որեւէ լուծում առաջարկել այս իրավիճակի դեպքում: Միայն կարող եմ ասել, որ ուժն ու սերը չպետք է զատել: Անհրաժեշտ է, որ այս երկու երեւույթներն էլ լինեն բոլոր հայերի սրտերում»,- նշել է նա:
Հիշեցնենք, որ Մայքլ Գուրջյանը «Illusion» («Պատրանք» 2004թ) ֆիլմի ռեժիսորն է, այդտեղ նա նկարահանվել է լեգենդար դերասան Քըրք Դուգլասի հետ: Դերասանը նկարահանվել է նաեւ այնպիսի աստղերի հետ, ինչպիսիք են Քրիստիան Բեյլը («Նորություններ վաճառողները» 1992թ.), Ռոբերթ Դաունի կրտսերը («Չափլին» 1992թ.), Մել Գիբսոնը («Միշտ երիտասարդ» 1992թ.) եւ Մորգան Ֆրիմանը («Հորդառատ անձրեւ» 1998թ):
ՖՈՒԼՀԱՈՒՍՑԻՆԵՐՆ ԷԼ ՄԻԱՑԱՆ
Արդեն հայտնի է, որ «Պանարմենիան Մեդիա Գրուպ»-ը, որի կազմի մեջ է մտնում նաեւ «Արմենիա հեռուստաընկերությունը», իր աշխատանքների հիմնական տեղակայումը տեղափոխել է Ստեփանակերտ եւ այնտեղից եթեր է հեռարձակում իր նախագծերը:
Այսպիսով` Արցախում է նաեւ «Ֆուլ հաուս» սիթքոմի անձնակազմը: Դերասան, սցենարիստ Գրիգոր Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում նոր լուսանկար է հրապարակել, որտեղ իր գործընկերների հետ Ստեփանակերտում է, եւ կատարել է հետեւյալ գրառումը. «Արցախի երկինքն այսօր խաղաղ է, հուսանք` խաղաղ էլ կմնա, բայց միշտ պետք է զգոն լինենք ու լինենք Արցախի կողքին, որովհետեւ ամեն րոպե կարող է իրավիճակը փոխվել»։ Նա նաեւ հավելել է, որ իրենք պատրաստ են կանգնել մեր քաջ զինվորների կողքին:
ՆՇԱՆԱԴՐՎԵԼ Է
Ամերիկյան ռեալիթի շոուների հայազգի աստղ Քիմ Քարդաշյանի եղբայրը` ոչ պակաս հայտնի աստղ Ռոբ Քարդաշյանը, եւ մոդել, գիշերային ակումբի պարուհի Բլեք Չայնան նշանադրվել են: Այս մասին հայտնի է դարձել վերջինիս ինստագրամյան էջից, որտեղ Չայնան պարծեցել է իր ադամանդե մատանիով: Ըստ տարածված լուրերի՝ այն արժի 325 հազար դոլար։ Քարդաշյանների ընտանիքից ոչ ոք չի մեկնաբանել այս լուրը:
Հիշեցնենք, որ Բլեք Չայնան ռեփեր Թայգայի նախկին ընկերուհին է, իսկ ռեփերի հետ այժմ հանդիպում է Ռոբ Քարդաշյանի քույրը` Քայլի Ջեները: Ասում են` Քայլին դավաճանություն է համարում այն, որ Ռոբը հանդիպում է իր մրցակցուհու հետ, եւ վստահ է, որ Բլեքը օգտագործում է նրան: