Ադրբեջանական կողմի գործողությունները նախօրոք պլանավորված էին. Անդրանիկ Քոչարյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հարցազրույց 1991-95թ.թ. ՊՆ փոխնախարար Անդրանիկ Քոչարյանի հետ

-Պարո՛ն Քոչարյան, սահմանային վերջին իրադարձությունների հետ կապված կցանկանայի Ձեր տեսակետն իմանալ: Ըստ Ձեզ, ինչի՞ց սկսվեց, ինչո՞վ կավարտվի այն:

-Ամեն ինչ սկսվել է դեռ տարիներ առաջ եւ այս կոնֆլիկտը իր բնականոն վիճակին հասել է 1994 թվականի խաղաղության մասին պայմանագրի ստորագրումով: Մենք` Հայաստանի պետությունը, Հայաստանի, Արցախի զինված ուժերը հակառակորդին այդ ժամանակ պարտադրել ենք խաղաղության: Ուրիշ բան է, որ այդ խաղաղությունն անընդհատ պահելը եղել է շատ դժվար, որոշակի խախտումներով մինչեւ հիմա, եղել են բռնուկումներ, որոնք որեւէ հաջողության չի բերել հակառակորդի բոլոր գործողությունները: Այս գործողությունները, որ հիմա տեղի է ունենում նախօրոք պլանավորված գործողություններ էին, որոնք, բնականաբար, ունենին իրենց քաղաքական նպատակները: Բայց դրանք, իմ խորին համոզմամբ, քաղաքական որեւէ խնդիր չլուծեցին, բացի այն խնդրից, որ քաղաքական Ղարաբաղի թեման, Ղարաբաղի ստատուս-քվոյի փոփոխությունը նորից դարձվեց քննարկման առարկա: Հիմա տեսնենք դեպքերը ոնց կզարգանան եւ ինչպիսի զարգացումներ կունենան թե՛ մեր սահմաններին, եւ թե՛ քաղաքական քննարկումների արդյունքում:

-Նշվում է հնարավոր հրադադարի մասին եւ այդ ուղղությամբ աշխատանքներ են տարվում: Ըստ Ձեզ հրադադարի ինչպիսի՞ պայմանգիր է մեզ ձեռնտու:

-Մենք պետք է շարժվենք 1994 թվականի հրադադարի պայմանագրով, եւ հիմա այս մարտական գործողությունների դադարեցման մասին պայմանավորվածությունները դեռ պայմանագիր չեն, դրանք կնքվել են Մոսկվայում չգիտես ինչու Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի եւ Ադրբեջանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետերի կողմից: Ես կարծում եմ, որ պետք է պահվեր 1994 թվականի ձեւաչափը: Եւ եթե նույնիսկ խոսում ենք կարճատեւ զինադադար հաստատելու մասին, ապա դրան պետք է անպայման մասնակից լինի Արցախի զինված ուժերի ղեկավարությունը: Ես կարծում եմ, որ այս ձեւաչափը խախտել է 1994 թվականի պայմանագրով նախատեսված Արցախի մասնակցություն մասին ստորագրությունը:

-Ցավոք, որոշ տարածքներ դեռ գտնվում են Ադրբեջանի տարածքում: Արդյո՞ք այս հրադադարից հետո ճիշտ կլինի թողնել նրանց այդ տարածքները:

-Այդ մասին խոսելը դեռ վաղաժամ է, որովհետեւ կարող են մեկ-երկու դիրքեր լինել, որոնք անցել են հակառակորդի ձեռքը, վաղը այդ դիրքերը կանցնեն մեր ձեռքը: Պարզապես պետք է հասնել նրան, որպեսզի հրադադարի ռեժիմը պահպանվի եւ մինչեւ վերջնական պայմանագրի ստորագրումը մեր սահմանները եւ անվտանգության գոտին լինեն անառիկ:

-Պարո՛ն Քոչարյան, անընդհատ անօդաչու սարքերով Ադրբեջանը աշխատում Հայաստանի ու Արցախի տարածքում: Արդյո՞ք անօդաչու սարքերի դեմ պայքարելու համար համապատասխան մեխանիզմներ չենք կարող կիրառել:

-Բնականաբար ցանկացած սարք, որն օգտագործվում է մեր դեմ դրան անպայման կլինի հակասարքը: Եւ եթե այդ անօդաչու սարքերն այսօր կարողանում են ինչ-ինչ գործողությունների մեջ օգտագործել շատ կարճ ժամանակում Հայաստանի զինված ուժերը պետք է խնդիր ձեւակերպեն եւ գտնեն այդ լուծումները, թե ինչպես վերացնեն անօդաչու սարքերը: Կարծում եմ դրա լուծումներն էլ կգտնվեն եւ պետք է մտածել ոչ թե նրանց նոր սարքով պատասխան տալու, այլ մենք պետք է կարողանանք պլանավորել մեր պաշտպանական համակարգի զարգացումը այնպես եւ այնպիսի տեմպերով, որ բոլոր տեսակի սպառազինությունները չկարողանան թուլացնել մեր հենակետերը: Մեր զինվորների ծառայությունը պետք է լինի հնարավորինս պաշտպանված նաեւ այդ զինատեսակներին մեր ունեցած պաշարը ավելացնելու միջոցով:

-Հայաստանում մի շարք գիտնականներ եւ ֆիզիկոսներ կարող են ստեղծել սենսորային գերզգայուն համակարգեր, որոնք հնարավորինս կկարողանան կանխել թշնամու տեղաշարժը: Արդյո՞ք չարժի նման համակարգեր ձեռք բերելու ուղղությամբ մտածել:

-Գիտնականների կողմից հայտնաբերված բոլոր արդիական միջոցները, սարքերը կամ մշակված ծրագրերը պետք է կյանքի կոչվեն, եթե միտված են մեր զինվորների անվտանգությունն ապահովելու համար: Այստեղ խնդիրը գերզգայուն սարքերի տեղադրման մեջ չէ: Այդպիսի տեղեկատվություն ունենալ այսօր էլ կարելի է: Այսօրվա գիտության զարգացման պայմաններում, երբ տիեզերքի ամեն մի քառակուսի մետրը տարբեր տերություններ ունենում են նկարահանման հնարավորություններ, ինչպես նաեւ մեր  «դաշնակից» Ռուսաստանի զինված ուժերը, կարծում եմ, որ պարտավոր են մեր հետ կիսվել այդպիսի ինֆորմացիա, որը հնարավորություն կտա մեր զինված ուժերին օր առաջ կամ ժամ առաջ տեղեկատվություն ունենալ հակառակորդի տեղաշարժերի մասին, որպեսզի մենք կարողանաք դրան հակազդող գործողություներ մշակել եւ այն ինչ որ տեղի ունեցավ մի քանի օր առաջ այլեւս չկրկնվի: Իսկ եթե նրանք ինչ-ինչ պատճառներով մեզ հետ նման տեղեկատվությամբ չեն կիսվում, բանկանաբար, այդ խնդիրը մենք ինքներս պետք է փորձենք լուծել` մեր գիտնականների, մեր հնարավորությունների սահմաններում:

ԱՐՓԻՆԵ ԹՈՎՄԱՍՅԱՆ




Լրահոս