ԼՂՀ և ՀՀ խորհրդարանականները քննարկել են ադրբեջանական ագրեսիայի հետևանքով առաջացած հումանիտար խնդիրները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՂՀ Ազգային ժողովում ապրիլի 8­ին տեղի է ունեցել Արցախի և Հայաստանի խորհրդարանների պետական­ իրավական հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը, որը վարում էին հանձնաժողովների նախագահներ Հովիկ Ջիվանյանը և Հովհաննես Սահակյանը: Նիստում քննարկվել են ադրբեջանական ագրեսիայի հետևանքով առաջացած հումանիտար խնդիրները։ Ինչպես «Արմենպրես»­ին տեղեկացրին ԼՂՀ Ազգային ժողովի մամուլի ծառայությունից, համատեղ նիստն սկսելուց առաջ պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգել են այս օրերին հայրենիքի սահմանները պաշտպանելիս զոհված տղաների հիշատակը:

Ծառայության հաղորդագրությունում նաև նշված է. «Նիստի մասնակիցները մտքեր են փոխանակել ու համակողմանիորեն քննարկել ապրիլի 2­5-­ը ղարաբաղա­ադրբեջանական սահմանին հակառակորդի նախաձեռնած լայնամասշտաբ ռազմական գործողությունների արդյունքում խաղաղ բնակչության հանդեպ բռնարարքների, այդ թվում՝ վայրագ սպանությունների, ինչպես նաև հայկական բնակավայրերի հրետակոծության հետևանքներն ուսումնասիրելու և միջազգային ատյաններին ներկայացնելու հարցերը: Նիստին մասնակցել են ԼՂՀ ԱԺ պատգամավորներ, ԼՂՀ մարդու իրավունքների պաշտպան Յուրի Հայրապետյանը, ԼՂՀ արդարադատության նախարար Արարատ Դանիելյանը և ՀՀ ԱԺ պատգամավորներ Էդմոն Մարուքյանը, Լևոն Մարտիրոսյանը ու Զարուհի Փոստանջյանը: ԼՂՀ մարդու իրավունքների պաշտպան Յուրի Հայրապետյանն ամփոփ ներկայացրել է ՄԻՊ գրասենյակի կողմից այս օրերին կատարած աշխատանքները և մատնանշել այն խոչընդոտները, որոնց հետևանքով Արցախն ուղիղ կերպով չի կարողանում դիմել միջազգային կառույցներին:

ԼՂՀ արդարադատության նախարար Արարատ Դանիելյանը տեղի ունեցածը առաջարկել է դիտարկել միջազգային կոնվենցիաների ընձեռած հնարավորությունների շրջանակներում և խորհուրդ տվել ծրագրել եվրոպական կառույցներում համապատասխան աշխատանքներ իրականացնելու քայլերը: Համատեղ քննարկումների արդյունքում որոշվել է վերոնշյալ հարցերի հետ առնչություն ունեցող պետական մյուս կառույցների հետ համակարգել փաստերի հավաքագրման աշխատանքները և նախապատրաստվել միջազգային ատյաններում դրանք ներկայացնելու համար: ՀՀ Աժ պատգամավորական պատվիրակությանն այնուհետև ընդունել է ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը: Հանդիպմանը ներկայացվել են նիստի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները և առաջիկա աշխատանքների ուղղությունները: Խորհրդարանի ղեկավարն իր գործընկերներին տեղեկացրել է, որ նախորդ օրերին Արցախի պատգամավորները նույնպես քննարկել են ադրբեջանական ագրեսիայի հետևանքների ուսումնասիրման հետ կապված խորհրդարանական հատուկ հանձնախումբ ստեղծելու գաղափարը և այն արդեն ուրվագծվել է:

ՀՀ և ԼՂՀ խորհրդարանականների միջև ձեռք է բերվել այս հարցերում փոխգործակցությունն ակտիվացնելու և նախանշված ուղղություններով կոնկրետ քայլեր ձեռնարկելու պայմանավորվածություն»:




Լրահոս