
«Ժառանգության» նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարել է, թե օգոստոսի 1-ից 22-ը հավաքներ է անելու: Մինչդեռ ԺԿ փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը «Ժողովուրդ»-ին փոխանցեց, որ դեռ հստակ չէ, թե երբ են սկսվելու հանրահավաքները. «Պարոն Հովհաննիսյանն օրակարգ ներկայացրեց, եւ դրա շրջանակներում հնարավոր է՝ ինչ-որ մի պահի հանրահավաք անցկացվի, ուստի մենք այդ հայտերը ներկայացրել ենք: Դա չի նշանակում, որ պարտադիր հանրահավաք անցկացվի, բայց նշանակում է, որ կարող է ինչ-որ մի օր մենք հայտարարենք, որ լինելու է»: Իսկ ինչո՞ւ նույն Հովհաննիսյանը հիասթափեցրեց հազարավոր քաղաքացիների՝ պայքարը կիսատ թողնելով եւ ՀՀ ոստիկանապետի հետ աղոթելով: Այս հարցին Մարտիրոսյանը պատասխանեց. «Եթե անիմաստ տեղը տաներ, մի 20 հոգի զոհվեր, արդեն լուրջ կվերաբերվեին, չէ՞: Մի մասը ցանկանում էր արյուն տեսնել, մի մասն էլ ուզում էր ուրիշի ձեռքերով շագանակ հանել կրակից, բայց շատ քչերն էին ուզում պայքարել: Գայիք, կողքը կանգնեիք, իր հետ աղոթեիք կամ պայքարեիք»: