ԿԱՐՈՂ Է ՊԱՏԱՀԻ` ՀԱՆՐԱՀԱՎԱՔ ԼԻՆԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժառանգություն» կուսակցությունը պատրաստվում է օգոստոսի 1-ից 22-ը հավաքներ անցկացնել Ազատության հրապարակում: Քաղաքապետարանն արդեն արտոնել է նշված օրերին անցկացվելիք հանրահավաքները: Թե ինչու «Ժառանգություն»-ը որոշեց ակտիվանալ ու հանրահավաքներ անցկացնել Ազատության հրապարակում, «Ժողովուրդ»-ը փորձեց պարզել «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանից:
-Պարո՛ն Մարտիրոսյան, ինչո՞ւ «Ժառանգություն»-ը որոշեց ակտիվանալ հենց օգոստոսի 1-ից: Ի՞նչ ծրագրեր ունի կուսակցությունը, որոնք պատրաստվում է ներկայացնել հանրահավաքի ժամանակ:
-Ոչ թե օգոստոսի 1-ից ակտիվություն է լինելու, այլ օգոստոցի 1-ից մենք ընդամենը հայտեր ենք ներկայացրել հանրահավաք անցկացնելու համար, որովհետեւ պարոն Հովհաննիսյանը մոտ երկու շաբաթ առաջ՝ ասուլիսի ժամանակ, քաղաքական օրակարգ ներկայացրեց: Եվ այդ շրջանակում մենք հնարավոր ենք համարում, որ ինչ-որ պահի կարող է հանրահավաք լինել: Բայց քանի որ մեզ մոտ օրենքը չի կարգավորում հրատապ հանրահավաքների հարցը, ու որպեսզի մենք իրավական առումով որեւէ խնդրի առջեւ չկանգնենք, մենք այդ օրերի համար քաղաքապետարանին հայտ ենք ներկայացրել: Որպեսզի այն պահին, երբ մենք նպատակահարմար գտնենք հանրահավաք անցկացնել Ազատության հրապարակում, այն  ինտերակտիվ կերպով համապատասխանի այդ կարգավիճակին:
-Բայց եթե որոշվի հանրահավաքի օրը, Դուք կոնկրետ օրակարգ ունե՞ք, որը պետք է ներկայացնեք հանրահավաքի ժամանակ:
-Հանրահավաքների օրակարգ գոյություն չունի, քանի որ օրերս պարոն Հովհաննիսյանը օրակարգ ներկայացրեց, եւ այդ օրակարգի շրջանակներում գտնում ենք, որ հնարավոր է՝ ինչ-որ մի պահի հանրահավաք անցկացվի, ուստի մենք այդ հայտերը ներկայացրել ենք:
-Մի քանի ամիս առաջ ժողովուրդը դուրս էր եկել փողոց, պահանջում էր, որպեսզի «Ժառանգության» առաջնորդը հեղափոխություն իրականացնի, սակայն Ր. Հովհաննիսյանը չարեց դա, Դուք ուշացած չե՞ք համարում Ձեր կուսակցության հանրահավաքները:
-Ժողովուրդը մշտապես էլ Ր. Հովհաննիսյանի եւ «Ժառանգության» կողքին է եղել, մենք մշտապես էլ ժողովրդի կողքին ենք եղել, այդ ժամանակ քաղաքական պայքարն այդ ձեւով ավարտվեց, բայց դա չի նշանակում, որ մեր պայքարը կարճաժամկետ է: Առավել եւս, որ իրավիճակն օր օրի է վատթարանում, միայն արտագաղթը բավական է, որպեսզի միասնության կոչ անենք: Ուստի ցանկացած պահի պայքարը ճիշտ է եւ ժամանակավրեպ չէ, առավել եւս Ր. Հովհաննիսյանի եւ «Ժառանգության» պարագայում, որոնք մշտապես են պայքարում: Ես այժմ զգում եմ, որ արհեստական խնդիր է բարձրացվում:
-Բայց Ր. Հովհաննիսյանը պայքարը կիսատ թողեց ու մեկնեց ԱՄՆ` դասախոսություններ կարդալու: Մի՞թե այդ պահին դա անհրաժեշտ էր, ու չե՞ք կարծում, որ ժողովուրդը հիասթափվել է պարոն Հովհաննիսյանից:
-Դա պայքարի մի մասն էր, այնտեղ հայության հետ հանդիպեց, տարբեր հանդիպումներ ունեցավ, ճիշտ եք ասում` ժողովուրդը փողոց էր դուրս եկել, իսկ Ր. Հովհաննիսյանն իր խոսքն ասաց: Բայց այն զանգվածը, որ կարող է իրավիճակ փոխել, իհարկե մենք դեռ չունենք: Ես հույս ունեմ, որ քաղաքական ուժերը քարը փեշներից կթափեն, կհասկանան, որ սա այլեւս ոչ թե Ր. Հովհաննիսյանի կամ «Ժառանգության» խնդիրն է, այլ Հայաստանի ապագայի, ու համատեղ կփորձենք աշնանն այդ համահայկական օրակարգը կյանքի կոչել: Պարոն Հովհաննիսյանը Հանրապետական կուսակցությունից չէ, պարոն Հովհաննիսյանը «Ժառանգություն» կուսակցության առաջնորդն է, ու եթե «Ժառանգություն»-ը պայքարի մեջ է, ուրեմն նշանակում է, որ պայքարի մեջ է Ր. Հովհաննիսյանը:
-Հասարակությունը սկսեց լուրջ չվերաբերվել Ր. Հովհաննիսյանին, երբ նա, ժողովրդին թողնելով «կրակի բերանում», որոշեց գնալ ու աղոթել, ինչպես ինքն է ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին կոչում` «զորավարի» հետ:
-Եթե պարոն Հովհաննիսյանն անիմաստ տեղը տաներ, մի 20 հոգի զոհվեր, պարոն Հովհաննիսյանին արդեն լուրջ կվերաբերվեին, չէ՞: Մի մասը ցանկանում էր արյուն տեսնել, մի մասն էլ ուզում էր ուրիշի ձեռքերով կրակից շագանակ հանել, բայց շատ քչերն էին ուզում պայքարել: Դրա մասին այն մարդիկ են խոսում, որ մինչեւ այդ չկային, հիմա էլ խոսում են, որ գնաց աղոթելու… գայիք, կողքը կանգնեիք, իր հետ աղոթեիք կամ պայքարեիք, ոչ թե հեռու կանգնած՝ խոսեիք: Մարդիկ չեն ուզում պայքարել, այլ փորձում են ցեխ շպրտել:
-Իսկ մյուս ընդդիմադիր ուժերին պատրաստվո՞ւմ եք հրավիրել Ձեր առաջիկա հանրահավաքին:
-Ոչ թե պատրաստվում ենք, այլ պարոն Հովհաննիսյանն արդեն հայտարարել է, սա կլոր սեղան է՝ բաց օրակարգով: Այսինքն՝ սա այն պահը չէ, որ ասում ենք՝ եկե՛ք, միացե՛ք մեզ, մենք ասում ենք՝ եկե՛ք բոլորով միանանք, եթե անգամ այս ամենը չեն լսում ու շարունակում են ցեխ շպրտել, ապա կարող են շարունակել դա անել: Օրինակ՝ ազատամարտիկների այս օրերի բողոքի ակցիաներին, ուղեվարձի խնդրի հետ կապված հարցին «Ժառանգություն»-ը մասնակցություն ունեցել է, բոլոր տեղերում եղել ենք, այնպես որ, մենք կոչ ենք անում միասնական օրակարգով առաջ գնալ:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս