123 ՀԱԶԱՐ ԱՐՏԱԳԱՂԹՈՂ՝ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՃԻ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում իրավիճակը գնալով դառնում է պարզապես աղետալի, եւ չափազանցրած չենք լինի, եթե ասենք, որ երկիրը հայտնվել է անդունդի եզրին: Այս մասին են վկայում անգամ պաշտոնական վիճակագրական տվյալները, համաձայն որոնց` Հայաստանի ժողովրդագրական վիճակը գնալով դառնում է մտահոգիչ: Ավելին, ակնհայտ է, որ Սերժ Սարգսյանի իշխանությունը ոչ միայն չի կարող շտկել իրավիճակը, այլեւ ընդհակառակը` ահագնացող պատկերը ձեւավորվել է հենց իրենց պաշտոնավարման ժամանակ:
Եվ այսպես, ԱՎԾ-ն հրապարակել է Հայաստանի սոցիալ-տնտեսական վիճակի վերաբերյալ այս տարվա առաջին կիսամյակի վիճակագրական տվյալները: Ըստ այդմ, առաջին վեց ամիսների ընթացքում Հայաստանից հեռացել է 618 հազար 52 եւ վերադարձել 494 հազար 749 ՀՀ քաղաքացի: Արդյունքում՝ Հայաստանից արտագաղթած ՀՀ քաղաքացիների թիվը կազմել է 123 հազար 303, այնինչ 2012թ. նույն ժամանակահատվածում այդ թիվը շատ ավելի քիչ էր` 99 հազար 255: Նշենք, որ Հայաստանից հիմնականում հեռացել են Բագրատաշենի անցակետով` ավտոբուսներով ու միկրոավտոբուսներով: Այստեղ բացասական մնացորդը կազմում է -60 հազար 716 ՀՀ քաղաքացի, երկրորդ տեղում «Զվարթնոց» օդանավակայանն է` -50 հազար 305: Թեեւ այս պատկերը մտահոգիչ է, բայց այն սպասելի էր. անզեն աչքով անգամ կարելի է դիտել, թե ինչպես է դատարկվում երկիրը: Ու հիմա պաշտոնական վիճակագրությունը գալիս է թվերով ամրապնդելու եղած պատկերը: Ընդ որում, հարկ է ընդգծել, որ Հայաստանը նման տեմպերով դատարկվում է խաղաղության պայմաններում, երբ, ըստ իշխանությունների, երկրում նույնիսկ տնտեսական աճ է գրանցվում: ԱՎԾ-ի տվյալների համաձայն՝ այս տարվա առաջին կիսամյակում տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 4,4 տոկոս: Թե ինչպես կարող է նման տեմպերով զարգացող երկրում զուգահեռ զարգանալ արտագաղթը, մնում է անհասկանալի:
Ժողովրդագրական իրավիճակի տխուր պատկերն ավելի ակնառու է ծնելիության եւ մահացության ցուցանիշների ֆոնին: Իսկ Հայաստանում ծնելիությունը վերջին տարիներին հետեւողականորեն նվազում է: Այս տարվա առաջին կիսամյակում ծնվել է 18 հազար 802 երեխա, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում՝ 19 հազար 330: Ասել է թե՝ մոտ 3 տոկոս պակաս: Ծնվածների թիվը նվազել է նաեւ 2011թ. առաջին կիսամյակի համեմատ. 2011թ. ծնվածների թիվը կազմել է 19 հազար 995: Բարեբախտաբար, որոշակի նվազել է մահացությունների թիվը. այս տարի՝ 14 հազար 310, նախորդ տարի՝ 14 հազար 960 մարդ: Այս ամենի հանրագումարում բնական հավելաճը՝ ծնվածների ու մահացածների թվի տարբերությունը, այս տարվա առաջին կիսամյակում կազմել է 4 հազար 492 մարդ: Խոստովանենք՝ մտահոգիչ է, մանավանդ երբ այդ ցուցանիշը համեմատում ես արտագաղթածների թվի հետ. Հայաստանից հեռացել է 123 հազար 303 մարդ, իսկ բնական հավելաճը կազմում է դրա ընդամենը 3,6 տոկոսը:
Ըստ ԱՎԾ-ի՝ այս տարվա ընթացքում նվազել է ամուսնությունների, եւ աճել՝ ամուսնալուծությունների թիվը: 2013թ. գրանցվել է 8 հազար 822 ամուսնություն, այնինչ նախորդ տարվա առաջին կիսամյակում ամուսնությունների թիվը եղել է 9 հազար 217, այսինքն՝ 4,3 տոկոսով ավելի: Այս տարի գրանցվել է ամուսնալուծության 1822 դեպք՝ նախորդ տարվա 1596-ի փոխարեն: Այլ կերպ ասած՝ ամուսնալուծություններն աճել են 14,2 տոկոսով:
Եվս մեկ մտահոգիչ փաստ. այս տարի ավելացել է նաեւ ինքնասպանություն եւ ինքնասպանության փորձ կատարած անձանց թիվը. կյանքին ինքնակամ վերջ է տվել կամ փորձ արել 377 մարդ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 6-ով ավելի է: Ընդ որում, այս քայլին դիմել են մեծամասամբ 30-65 տարեկանները: ԱՎԾ տվյալների համաձայն՝ ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ կատարած անձանց մեծամասնությունը եղել է արական սեռի ներկայացուցիչ, հիմնականում՝ գործազուրկ:
Ի դեպ, հարկ է ընդգծել, որ բացասական ցուցանիշների այս տեմպերն ամենեւին էլ նորություն չեն. այս պատկերն է 2008թ. սկսած՝ Սերժ Սարգսյանի նախագահության եւ Տիգրան Սարգսյանի վարչապետության ողջ ընթացքում: Այնպես որ, այսքանից հետո ամենեւին չպետք է զարմանալ, եթե եւս հինգ տարի անց պարզվի, որ Հայաստանն այլեւս չունի մարտահրավերներին դիմագրավելու ռեսուրսներ:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս