ԼՂՀ դատախազը` Ադրբեջանի վայրագությունների մասին. քննիչները զննություն են իրականացնում Մարտակերտում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՂՀ գլխավոր դատախազության հետաքննության եւ նախաքննության օրինականության հսկողության բաժնի պետ, ապրիլի 2-ին Ադրբեջանի կողմից վայրագությունների փաստի առթիվ հարուցված քրեական գործը հսկող դատախազ Կարեն Գաբրիելյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ այս օրերին ԼՂՀ քննիչները զննություն են իրականացնում Մարտակերտ քաղաքում:

Հիշեցնենք, որ 2016թ ապրիլի 4-ին ԼՂՀ գլխավոր դատախազ Արթուր Մոսիյանի կողմից հարուցվել է քրեական գործ՝ ԼՂՀ քրեական օրենսգրքի 410-րդ հոդվածի 2-րդ մասի, 413-րդ առաջին մասի, 416 հոդվածի 1-ին մասին առաջին կետով, 416-րդ հոդվածի երկրորդ մասի առաջին եւ վեցերորդ կետով, 416 հոդվածի 3-րդ մասի երկրորդ կետով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով, այսինքն՝ Ադրբեջանի հանրապետության կողմից ագրեսիվ պատերազմ սանձազերծելու՝ զինված ընդհարումների ժամանակ միջազգային մարդասիրական խախտումների փաստերի առթիվ, որոնք արտահայտվել են Ադրբեջանի հանրապետության զինված ուժերի կողմից շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով եւ առանձին դաժանությամբ` սպանություններով եւ գույքի ոչնչացմամբ:

«Ժողովուրդ»-ը հարուցված քրեական գործի քննության ընթացքի մասին զրուցեց ԼՂՀ գլխավոր դատախազության հետաքննության եւ նախաքննության օրինականության հսկողության բաժնի պետ, ապրիլի 2-ին Ադրբեջանի կողմից վայրագությունների փաստի առթիվ հարուցված քրեական գործը հսկող դատախազ Կարեն Գաբրիելյանի հետ:

-Պարո՛ն Գաբրիելյան, ի՞նչ փուլում է գտնվում գործի քննությունը:

-Քրեական գործի քննության համար ստեղծված է քննչական խումբ, որը կատարել է մի շարք քննչական գործողություններ, այդ թվում՝ փորձաքննությունների նշանակում եւ կատարում: Այս պահի դրությամբ իրականացվում են քննչական գործողություններ, այդ թվում՝ դեպքի վայրի զննություն, որոնք ուղղված են գույքի այդ մեծածավալ ոչնչացման հաստատմանը եւ պարզմանը:

-Ակնհայտ է, որ հակառակորդը կրակել է, օրինակ, «Սմերչ» զինատեսակով, իրավական ի՞նչ ընթացք է ձեւակերպվելու:

-Ուրեմն միջազգային զինված ընդհարումների զոհերի պաշտպանության մասին 1949 թվականի օգոստոսի 12-ին Ժնեւի կոնվենցիա կա հաստատված: Այդ կոնվենցիայի 51 հոդվածը սահմանում է քացաքացիական բնակչության պաշտպանության հարցը: Այսինքն՝ զինված ընդհարումների ժամանակ քաղաքացիական անձինք պաշտպանված են, ու զինված հարձակումների ժամանակ ոչ ընտրողական բնույթի հարձակումները արգելվում է: Այսինքն՝ այդպիսի ընդհարումների ժամանակ կարող են միայն հարձակվել ռազմական օբյեկտների վրա, իսկ, ահա, քաղաքացիական օբյեկտների, քաղաքացիների խաղաղ բնակիչների վրա հարձակումը արգելում է:

-Այսինքն՝ այս դեպքում, երբ հակառակորդը կրակել է նման զինատեսակից եւ այն էլ խաղաղ քաղաքացիների ուղղությամբ, Դուք կարո՞ղ եք պատասխանատվության կանչել:

-ԼՂՀ օրենսգրքի 416 հոդվածը սահմանում է զինված ընդհարումների ժամանակ միջազգային մարդասիրական իրավունքների լուրջ խախտումները, որը հղում է կատարում հենց Ժնեւի կոնվեցիայի 51-րդ կետը, որտեղ հստակ նշված է, որ արգելված է խաղաղ բնակչության եւ քաղաքացիական օբյեկտների վրա հարձակվելը:

-Այս պահի դրությամբ քանի՞ քաղաքացի է տուժող ճանաչվել, եւ կա՞ մեղադրյալ:

-Դեռ մեղադրյալի ինքնությունը պարզված չէ: Սպանվածների վերաբերյալ ունենք տվյալներ, որոնք 4-ն են ու ճանաչվել են տուժող: Նրանցից երեքը Թալիշ գյուղից է, որոնց սպանությունը, իրավաբանական լեզվով ասած, կատարվել է առանձին դաժանությամբ, այսպես ասած՝ ականջները կտրելով: Նրանցից երկուսը կանայք են, մեկը` տղամարդ: Իսկ մյուսը երեխա է, Մարտունու շրջանից: Դպրոցի վրա հրետակոծություն է կատարվել, ինչի հետեւանքով դպրոցական երեխա է մահացել, իսկ երկուսն էլ ստացել են մարմնական տարբեր վնասվածքներ:

-Ո՞ր բնակավայրերում է տեղազննություն իրականացվել, եւ կա՞ն տարածքներ, որտեղ հնարավոր չի եղել:

-Առայժմ տեղազննությունները իրականացվել են Թալիշ գյուղում, Մատաղիս գյուղում, ներկա պահին Մարտակերտ քաղաքում է իրականացվում: Քաղաքացիական բնակչության տեղանքի եւ քաղաքացիական օբյեկտների մասով տեղ չկա, որտեղ հնարավոր չլինի զննություն իրականացնել:

-Պարզ է, որ Ադրբեջանն է գնացել վայրագությունների՝ դաժանորեն սպանելով ԼՂՀ քաղաքացիներին, բայց ինչպե՞ս պետք է նրանց մեղադրանք առաջադրեք:

-Պետք է լինի կոնկրետ անձը, որ կներգրավվի որպես մեղադրյալ, կոնկրետ պիտի լինի անուն, ազգանուն, հայրանուն:

-Կկարողանա՞ք պարզել, թե ով եկավ սպանեց խաղաղ բնակիչներին եւ ով, առհասարակ, տարբեր զինատեսակով հարձակում իրականացրեց ԼՂՀ համայնքներ վրա:

– Ներկա փուլում չեմ կարող ասել:

-Չպարզելու դեպքում իրավական լուծումը ո՞րն է լինելու:

-Կոնկրետ ԼՂՀ քրեական դատավարության օրենսգրքի համաձայն՝ 31 հոդվածը սահմանում է, որ քրեական գործով վարույթը կարող է կասեցվել, եթե հայտնի չէ անձը, որը գործով պետք է ներգրավվի որպես մեղադրյալ կամ վերադարձել է Ադրբեջան, ապա գործը կասեցվում է:

-Իսկ հետախուզում հայտարարելու իրավական ընթացակարգը հնարավո՞ր է կիրառել:

-Եթե ԼՂՀ-ն միջազգային իրավունքի սուբյեկտ ճանաչված լիներ, ու մեզ հայտնի լինի անձի ինքնությունը, ապա կարող էինք հետախուզում հայտարարել, բայց …

Քնար Մանուկյան




Լրահոս