ՍԵՐՈՒՆԴՆԵՐԻՆ ԶՐԿՈՒՄ ԵՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԻՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Աշխարհը սպասում է տնտեսական ճգնաժամի երկրորդ ալիքին: Հավանական է, որ Հայաստանի համար այն աղետալի հետեւանքներ ունենա: Առաջին ալիքի հետեւանքը Հայաստանի համար եղավ 3,5 միլիարդ դոլարի պարտքը, ՀՆԱ-ն կրճատվեց 14,6 տոկոսով, կտրուկ ընկավ հումքային ապրանքների գինը, մասնավորապես զգալի հարված ստացավ հանքարդյունաբերությունը: Համաշխարհային տնտեսական ճգնաժամի ընթացքում ՀՀ-ի հանքարդյունաբերության ֆիզիկական ծավալը չկրճատվեց, սակայն միջազգային շուկայում մետաղների գնի անկման պատճառով արժեքային ցուցանիշը զգալիորեն նվազեց: 2009-ին արտահանումը կրճատվեց 34 տոկոսով, ներմուծումը` 25,3 տոկոսով: Ըստ վերլուծաբանների՝ մեր երկրի հանքարդյունաբերությունը չի կարող դիմակայել կանխատեսվող ճգնաժամին, քանի դեռ ՀՀ կառավարությունը չի փոխել իր քաղաքականությունն այս ոլորտում երկարաժամկետ ծրագրերի իրագործման առումով:

ՀԱՐՑ. Ի՞նչ եք կարծում, ի՞նչ նշանակություն ունի հանքարդյունաբերությունը Հայաստանի տնտեսության համար, եւ արդյո՞ք ՀՀ կառավարությունը ճիշտ քաղաքականություն է որդեգրել ոլորտը համաշխարհային երկրորդ ճգնաժամի ազդեցությունից հնարավորինս զերծ պահելու համար:

ՊԱՏԱՍԽԱՆ. Հանքարդյունաբերությունը՝ որպես Հայաստանի տնտեսության ճյուղ, տարիներ շարունակ ընդլայնվել է, սակայն տնտեսական ճգնաժամի ու համաշխարհային մետաղների գների բարձրացմանը զուգընթաց այն ավելի նշանակալի դեր է խաղացել ՀՆԱ-ի աճի մեջ: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ հանքարդյունաբերության արդյունքում սովորաբար մեծանում է եկամուտների անհավասար բաշխումը, եւ խորանում է աղքատությունը, մասնավորապես ՀՀ այն մարզերում, որտեղ առկա է հանքարդյունաբերական ոլորտը: Սա հակասում է հանքարդյունաբերության կողմնակիցների այն պնդմանը, թե այս ոլորտը ստեղծում է նոր աշխատատեղեր, ինչը մարզերում եւ առհասարակ երկրում ապահովում է միջինից մինչեւ երկարաժամկետ զարգացումներ: Հանքարդյունաբերական ոլորտի մեկ այլ ազդեցությունն աղքատության աճն է: Վերոշարադրյալից կարելի է ենթադրել, որ ՀՀ կառավարությունը լուրջ չի վերաբերում ոլորտի հիմնախնդիրներին: Իմ կարծիքով՝ համաշխարհային ճգնաժամի երկրորդ ալիքն անմիջական ու անբարենպաստ ազդեցություն կունենա ՀՀ հանքարդյունաբերության ծավալների, արտահանման եւ գնի վրա:

ՎԱԼԵՐԻ ԱՄԻՐԽԱՆՅԱՆ
տնտեսագիտության դոցենտ


ՊԱՏԱՍԽԱՆ.
Եթե մենք ուզում ենք հանքարդյունաբերությունը դարձնել ՀՀ տնտեսության առանցքային ոլորտ, ապա պետք է նաեւ զարգացնենք ճիշտ սոցիալ-տնտեսական քաղաքականություն, որի դեպքում թե՛ անմիջական համայնքները, թե՛ ամբողջ երկիրը կշահեն առավելագույնս: Առանց հանքարդյունաբերության ոլորտը կարգավորող համապատասխան քաղաքականության ու զսպող լծակների Հայաստանը կշարունակի քայլել հանքարդյունաբերական մի ճանապարհով, որը հարստացնում է մի քանի հոգու, իսկ ներկա ու ապագա սերունդների մեծամասնությանը զրկում է իրենց ժառանգությունից օգտվելու հնարավորությունից:

ԱՆԴՐԱՆԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆ
գիտությունների թեկնածու
Պատրաստեց ՍՈՒՍԱՆՆԱ
ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ




Լրահոս